կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-17 12:35
Առանց Կատեգորիա

Հետազոտությունները կիրականացվեն միայն նախարարության կողմից հաստատված լաբորատորիաներում․ ԱՆ

Հետազոտությունները կիրականացվեն միայն նախարարության կողմից հաստատված լաբորատորիաներում․ ԱՆ

Ներկայումս գրանցվում են դեպքեր, երբ լաբորատորիաների կողմից իրականացվում են կորոնավիրուսային հիվանդության վճարովի հետազոտություններ` ՊՇՌ կամ արագ թեստերի միջոցով: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Նկարագրված իրավիճակում վճարովի հիմունքներով կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նկատմամբ թեստավորման իրականացումն անթույլատրելի է և վտանգավոր, քանի որ նշյալ աշխատանքների նկատմամբ լիարժեք վերահսկողություն իրականացնել հնարավոր չէ:

Լաբորատորիաների կողմից կարող են գնվել և կիրառվել տարբեր զգայունություն և մասնահատկություն (սպեցիֆիկություն) ունեցող թեստ-հավաքածուներ՝ կասկածի տակ դնելով ստացված արդյունքների հավաստիությունը, բուժման ճիշտ մարտավարության ընտրությունը և արդյունավետությունը, ինչպես նաև անորոշություն առաջացնելով վարակի վերահսկմանն ուղղված հետագա միջոցառումների կազմակերպման և իրականացման հարցում:

Բացի այդ, վճարովի թեստավորման իրականացման թույլատրելիության դեպքում այն կարող են սկսել իրականացնել տարբեր լաբորատորիաներ` առանց կենսանվտանգության ապահովման գործընթացի գնահատման, կենսանվտանգության համակարգի առանցքային պահանջների պահպանման, լաբորատորիաներում վարակի հսկողության իրականացման, գործընթացների պատշաճ հոսքայնության ապահովման, ինչպես նաև հնարավոր է հետազոտվողների անձնական տվյալների անհարկի տարածում՝ տեղեկատվական անվտանգության պահանջների ոչ պատշաճ պահպանման դեպքում:  Նման գործունեությունն անթույլատրելի է նախ աշխատակիցների և այցելուների շրջանում վարակի տարածման, և ապա հետազոտության հավաստի արդյունքներ ստանալու նկատառումներից ելնելով:

Երբեմն անհնար է լինում հավաքագրել տեղեկատվություն թեստավորման դրական արդյունք ունեցած անձանց վերաբերյալ՝ նրանց հետագա բուժումը կազմակերպելու և համաճարակաբանական միջոցառումներ իրականացնելու համար, որը նվազեցնում է համաճարակի կառավարելիությունը:

Հաշվի առնելով հետազոտությունների իրականացման կենտրոնացման անհրաժեշտությունը` առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ստորագրել է ցուցում, ըստ որի՝ հետազոտություններ կարող են իրականացվել միայն նախարարության կողմից հաստատված լաբորատորիաներում՝ բժշկական ցուցումով, անվճար հիմունքներով։