կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-22 20:39
Քաղաքական

Շվեդիան չի ուշացնի ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը. ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպան

Շվեդիան չի ուշացնի ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը. ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 22-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմին:

Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով հյուրին, արժեւորել է երկու երկրների միջեւ հաստատված համագործակցությունը` մասնավորապես կարեւորելով օրենսդիր մարմինների շփումները, փոխայցերն ու  փորձի փոխանակումը:

Ազգային ժողովի նախագահը համոզմունք է հայտնել, որ այսուհետ եւս միջազգային տարբեր հարթակներում խորհրդարանական պատվիրակությունների միջեւ փոխգործակցությունը կլինի  շարունակական:

Խոսելով Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին` օրենսդիր մարմնի ղեկավարը հույս է հայտնել, որ Շվեդիայի խորհրդարանը հնարավորինս սեղմ ժամկետում կվավերացնի փաստաթուղթը, ինչը խթան կհանդիսանա երկկողմ եւ բազմակողմ կապերի առավել զարգացմանն ու  խորացմանը:

ԱԺ նախագահը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի  հակամարտության կարգավորման գործընթացին, նշել է, որ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն այս հարցում միանշանակ է եւ հարցի լուծումը հնարավոր է համարում բացառապես խաղաղ ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում եւ այս հարցում ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը:

 «Դժվար է բանակցել մի կողմի հետ, որը մշտապես հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով եւ քարոզում  ատելություն: Դա ոչ միայն խանգարում է բանակցությունների գործընթացին, այլեւ առաջացնում է նոր խնդիրներ»,-ասել է Արարատ Միրզոյանը:

 Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ուլրիկ Թիդեստրոմին` արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Հայաստանում ընտրական աջակցության» ծրագրի շրջանակում Շվեդիայի կառավարության ցուցաբերած օժանդակության համար` հույս հայտնելով, որ համանման գործակցությունն արդյունավետ շարունակություն կունենա առավել ընդլայնված օրակարգով:

Անդրադառնալով մեր երկրում տեղի ունեցած իրադարձություններին ու ընթացիկ զարգացումներին` Արարատ Միրզոյանն ասել է. «Մեր նվիրումը ժողովրդավարական արժեքներին, մարդու իրավունքների պաշտպանությանն ու ազատությանն անքննելի են եւ վստահ եմ` Հայաստանի համար նաեւ անշրջելի: Սա ճանապարհ է դեպի ժողովրդավարություն եւ հույս ունեմ, որ նաեւ միջազգային գործընկերների օգնությամբ անշեղորեն գնալու ենք այս ուղղությամբ»:

Օրենսդիր մարմնի ղեկավարը նաեւ շնորհակալություն է հայտնել Շվեդիայի Ռիգսթագին` Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունման համար:

Ուլրիկ Թիդեստրոմը, շնորհավորելով Արարատ Միրզոյանին  Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ հայ-շվեդական համագործակցությունը կընդլայնվի  տարբեր ոլորտներում,  կամրապնդվեն կապերը ոչ միայն միջխորհրդարանական համագործակցության համատեքստում,  այլ նաեւ  խորհրդարանների գլխավոր քարտուղարների եւ աշխատակազմերի մակարդակով:

Դեսպան Թիդեստրոմը վստահեցրել է Ազգային ժողովի նախագահին, որ Հայաստանում 2018 թվականի գարնանը տեղի ունեցած հեղափոխության մասին Շվեդիայում կարծում են, որ այն ժողովրդավարության համար կարեւորագույն ուղենիշ է:

Նա նշել է, որ Շվեդիան կարեւորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը եւ պատրաստակամ է այսուհետ եւս աջակցելու նոր նախաձեռնությունների իրականացմանը:

Դեսպանը վստահեցրել է, որ իր երկրի խորհրդարանը չի ուշացնի Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը:

Կողմերը կարեւորել են շվեդահայ համայնքի դերակատարությունը հայ-շվեդական հարաբերությունների խորացման գործում