կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-11 16:48
Տարածաշրջան

2019-ին քրդերը կստանան բավականին մեծ ինքնավարություն Սիրիայի կազմում. Սաֆրաստյան

2019-ին քրդերը կստանան բավականին մեծ ինքնավարություն Սիրիայի կազմում. Սաֆրաստյան

Սիրիայում գործողությունների փուլի ավարտի մասին խոսելը դեռ վաղ է: Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ նշելով, որ իր կասկածներն այս հարցում հիմնավոր են, քանի որ թուրքական զինուժը սահմանին պատրաստ սպասում է հրամանի, որպեսզի հերթական անգամ մտնի Սիրիա։

Ըստ թուրքագետի՝ հասկանալու համար, թե ինչպիսի զարգացումներ կլինեն, պետք է ընդլայնել  վերլուծությունների դաշտը և այդ շրջանակում դիտարկել այն խնդիրները, որոնք առկա են թուրք-ամերիկյան հարաբերություններում՝ Թուրքիային ամերիկյան «Patriot» ՀՕՊ համակարգի  վաճառք, ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարում:

«Սա գնալով ավելի լուրջ խնդիր է դառնում թուրք-ամերիկյան հարաբերություններում, քանի որ  ամերիկացիները պահանջում են, որ Թուրքիան հրաժարվի գործարքից, բայց Թուրքիան արդեն սկսել է ՌԴ-ի հետ այդ գործարքի իրականացումը և ֆինանսական միջոցների մի մասն արդեն փոխանցել ռուսական կողմին: Ամերիկացիները փոխարենը խոստանում են տրամադրել  «Patriot» համակարգերը, սակայն Թուրքիան շահագրգռված է երկուսն էլ ունենալ»,- ասաց Սաֆրաստյանը՝ նշելով, որ  Թուրքիայի և ԱմՄՆ-իի միջև մեծ առևտուր է տեղի ունենում, և որ այս «առևտրային» դիվանագիտությունը միշտ էլ հատուկ է եղել  Թուրքիային, պարզապես վերջին տարիներին ավելի ինտենսիվ է դարձել:

«Եվ այս ընդհանուր պատկերի մեջ սիրիական զարգացումների գնահատականը կախված կլինի այս առևտրային գործընթացից»,- շեշտեց արևելագիտության ինստիտուտի տնօրենը՝ միաժամանակ հավելելով, որ Թուրքիան որոշակի զիջումներ կանի ԱՄՆ-ին, և սիրիական ճգնաժամը հնարավոր է զարգանա այն ուղղությամբ, որ Թուրքիայի դերը ճգնաժամի այս փուլում թուլանա։

«Սա նշանակում է, որ 2019-ին ավելի լավ հնարավորություններ են բացվում Սիրիայում կարգավորման համար, մասնավորապես՝ Սիրիային ֆինանսական օգնություն ցուցաբերելու հարցում, որն արդեն շատ կարևոր է դառնում: Եվ այստեղ հետաքրքիր է ԱՄՆ-ի այն հայտարարությունը, որ Սաուդյան Արաբիան պատրաստ է ֆինանսական օգնություն ցուցաբերել Սիրիայի վերականգնման համար: Երկրորդ՝ 2019-ին որոշակի լուծում կգտնի նաև քրդական հարցը Սիրիայում, ինչը ենթադրում է, որ քրդերը կստանան բավականին մեծ ինքնավարություն Սիրիայի կազմում. մինչ այս Սիրիայի Սահմանադրությունը չի ճանաչել ոչ մի ինքնավարություն»,- մանրամասնեց Սաֆրաստյանը՝ լրացնելով, որ տարածքային առումով քրդական ինքնավարությունը սահմանափակումներ կունենա, այսինքն՝ այն տարածքները, որոնք գտնվում են քրդական վերահսկողության տակ, բայց այնտեղ ավելի շատ արաբներ են ապրում, քան քրդեր, կվերադարձվեն Սիրիայի իշխանությանը: