կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-03 13:02
Հասարակություն

Ադրբեջանի գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովը հայկական հանձնաժողովի հետ կոնտակտի դուրս չի գալիս

Ադրբեջանի գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովը հայկական հանձնաժողովի հետ կոնտակտի դուրս չի գալիս

Նոյեմբերյանցի Սարգիս Անանյանը օգոստոսի 26-ից հայտվել է գերության մեջ, սակայն մինչ օրս նրա մասին որեւէ ստույգ տեղեկություն չկա: «Ադրբեջանական կողմից ոչ ոք կոնտակտի դուրս չի գալիս, նրա մասին որեւէ տեղեկություն հայտնի չէ»,- լրագրողներին այսօր ասաց «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ նախագահ, գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի անդամ Ռիմա Առաքելյանը:

 

Նա դատապարտեց Ադրբեջանի գործողությունները գերիների նկատմամբ' նշելով, որ, բարեբախտաբար, Հակոբ Ինջիղուլյանի բախտը բերեց, ու նա տեղափոխվեց երրորդ երկիր, իսկ Կարեն Պետրոսյանը մահացավ:

 

Բանախոսը նշեց, որ ե'ւ Պետրոսյանի մահվան հանգամանքերը ճշտելու, ե'ւ Սարգիս Անանյանի մասին որեւէ տեղեկություն ստանալու համար հիմա աշխատանքներ է իրականացնում ԿԽՄԿ-ն, քանի որ Ադրբեջանի գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովից եւ ոչ մեկը չի արձագանքում հայկական կողմի' համագործակցության առաջարկին:

 

Ինչ վերաբերում է գերիներ հետ վարվելու` Ադրբեջանի ձեռագրին, ապա Ռիմա Առաքելյանը նշեց, որ հատկապես Կարեն Պետրոսյանի մահվան կապակցությամբ միջազգային կազմակերպություններն ու գերտերությունները միանգամից դատապարտեցին գերու մահվան երեւույթը, նույնիսկ ԱՄՆ-ը, մի շարք այլ պետություններ, ՄԱԿ-ը Ադրբեջանից պահանջել են Կարեն Պետրոսյանի մահվան հանգամանքների մանրամասն փորձաքննություն անցկացնել: Գերտերությունների ու միջազգային կառույցների կտրուկ ու դատապարտող արձագանքները, ըստ Առաքելյանի, մի քիչ վախեցրեցին Ալիեւին ու նրա ռեժիմին: Հատկապես, երբ ֆրանսիացի պաշտոնյաներից մեկը սկսեց հայտարարել, որ պետք է ազատվել Ալիեւի վարչակարգից, իսկ Կարեն Պետրոսյանի մահը համեմատեց Իրաքի իսլամիստ ծայրահեղականների կողմից լրագրողի գլխատման հետ:

 

Ամեն դեպքում, Ռիմա Առաքելյանի խոսքերով, Կարեն Պետրոսյանի դիակն անպայման պետք է վերադարձվի Հայաստան' առանց նախապայմանների, քանի որ 21-րդ դարն է, ու դիակի վրա առեւտուր չպետք է անել: Ադրբեջանը, սակայն,  առայժմ չի ցանկանում առանց նախապայմանների վերադարձնել դիակը:

 

Թե ի՞նչ պահանջներ է դնում Ադրբեջանը հայկական կողմի առջեւ, Ռիմա Առաքելյանը չկարողացավ ասել' նշելով միայն, թե, առհասարակ, տեղեկություններ հայտնում են, երբ աշխատանքները վերջին փուլում են լինում ու մոտենում են ավարտին: Իսկ ներկայումս ոչ մի կոնկրետ ու էական նորություն այս հարցում չկա: Բանախոսը չբացառեց, որ հնարավոր է` Ադրբեջանն այս կամ այն պատրվակով ուշացնում է դիակի վերադարձը բռնության հետքերը թաքցնելու նպատակով:

 

Օգտվելով առիթից' գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի անդամը դիմեց գերտերություններին ու միջազգային կառույցներին` էլ ավելի կտրուկ արձագանքել ու ճնշումն Ադրբեջանի վրա մեծացնել, որպեսի այս հարցերը լուծվեն, քանի որ ՀԿ-ների մակարդակով կոնտակտը չի ստացվում: Ռիմա Առաքելյանը նշեց, որ մինչեւ հիմա իրենք պաշտոնապես որեւէ պետության կամ կառույցի չեն դիմել' Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու պահանջով, բայց ակցիաներ կամ ընդհանրական հայտարարություններ արել են:

 

Ինչ վերաբերում է Ադրբեջանի' գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող կառույցների անգործությանը, ապա Ռիմա Առաքելյանը հիշեց, որ նախկինում' 90-ականներին, ադրբեջանական նման կառույցների հետ իրենք համագործակցել են կամ գոնե շփվել, իսկ հիմա Ադրբեջանի իշխաությւոններին հաջողվել է ինչ-որ կերպ ճնշել նրանց ու ստիպել, որ լուռ մնան: