կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-17 14:24
Հասարակություն

Զորամասերում գրիպով վարակվածների թիվը չի հատում 10-15-ի սահմանը, իրավիճակը վերահսկվում է. ռազմաբժշկական վարչության պետ

 Զորամասերում գրիպով վարակվածների թիվը չի հատում 10-15-ի սահմանը, իրավիճակը վերահսկվում է. ռազմաբժշկական վարչության պետ

Այս պահի դրությամբ զորամասերում գրիպով վարակվածների թիվը չի հատում 10-15-ի սահմանը. այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Գայանե Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով, որ հանրապետությունում համաճարակային իրավիճակի որոշակի լարման կապակցությամբ զինված ուժերում վերահսկողություն է իրականացվում, ինչը ենթադրում է մինչև զորակոչը գրիպի դեմ պատվաստումների իրականացում:

«Թիվը շատ քիչ է` նույնիսկ անցած տարվա համեմատ։ Իրավիճակն ամեն օր դիտարկում ենք, զորամասերից տեղեկություններ հավաքում, վերլուծում: Կայազորային հոսպիտալներից պատրաստի խմբեր ունենք, որոնք զորամասեր են այցելում ու մեզ ներկայացնում իրավիճակը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ջրծաղիկին ու թոքաբորբին,  ըստ ռազմաբժշկական վարչության պետի` այս մասով ևս բռնկումներ չկան:
«Այս պահին գրանցվել է ջրծաղիկի 32 դեպք, թոքաբորբի դեպքերը ևս քիչ են, ինչը չենք կարող բռնկում համարել»,- նշեց  Գայանե Հովհաննիսյանը։

Անդրադառնալով զորակոչիկների առողջական խնդիրներին, որոնք հայտնաբերվում են զորակոչի ընթացքում, ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետը տեղեկացրեց, որ շատացել են ողնաշարի, տեսողության հետ կապված խնդիրները, ինչպես նաև  ալերգիկ և սիրտ-անոթային հիվանդությունները:

«Ռազմաբժշկական վարչության կողմից արվում է առավելագույնը, որ հիվանդ կամ առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկները չհայտնվեն բանակում, քանի որ այդ առողջական չափորոշիչները մեծ ազդեցություն են ունենում մարտական պատրաստության, ինչպես նաև մարտական հերթապահությունների կազմակերպման վրա: Հենց հավաքակայանում կատարվում են բոլոր ներկայացածների փաստաթղթերի, անձնական գործերի քննություն, ջերմաչափում, մարմնազննություն, իրականացվում է ֆլյուրոգրաֆիա: Այդ ընթացքում բացառվում է սուր առողջական խնդիրներով անձանց զորակոչումը»,- ասաց Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում ավելացվել է զինծառայության ևս մեկ տարբերակ՝  ծառայություն հեշտացված օրվա կարգացուցակով (ԾՀՕԿ): Այս պարագայում կզորակոչվեն առողջական որոշ խնդիրներ ունեցող զորակոչիկները՝ գիշերամիզություն ունեցողները, թերքաշայինները (նորմայից 2 կգ պակաս լինելու դեպքում՝ 43-45 կգ), գերքաշայինները (նորմայից 4 կգ ավելի լինելու դեպքում) ու հեմոգլոբինի ցածր կամ բարձր մակարդակ ունեցողները: