կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-23 11:45
Հասարակություն

Դժվարամատչելի հետազոտությունները պետպատվերով հասանելի կլինեն ևս 230 000 քաղաքացու համար

Դժվարամատչելի հետազոտությունները պետպատվերով հասանելի կլինեն ևս 230 000 քաղաքացու համար

ՀՀ-ն առողջապահության վրա ծախսում է շատ ավելի քիչ, քան պետք է ծախսի, այսինքն` գումարներն առաջիկա մի քանի տարիներին չեն բավականացնելու ամբողջությամբ  բոլոր ծառայությունները ծածկելու համար. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` անդրադառնալով պետպատվերի խնդրին, երբ տարվա կեսից հանկարծ պարզ է դառնում, որ որոշ ծառայություններ պետությունն այլևս չի կարող պետպատվերով մատուցել:

Նախարարի խոսքով` պետպատվերի`տարվա կեսից սպառվելը ոչ միայն սխալ բաշխման, այլ նաև ի սկզբանե քիչ գումարներ տրամադրելու հետևանք է: Սակայն, ըստ նրա, այդ գումարները պետք է բաշխվեն հնարավորինս արդարացի և համաչափ այն բուժհաստատությունների միջև, որոնք այդ ծառայությունները մատուցում են:

«Այս տարի որոշ քաղաքացիների խմբերի մասով այդ փաթեթներն ընդլայնվելու են. խոսքը աղքատության նպաստի համակարգում գտնվող և ևս մի քանի խմբերի քաղաքացիների մասին է` շուրջ 230 000 մարդու: Նրանց համար դժվարամատչելի հետազոտությունների հնարավորությունը մեծացվելու է, այսինքն` եթե հիմա  այդ հետազոտությունները պետպատվերով հասանելի են միայն 36 և ավելի բալ ունեցող քաղաքացիներին, ապա այսուհետ այդ ծառայություններից կարող են օգտվել 30 և ավելի բալ ունեցող քաղաքացիները»,- ասաց նախարարը:

Նա նաև հավելեց, որ պետպատվերի գումարների սպառման դեմ վարչական ռեսուրս կկիրառվի և պայման կդրվի, որ անհրաժեշտ է բոլոր պացիենտներին գրանցել: Սակայն Թորոսյանը համաձայնեց, որ միշտ պահանջարկը չի բավարարում առաջարկը, հետևաբար` որոշ հիվանդությունների դեպքում գրանցումը նորմալ է: «Կան երկրներ, որ պետպատվերով վիրահատության համար 1-2 տարի սպասում են, բարեբախտաբար, մեզ մոտ չկա նման իրավիճակ»,- ասաց նա: