Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ն քննարկում է մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ընտրության հարցը:
Զոհրաբյանն անդրադարձավ ռազմագերիների, գերիների և անհայտ կորածների խնդրին: Նա նշեց, որ այսօր մենք Ադրբեջանում ունենք 4 պատանդ` 2-ը` ՀՀ քաղաքացի, մեկը` Արցախի, մեկը` ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի:
Իսկ թե ի՞նչ կարող է անել մարդու իրավունքների հանձնաժողովն այս հարցում, պատգամավորը նշեց. «Եթե ես ասեմ, որ շատ լուրջ գործիքակազմ ունենք, անկեղծ չի լինի: Հարցի ավելորդ հանրայնացումը, շատ դեպքերում աղմուկը բերում է գործի վնասմանը: Ես սա ասում եմ որպես պատգամավոր, որը Կարմիր խաչի հետ զբաղվել է ռազմագերիների և մասնավորապես` Հակոբ Ինջիգօղլյանի հարցով. մենք ամեն ինչ արեցինք լուռ, հանգիստ, առանց աղմուկի: Ընդամենը պետք է պարբերաբար մոնիտորինգի, մեր ուշադրության տակ պահենք խնդիրը: Կարմիր խաչը նման դեպքերում խիստ սակավախոս է, ես հասկանում եմ նրանց մարտավարությունը: Պետք է փորձենք պարբերաբար տեղեկություն ստանալ առանց աղմուկի, որովհետև աղմուկը վնասում է»:
Ինչ վերաբերում է անհայտ կորածներին` Զոհրաբյանը նշեց, որ ունենք 3 տարբեր թվեր: «Պաշտպանության նախարարության տրամադրած թվերով` մոտավորապես 320, Կարմիր խաչի թվերով, նրանք ելնում են այն թվերից, որ անհայտ կորածների ընտանիքներն իրենց դիմում են, 400, իսկ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի` անհայտ կորածների թիվը մոտ 900 է: Այստեղ էլ ասել, որ կարող ենք շատ լուրջ արդյունքներ ակնկալել, այդպես չէ: Կարմիրը խաչը պարբերաբար ԴՆԹ-ի անալիզներ է վերցնում անհայտ կորածների ընտանիքներից` փորձելով կապ պահել նաև ադրբեջանական կողմի հետ: Մենք կարող ենք ուղղակի խնդիրը պահել մեր ուշադրության կենտրոնում, ինչը, վստահեցնում եմ ձեզ` անկախ նրանից, կընտրվեմ այս հանձնաժողովի նախագահ, թե` ոչ, ես արել եմ որպես լրագրող, որպես պատգամավոր և շարունակելու եմ անել»,- ասաց նա:
ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը հայտարարեց, որ պատանդները սպանվում են, և օրինակ բերեց Մանվել Սարիբեկյանին: «Մանվել Սարիբեկյանի հարցով ես` որպես ԵԽԽՎ պատգամավոր, շատ երկար եմ զբաղվել: Ցավոք, մենք ունեցանք ողբերգական արդյունք` ուղղակի դաժանաբար հոշոտված դիակ»,- նշեց նա:
Պատգամավորը նաև անդրադարձավ հարցին` թե ինչպես է պատկերացնում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ աշխատանքները: «Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ աշխատանքում երկու կարծիք լինել չի կարող` ինչպես աշխատել ենք նախկին պաշտպանի հետ, նույնպես էլ շատ ակտիվ աշխատելու ենք նորի հետ: Անկախ նրանից` պետությունը ճանաչված է, թե` ոչ, բոլոր պետությունները վավերացրել են կոնվենցիա, որով պետության քաղաքացին իրավունք ունի եվրոպական կրթական բոլոր ծրագրերից օգտվելու: Հիմա ԵԽԽՎ-ում փորձում ենք այս խնդիրը կյանքի կոչել, որպեսզի Արցախի ուսանողները հնարավորություն ունենան ինտեգրվելու եվրոպական կրթական տարածքներին, այնպես որ` շատ ակտիվ աշխատելու ենք: Հունվարի 28-ին էլ մեկնելու ենք Արցախ, բոլոր խնդիրները տեղում կքննարկենք»,- ասաց Զոհրաբյանը: