կարևոր
3025 դիտում, 7 ամիս առաջ - 2024-03-26 18:54
Հասարակություն

Երևանում ԱՄՆ քաղաքացուն կողոպտած երիտասարդի ինքնությունը հայտնի է. նա հետախուզվում է

Երևանում ԱՄՆ քաղաքացուն կողոպտած երիտասարդի ինքնությունը հայտնի է. նա հետախուզվում է

Պարզվել է Երևանի Պռոշյան փողոցում ԱՄՆ քաղաքացու նկատմամբ օդաճնշիչ ատրճանակով ավազակային հարձակում կատարած անձի ինքնությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Նշվում է, որ մարտի 21-ին` ժամը 11:26-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը զենքի գործադրմամբ օտարերկրացի անցորդից հափշտակել է նրա պայուսակը։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել է «Stalker S17» տեսակի օդաճնշիչ ատրճանակ։

ԱՄՆ քաղաքացին ճանաչվել է տուժող։

«Դեպքի վայրին հարակից տարածքներում տեղադրված տեսանկարահանող սարքերի տեսագրությունների ուսումնասիրության և քննչական այլ գործողությունների արդյունքում պարզվել է հափշտակություն կատարած անձի ինքնությունը, որը 25-ամյա երիտասարդ է»,–նշված է հաղորդագրության մեջ։

Պարզվել է, որ երիտասարդը Սիրահարների այգում հետևից մոտեցել է օտարերկրացուն, իր մոտ գտնվող օդաճնշիչ ատրճանակով հարվածել է նրա գլխին, հափշտակել տղամարդու ձեռքի պայուսակն ու դիմել փախուստի։

Փողոցում գտնվող քաղաքացիներից մեկը, լսելով օտարերկրացու բղավոցները, վազել է երիտասարդի հետևից։ Փախուստի ընթացքում երիտասարդը պայուսակից հանել է ԱՄՆ քաղաքացու դրամապանակը, որում եղել է կանխիկ գումար և բանկային քարտ, հափշտակել դրանք, իսկ պայուսակը նետել մի կողմ։ Փախուստի ընթացքում նրա գոտկատեղին ամրացված ատրճանակն ընկել է գետնին:

Ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին երիտասարդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (Ավազակություն` զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ) հանրային քրեական հետապնդում հարուցելու համար, ինչը բավարարվել է։

Որոշում է կայացվել երիտասարդին ձերբակալելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են քննչական, օպերատիվ հետախուզական անհրաժեշտ միջոցառումներ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ։