կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-23 16:00
Քաղաքական

Դավադրություններ լինել չեն կարող. վարչապետը` իր և Ալիևի հանդիպման մասին

Դավադրություններ լինել չեն կարող. վարչապետը` իր և Ալիևի հանդիպման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով մանրամասներ հայտնեց Դավոսում իր և Իլհամ Ալիևի հանդիպման մասին: Նա  հիշեցրեց, որ այս հանդիպումը Ալիևի հետ արդեն թվով երրորդն էր, և երեքն էլ նախապես ծրագրված չեն եղել, իսկ Դուշանբեում ու Սանկտ Պետերբուրգում հավանականություն կար, որ կհանդիպեն, նույնքան էլ հավանականություն կար, որ չեն հանդիպի:

Ըստ Փաշինյանի` համանախագահների շփման համատեքստում ընդհանուր ըմբռում է եղել, իրենք էլ եկել են այն համաձայնության, որ այն միջոցառումներին, որոնց երկուսով մասնակցում են, չխուսափեն հանդիպումներից: «Երբ կա հանդիպելու և խոսելու առիթ, հանդիպենք և խոսենք, մանավանդ, որ ասել եմ` սրանք ոչ պաշտոնական հանդիպումներ, ոչ պաշտոնական զրույցներ են,  բանակցային գործընթացի պաշտոնական մեկնարկ և բանակցային գործընթացի պաշտոնական հանգրվան չեն»,- ասաց նա և ներկայացրեց, թե ինչպես է կայացել Դավոսի հանդիպումը:

«Դավոսի կազմակերպիչները, իմանալով, որ երկուսս էլ այստեղ ենք, հարցրել են` արդյո՞ք դեմ չենք հանդիպմանը, շփմանը: Աասել եմ` դեմ չեմ, նույնն էլ Ադրբեջանի նախագահն է ասել: Եվ էլի նույն տրամաբանությամբ` ոչ պաշտոնապես զրուցել, քննարկել ենք: Այդ հանդիպման հիմքը եղել է  այն պայմանավորվածությունը, որ, ընդհանուր առմամբ, եթե նույն տեղում ենք գտնվում առնվազն չենք խուսափում հանդիպումներից»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով քննարկման բովանդակությանը` նա նշեց, որ  այն կապված է բանակցային գործընթացի պատմության հետ, թե երբ ինչ տեղի ունեցավ, ինչ վիճակ էր, նաև հնարավորություններն են քննարկվել, թե ինչ պայմաններ կան կարգավորման համատեքստում: «Քննարկվեցին, թե ինչ պայմանավորվածություններ ու անհնարինություններ կան: Ոչ մի կոնկրետ դետալ չենք քննարկում, մտքեր ենք փոխանակում, և սա ընկալումներին ծանոթանալու, շփվելու հնարավորություն է»,- ասաց Փաշինյանը:  

Նա շեշտեց, որ քննարկումների հիմնական առանցքն այն ամենն է, ինչի մասին խոսվում է հրապարակային: «Կարևոր եմ համարում արձանագրել այսօրվա և մեկընդմիշտի համար` լինում են դեպքեր, մեկնաբաններ, քաղաքական ուժեր, որ ուզում են մեր հանրությանը ներշնչել, որ ինչ-որ դավադրությունների տեսություններ կան: Ուզում եմ շեշտել` դավադրություններ լինել չեն կարող, աբսուրդ է նույնիսկ մտածել այդ մասին: Դա ուղղակի իրավիճակի չընկալման հետևանք է, որ ինչ-որ մեկը մտածում է, որ մեր կառավարությունը կամ ես անձամբ կարող է որևէ դավադրության մեջ ներգրավվել կամ ներքաշվել: Իհարկե, հասկանալի է, երբ խոսում են երկու պետության ղեկավարներ, յուրաքանչյուչը խոսում է  իր պետության, ժողովրդի շահերի դիրքերից, և այլ բան մտածելը պարզապես իրավիճակի թյուրըմբռնման հետևանք է»,- եզրափակեց Փաշինյանը: