կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-10 12:18
Հասարակություն

Այս պահին 300 երեխա է որդեգրման ենթակա. պետական մանկատներում 600 երեխա կա

Այս պահին 300 երեխա է որդեգրման ենթակա. պետական մանկատներում 600 երեխա կա

Մեկնարկել է ՀՀ կառավարության 2019-ի առաջին նիստը. օրակարգում ներառված է 8 հարց, որոնցից 6-ը՝ չզեկուցվող:

Քննարկվող հարցերից մեկն էլ «18 տարին լրացած որդեգրված անձին իր որդեգրման փաստի, ծննդավայրի և ժամանակի, ինչպես նաև իր կենսաբանական ծնողների անձնական տվյալների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» նախագիծն է: Նախագծի համաձայն` 18 տարին լրացած անձին իրավունք է տրվում ստանալու ինֆորմացիա իր կենսաբանական ծնողների, ծննդավայրի և այլ մանրամասների մասին: Որոշումն ընդունվեց, իսկ մինչ այդ` որոշման քննարկման ժամանակ, մի շարք հարցեր առաջ քաշվեցին:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեց, թե որդեգրման պրոցեսում ՀՀ քաղաքականությունն ինչպիսի՞ն է` ուզում ենք խթանե՞լ որդեգրման պրոցեսը, թե՞ հակառակը: Փաշինյանի խոսքով` շատերն են բողոքում, որ որդեգրման պրոցեսում  արհեստական խոչընդոտներ կան, իսկ Հայաստանում կան անզավակ ընտանիքներ, որոնք ուզում են երեխաներ որդեգրել:

Ի պատասխան Զեյնալյանը նշեց, որ իրենք համագործակցում են սոցիալական ծառայությունների հետ, բացի այդ` կան նաև միջազգային նորմեր, ինչպես նաև ՀՀ օրենքներն ու Սահմանադրությունը, որոնցով էլ առաջնորդվում են: «Որդեգրման գործընթացում մենք պետք է առաջնորդվենք շահերի հավասարակշռման մեխանիզմով: Բազմաթիվ կասկածներ են եղել, որ որդեգրումն իրականացվում է երեխաների շահերի խախտմամբ, ինչի հետ կապված մենք հետազոտություններ ենք իրականացնում: Մենք պետք է կարողանանք հավասարակշռել այս երկու շահերը, որպեսզի որդեգրումը լինի քիչ միջամտությամբ, և որպեսզի երեխայի շահերը պաշտպանվեն»,- ասաց նա` հավելելով, որ օտարերկրացիների որդեգրված երեխաների հետ մշտապես կապ է պահպանվում, որոշակի ժամանակահատվածը մեկ անգամ այցեր են լինում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը նախ տեղեկացրեց, որ այս պահին շուրջ 300 երեխա է որդեգրման ենթակա, որոնք հաշմանդամություն ունեն: Նրա խոսքով` տեղացիները, որպես կանոն, առողջ երեխա են ուզում որդեգրել, ինչն էլ խնդիրներ է առաջացնում:

«Խնդիրն այն է, որ առաջինն ով դիմում է գրում երեխա որդեգրելու համար, նրան էլ տրվում է նախապատվությունը, և առողջ երեխաներին արագ որդեգրում են: Այս պահին ունենք 140 տեղացի և 47 օտարերկրացի ընտանիքներ, որոնք ուզում են երեխա որդեգրել: Ի դեպ, այն երեխան է համարվում որդեգրման ենթակա, որոնց ծնողները հրաժարվել են խնամքից: Մանկատներում կան երեխաներ, որոնց ծնողները չեն հրաժարվել խնամքի իրավունքներից»,- ասաց Մանուկյանը:

Նա նշեց նաև, որ այս ոլորտում կան մի շարք խնդիրներ, որոնցից մեկն, օրինակ` մանկատան սանի հետ «անելիքը» նրա չափահաս դառնալուց հետո: Մանուկյանը նախ տեղեկացրեց, որ այս պահին 6 մանկատներում 600 երեխա է խնամք ստանում, մանկատները տարեկան 20-30 շրջանավարտ են ունենում:

«Լինում են դեպքեր, որ երբ երեխայի խնամքից հրաժարված են լինում ծնողները, չափահասության տարիքը լրանալուց հետո նրանց տատիկ-պապիկներն են վերցնում իրենց խնամքի տակ: Նախկինում, սակայն, խնդիրն այլ կերպ էր լուծվում. մինչև 2013-ը պետությունը պարտավորվում էր բնակարան տրամադրել մանկատան` չափահասության տարիքը լրացած սանին, և մինչև 2013-ը 167 մեկ սենյականոց բնակարան է ձեռք բերվել ու նրանց տրամադրվել: Սակայն 221 հոգու հանդեպ մենք նման պարտավորություն ունենք, որը չենք կատարել: Մեր բացերից մեկն է մանկատունը լքելուց հետո նրանց սոցիալական փաթեթի տրամադրումը»,- ասաց Մանուկյանը:

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի խոսքով էլ` լուրջ հսկողություն է պետք իրականացնել որդեգրվող երեխաների հանդեպ, քանի որ խոսում են երեխաների օրգանների վաճառքի հետ կապված դեպքերի մասին: Նա հավաստիացրեց, որ այդ ուղղությամբ մինչ այս պահն իրենց արած ուսումնասիրության արդյունքները դեռ բավարար են: «Սակայն կասկածներ կան, քանի որ արտասահման երեք ուղղությամբ են որդեգրվում երեխաները, իսկ այդ երեք երկրները հայտնի են երեխաների օրգանների վաճառքի հետ կապված գործարքներով: Այսինքն` մի ընտանիք որդեգրում է երեխա, և հետագայում այդ երեխան կարող է զրկվել իր երիկամներից մեկից: Այս առումով մենք լրջագույն վերահսկողության կարիք ունենք»,- ասաց Միրզոյանը:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե Հայաստանի հետ կապված արդյո՞ք երբևէ եղել են նման դեպքեր, որ երեխային որդեգրեն ու հետո նրա օրգանները վաճառեն:

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ մինչ օրս Հայաստանում որևէ նման դեպք չի եղել, որ երեխա որդեգրեն ու օրգան վաճառեն:

«Այնպիսի բաներից եք խոսում, որ ճնշումս բարձրացավ»,- ասաց Փաշինյանը` պահանջելով, որ իրենց տեղեկանք տրամադրվի` օտարերկրացիների որդեգրած երեխաների հետ կապված մանրամասն ինֆորմացիայով:

ՄԻ պաշտպան Արման Թաթոյանն էլ անդրադարձավ այն խնդրին, որ կան մի շարք դեպքեր, որ մանկատան տարիքը լրանալուց հետո էլ երեխաները մնում են մանկատանը: «Կապանում, օրինակ, կա մանկական հաստատություն, որտեղ չափահասությունը լրացած մարդիկ կան: Դա լուրջ խնդիրների է հանգեցնում, ասենք` նույն մանկատան երեխաների հետ են նրանք ունենում խնդիրներ, քանի որ նրանք արդեն չափահաս մարդիկ են»,- ասաց նա:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը հակադարձեց ՄԻ պաշտպանին` նշելով, որ Կապանում նախ չկա մանկատուն, կա ցերեկային խնամքի կենտրոն, բացի այդ` պետության ենթակայության ներքո գտնվող մանկատներում չափահասության տարիքը լրացած և դեռ մանկատանը բնակվող սաները շատ փոքր թիվ են կազմում: «Այո, լինում են մի քանի դեպքեր, երբ, օրինակ, աղջկա տարիքը հասնում է 18-ի, սակայն նա գնալու տեղ չի ունենում, աշխատելու հնարավորություն էլ չի ունենում, և նա մնում է մանկատանը` մինչև աշխատանքի կամ տան խնդիրը կլուծվի: Նման դեպքերը, սակայն, շատ քիչ են, գուցե խոսքը մասնավո՞ր մանկատների մասին է»,- հարցրեց Մանուկյանը:

ՄԻ պաշտպանը պատասխանեց, որ կտրամադրի իրենց ունեցած տվյալները:

Քննարկման ժամանակ խոսք գնաց նաև փոխնակ մայրերի մեխանիզմի ծախսատարության և այդ գործընթացը վերանայելու մասին: