կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-30 17:00
Արցախ

Հակառակորդի շարժերը վերահսկվում և հետախուզվում են

Հակառակորդի շարժերը վերահսկվում և հետախուզվում են

2018 թվականին ավարտվել է առաջնագծի վերազինման առաջին ու թերևս ամենակարևոր փուլը, ստեղծվել են պայմաններ հակառակորդի շարժերը օրվա բոլոր ժամերին վերահսկելու, հետախուզելու և առավել արդյունավոտ որոշումներ կայացնելու համար: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով 2018-ին իրականացված` դիրքերի կահավորման ու վերազինման միջոցառումներին:

«Այս համակարգն անընդհատ արդիականացնելու, ֆունկցիոնալ առումով առավել արդյունավետ դարձնելու համար լավ հնարավորություններ կան, որոնք առաջիկա տարիների ընթացքում կվերլուծվեն ու, ըստ այդմ, ժամանակին համահունչ կարդիականացվեն: Դրան զուգահեռ, առաջնագծում արդիականացվեց կապի համակարգը, որն անվտանգության, որակական առումով մի քանի անգամ առաջ է մինչ այդ գործող համակարգից: Առաջնագծի կահավորման, վերազինման հարցերն իրենց բնույթով այնպիսին են, որ յուրաքանչյուր տարի պետք է ներդրում կատարես, հակառակ դեպքում` նախորդ տարվա աշխատանքների էֆեկտիվությունը մեծապես կընկնի»,- նշեց նա՝ հավելելով, որ զինված ուժերի մշտական արդիականացումն առաջնահերթություն է, և այդ ուղղությամբ աշխատանքները պետք է անընդհատ գտնվեն պատասխանատուների ուշադրության կենտրոնում:

«Այստեղ կարևոր է ճիշտ թիրախներ ընտրելը, առաջնային հարցերը հստակ ձևակերպելը և, ըստ ժամանակացույցի, դրանց լուծումների հետևից գնալը»,-հավելեց Տիգրան Աբրահամյանը:

Անդրադառնալով ներքին և արտաքին քաղաքական մարտահրավերներին` Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականն ընդգծեց.  «Հայաստանում իշխանության ձևավորման պրոցեսը դեռևս ավարտին չի հասել, համակարգային առումով փոփոխությունների շրջան է, ինչն անընդհատ ստիպում է եղած ռեսուրսների մի ահռելի մաս ուղղել այդ ուղղությամբ:

Ինչ վերաբերում է հակամարտությանը, ապա տարեսկզբին Արցախի հարցով հանդիպումներ են նախատեսված, որոնք կարգավորման առումով լավատեսություն չեն ներշնչում, մյուս կողմից` կարող են  որոշակիորեն ուրվագծել առաջիկա զարգացումները, հատկապես` առաջնագծում»:

Տիգրան Աբրահամյանը շաբաթվա կեսից ավելին զորամաս-առաջնագիծ հատվածում է, նա չէր կարող անտեսել բանակային ընկերության թեման, իսկ նման դրվագները քիչ չեն:

«Մոտ  10 օր առաջ Մարտունու ուղղությամբ տեղակայված դիրքեր էի գնացել: Դիտակետում մարտական հերթապահություն իրականացնող զինվորներն անսովոր աշխույժ էին: Զինվորներից մեկի քույրը հունվարին ամուսնանում է, և հրամանատարությունը, ինչպես նման դեպքերում է լինում, հավաստիացրել է, որ արձակուրդ կուղարկեն, որ ընտանիքի համար այդ կարևոր օրը նա հարազատ միջավայրում լինի:  Զինվորի ընկերը հարսանիքից մի քանի օր առաջ զորացրվում է և գործուն մասնակցություն ունենում,  թե ինչպես կազմակերպեն բանակային ընկերոջ քրոջ հարսանիքը: Ինձ  համար  կարևոր է, որ միմյանց հետ ծառայող զինվորներն իրենց ընկերությունը շարունակեն քաղաքացիական կյանքում: Դա գաղափարական իմաստով ուժեղացնում է և´ բանակը, և´ մեր հասարակությունը»,- ասաց Աբրահամյանը: