կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-25 23:48
Հասարակություն

Սոցիալական ցանցերը վերահսկվում են

Սոցիալական ցանցերը վերահսկվում են

Պարզապես մանկամտություն է կարծելը, թե «Ֆեյսբուքը» կամ սոցիալական որեւէ այլ ցանց անվերահսկելի եւ ազատ հարթակ է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը.

 

«Մարդիկ չեն մտահոգվում, որ համացանցում տեղադրում են անձնական տվյալներ, բայց զարմանալիորեն մտահոգվում են, որ այն վերահսկվում է»,- նշեց նա` հավելելով, որ բացի այն, որ մարդիկ անձնական տվյալները տեղադրում են սոցիալական ցանցերում, դրանք տարբեր խաղերի եւ թեստեր լրացնելու ժամանակ փոխանցվում են այլ ընկերությունների, որոնք համագործակցում են սոցցանցերի հետ:

 

«Երկիր»-ի այն հարցին, թե ի՞նչ է պետք անել վերահսկվելու հավանականությունը նվազագույնի հասցնելու համար, տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը պատասխանեց, որ նախ պետք է զգույշ լինել ընկերների ընտրության հարցում, հարկավոր չէ կարեւոր բովանդակության հաղորդագրություններ տարածել, եթե ընկերների թվում կան բազում անծանոթներ:

 

Ի դեպ, բավականին տարածված երեւույթ է, երբ սոցցանցերում մարդիկ ընկերանում են անթիվ մարդկանց հետ, որոնց չեն էլ ճանաչում: Ըստ Կ. Վրթանեսյանի` սոցցանցում անծանոթին պետք է վերաբերվել այնպես, ինչպես իրականում կյանքում ես վերաբերվում:

 

Սոցցանցերում կան նաեւ անվտանգության գործիքներ, օրինակ` կարելի է փակել ընկերների ցանկը, «կողպեք դնել» որոշ հաղորդագրությունների վրա, որպեսզի ոչ ցանկալի մարդիկ չտեսնեն դրանք, եւ այլն: Այն հարցին, թե որքանո՞վ են դրանք ապահով, Կ. Վրթանեսյանն ասաց. «Եթե այնպիսի մի բան է, որը չեք ուզում մի օր բացահայտվի, այդ բանը մի դրեք ինտերնետում, անգամ եթե դա քսան կողպեքի տակ է»:

 

Փորձագետները խոսեցին նաեւ այնպիսի անհեթեթ դեպքերի մասին, երբ սոցիալական ցանցերում բացվում են  բանակի զորամասերի, հատուկ ջոկատայինների եւ նմանատիպ այլ խմբեր: Սա կարող է հրաշալի հնարավորություն լինել թշնամու համար` հասկանալու, թե ինչ զորմասեր կան, ովքեր են դրանց անդամները, ինչով են զբաղվում նրանք եւ այլն: