կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-21 15:22
Քաղաքական

Հայաստանի նոր ղեկավարությունն Արցախյան հարցի ձևակերպման մեջ փոքրիկ վրիպում է թույլ տվել. քաղաքագետ

Հայաստանի նոր ղեկավարությունն Արցախյան հարցի ձևակերպման մեջ փոքրիկ վրիպում է թույլ տվել. քաղաքագետ

Թեև Արցախյան հիմնախնդրի շուրջ մեր երկրի առաջին դեմքերի կողմից հնչեցվող բանաձևերը տարբեր ասպեկտներ են ունեցել, բայց, ըստ էության, չեն փոխվել. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» ՀԿ-ի ղեկավար Ալեքսանդր Մանասյանը:

Նա նշեց, որ առաջին նախագահն ասում էր, թե Հայաստանը համաձայն կլինի խնդրի ցանկացած լուծման հետ, որի հետ համաձայն կլինի Արցախը: Երկրորդ նախագահը, Մանասյանի խոսքով, ավելի ուժեղ դրույթ է առաջադրել` ասելով, որ Արցախի Հանրապետության ճանաչումը չի խանգարում Ադրբեջանի տարածքային ամբողջականության միջազգային իրավական սկզբունքին: Երրորդ նախագահն էլ, ըստ քաղաքագետի, ասել է, որ Հայաստանը բանակցությունների սեղանի շուրջ նստում է Արցախի փոխարեն, ինչը պարունակում է ենթատեքստ, որ Հայաստանը հակամարտության կողմ չէ:

«Ինչ վերաբերում է նոր ղեկավարությանը, ապա ինձ թվում է` փոքրիկ վրիպում է թույլ տրվել` ասելով, թե Հայաստանը չի նստի բանակցային սեղանի շուրջ Արցախի փոխարեն: Սա կարելի է շտկել, եթե միայն հայկական կողմը համարի, որ այն, ինչ տեղի է ունենում, բանակցություններ չեն, խորհրդակցություններ են` նախապատրաստելու համար ապագա բանակցությունները»,- ասաց Մանասյանը:

Նա հիշեցրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպման ժամանակ որոշվել էր հասարակություններին պատրաստել խաղաղության:  Մանասյանի խոսքով` եթե ադրբեջանական կողմն ընդունել է, որ դա պարտադիր պայման է և առանց դրա հնարավոր չէ կառուցողական լուծումների հանգել, ապա դրա մեջ վտանգներ չկան: «Կսկսվի բանակցությունների մի մեծ շրջան, որտեղ կխոսեն վստահության վերականգնման, այլատյացության քարոզները վերացնելու մասին: Սակայն այլ բան է հասկանալ, որ եթե Ադրբեջանը դրա հետ համաձայն է, ապա ի՞նչն է նրան դրդել նախկինում ռազմաշունչ արտահայտություններ անել: Պատճառները տարբեր են` Ադրբեջանում հակաալիևյան տրամադրություններ են, որոնց մի թևն էլ Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցն է բարձրացնում, և նկատելի է, որ Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարությունները ոչնչի չեն բերել»,- ասաց Մանասյանը:

Նրա խոսքով` հնարավոր է նաև, որ նման քայլերով Բաքուն փորձում է սիրաշահել Ռուսաստանին, որպեսզի ԵՏՄ մտնի կամ գուցե ուզում է իր ոչ կառուցողական իմիջը փոխել: Ըստ Մանասյանի` մենք պետք է այդ բոլորին պատրաստ լինենք:

Քաղաքագետը նշեց նաև, որ, որոշ քաղաքական գործիչների կարծիքով, շրջանառության մեջ է մտնում միտքը, թե Արցախը հակամարտության կողմ չէ, ինչը չի համապատասխանում իրականությանը: «Արցախը բանակցային գործընթացի կողմ է, հակառակ դեպքում ինչո՞ւ պետք է համանախագահները վազվզեին Բաքվից Հայաստան, հետո` Ստեփանակերտ: Ստեփանակերտն ինքը պետք է ասի, որ Բաքվի հետ բանակցային նույն սեղանի շուրջ չի նստի` մինչև Բաքուն ներողություն չխնդրի ադրբեջանահայության ցեղասպանության համար»,- ասաց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է Ադրբեջանի հետ հանգել այնպիսի բանակցության, որի դրույթներն ընդունելի կլինեն թե' Հայաստանի, թե' Արցախի համար, Մանասյանը պատասխանեց, որ հնարավոր է, եթե ճիշտ խոսք տանենք այնտեղ:

Խոսելով միջազգային հանրության մասին` քաղաքագետը նշեց, որ իրականում միջազգային հանրություն կոչվածը չկա, կան պետություններ, որոնք տարածաշրջանում շահեր ունեն: Այդ պետությունները, ըստ Մանասյանի, Արցախի հարցով կոնսենսուսի չեն գա, քանի որ նրանց շահերը տարբեր են:

Քաղաքագետն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցում Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությանը` ասելով, որ իշխանությունը որոշ սերմեր է գցում: Որպես օրինակ` Մանասյանը հիշեցրեց Սասուն Միքայելյանի արած արտահայտությունը, թե` հեղափոխության հաղթանակն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը: Ըստ նրա` նման կերպ իշխանությունն ուղղակի սերմ է գցում: «Բացի այդ` հին, ձախողված կադրերի վերականգնումը նույնպես մտածելու տեղիք է տալիս: Իշխանության նման քայլերը կա'մ խոսում են, որ խորը չեն պատկերացնում, կա'մ էլ խորամանկաբար իրենց գլխավոր խորհրդատուների միջոցով սերմեր են գցում»,- ասաց Մանասյանը:

Yerkir.am-ի հարցին, թե արդյո՞ք Հայաստան-Արցախ հարաբերությունների վերանայման կարիք կա, և եթե կա, ապա ո՞ր ուղղությամբ պետք է վերանայումներ լինեն, քաղաքագետը պատասխանեց, որ, այո, այդ հարաբերությունների վերանայման կարիք կա: «Արցախը պետք է դարձնել ինքնուրույն պետական սուբյեկտ,  հնարավորինս օժտել պետական ատրիբուտներով, ոչ թե խլել այդ ատրիբուտները: Բացի այդ` Արցախն իր իսկ հարցի կապակցությամբ քիչ է խոսում, ինչը ճիշտ չէ: Արցախը պետք է անընդհատ դիմի ՄԱԿ, ԵՄ»,- նշեց Մանասյանը: