կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-16 12:52
Հասարակություն

Գերիների ու անհայտ կորածների հարցով Ադրբեջանի հետ լեզու գտնելը դժվար է

Գերիների ու անհայտ կորածների հարցով Ադրբեջանի հետ լեզու գտնելը դժվար է

Վրեժ Գրիգորյանը 16 տարեկանում, որպես կամավորական, մեկնել է պատերազմ, Շահումյանի ազատագրման մարտերին է մասնակցել, այնուհետև կամովին միացել է «Արաբո» ջոկատին և 20 տարեկանում ջոկատի մյուս անդամների հետ անհայտ կորել:

 

Նրա մայրը` Սամարա Գրիգորյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց, որ իր որդին կարող էր ընդհանրապես ծառայության չգնալ, քանի որ նրա երկու ավագ որդիները խորհրդային բանակում ծառայել էին, իսկ 90-ականներին գործում էր օրենք, համաձայն որի` եթե ընտանիքից երկու հոգի ծառայել էին, երրորդն ազատվում էր ծառայությունից:

 

Տիկին Սամարան հույսը չի կորցնում, որ մի օր հրաշք կլինի, որդին կվերադառնա. «Ծնողը հանգիստ կքնի, եթե էրեխեն արդեն տանն է: Ապրում ենք` մեռնողին երանի տալով, բայց ապրում ենք հույսով, ապրում ենք` մեր որդիներին փառաբանելով»:

 

Թե արդյո՞ք այս 20 և ավելի տարիների ընթացքում որևէ նորություն չունեն իրենց հարազատներից, «Արաբո ջոկատի» անդամների հարազատները նշում են, որ վստահելի տեղեկություններ չկան: Ավելի վաղ, ըստ տիկին Սամարայի, մի ադրբեջանցու միջոցով փորձել են Բաքվից տեղեկություններ ստանալ, սակայն այդ մարդուն Բաքվում ասել են, որ չշարունակի փնտրտուքները, թե չէ գլուխը կկտրեն:

 

Մինչ օրս պատերազմական գործողությունների հետևանքով 200 անհայտ կորածներ կան, որոնցից միայն 94-ի մասին որոշակի տեղեկություններ կան: Այս մասին հայտնեց «Անհայտ կորած ազատամարտիկների խորհուրդ» ՀԿ-ի նախագահ, անհայտ կորած ազատամարտիկի մայր Ռիմա Առաքելյանը:

 

Նա նշեց, որ Ադրբեջանի հետ բավական դժվար է այս հարցերով համաձայնություն գալը` բացի այն, որ անընդհատ փոփոխում են հայերի տեղը, նաև առանձնահատուկ չեն հետաքրքրվում իրենց անհայտ կորածների ճակատագրերով:

 

Հունիսի 13-ին տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Ռ. Առաքելյանը նշեց, որ անդրադարձ է եղել վերջերս ադրբեջանական գերության մեջ հայտնված Հակոբ Ինջուղլյանին: «Շատ ինտենսիվ  զբաղվում են խնդրով: Հունիսի 12-ին Կարմիր խաչի` Բաքվի գրասենյակից այցելել են նրան, ասացին, որ առողջականը վիճակը լավ է, նա լավ է»,- ասաց նա:

 

Ընդհանուր առմամբ, Ռիմա Առաքելյանի խոսքերով, պետությունը լուրջ քայլեր է ձեռնարկում անհայտ կորածներին ու գերիներին գտնելու, վերադարձնելու ուղղությամբ. «Անձամբ Սեյրան Օհնայանը լուրջ մտահոգվում է այս խնդրով»: