կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-10 14:48
Տնտեսական

Ռեստորանային ոլորտի ներկայացուցիչները կհանդիպեն Փաշինյանի հետ. ՊԵԿ նախագահ

Ռեստորանային ոլորտի ներկայացուցիչները կհանդիպեն Փաշինյանի հետ. ՊԵԿ նախագահ

Մենք հանդիպել ենք ռեստորանային ոլորտի ներկայացուցիչների հետ, և նրանց մտահոգությունները ներկայացրել եմ վարչապետին. կառավարության նիստի ավարտից հետո լրագրողներին հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` անդրադառնալով հարկային փոփոխությունների պատճառով ռեստորանային ոլորտում առկա բողոքներին:

Անանյանը նշեց նաև, որ վարչապետի կարգադրությամբ լինելու է հանդիպում վարչապետի մոտ` հանրային սննդի կազմակերպման ոլորտի ներկայացուցիչների, ֆինանսների, ինչպես նաև տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների, ՀԿ-ների մասնակցությամբ:

«Այդ քննարկման ժամանակ էլ, կարծում եմ, մենք որևէ կոնսենսուսի կգանք, սակայն նախ պետք է հիմնավորենք` մենք ինչ ենք ուզում, նրանք ինչ են ուզում: Տեսեք` ոլորտում կան բարեխիղճ հարկ վճարողներ և ոչ բարեխիղճ հարկ վճարողներ: Բարեխիղճների մոտ գրեթե ստվեր չկա, կամ ստվերը վերահսկելի է, և նրանց մոտ հարկային բեռը մի քանի անգամ ավելացել է` նախկինում գործող արտոնագրային հարկի մեխանիզմի համեմատ: Սակայն այն ժամանակ հարկային պարտավորությունը զրոյից մի փոքր տարբեր էր, իսկ հիմա 2018-ի հուլիսի 1-ից մինչև 2019-ը հունվարի 1-ը գործող 6 և 3 տոկոս ժամկետների ժամանակ էֆեկտիվ տոկոսադրույքը եղել է 4.5-4.7 տոկոս: Սակայն 2017-ին, երբ ուսումնասիրում էինք այս ոլորտը, մեզ հավաստիացնում էին, որ 4.5 տոկոս հարկ վճարելու դեպքում ոլորտը հնարավորություն ունի ծառայությունների գները չթանկացնելու»,- ասաց Անանյանը:

Նրա խոսքով` հիմա քննարկման ժամանակ պետք է որոշեն` ինչպես անել, որ տուրիզմի, գյուղատնտեսության ճյուղի հարկային բեռը բարձրացնել-չբարձրացնելու պարագայում որևէ ռիսկ չպարունակի այդ փոփոխությունը: