Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աշխատանքային օրենսդրության, անհատական և կոլեկտիվ աշատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը, որպես կանոն, իրականացվում է պետության կողմից՝ տեսչական համակարգի միջոցով, ինչպես նաև արհմիությունների, շահագրգիռ հասարակական այլ կազմակերպությունների միջոցով:
Անկախացումից ի վեր այս ինստիտուտների ներդրման և զարգացման որոշակի քայլեր իրականացվել են մեր երկրում՝ իրավական դաշտի ձևավորում, աշխատանքի պետական տեսչության ձևավորում, սոցիալական գործընկերության հանրապետական մակարդակում արհմիությունների գործնական մասնակցության ապահովում և այլն:
Սակայն օբյեկտիվորեն պետք է արձանագրել, որ դեռևս չունենք իրապես անկախ, ներկայացուցչական ու հզոր արհմիություններ՝ որպես հանրապետական, ճյուղային, տարածքային և կազմակերպության մակարդակներում սոցիալական գործընկերության կայացման համար անհրաժեշտ պայման:
Դրական փորձ ունեցող բազմաթիվ երկրների օրինակով պետք է փաստել, որ գորածատու-աշատող սոցիալական երկխոսության և գործընկերության հարթակների և պահանջարկի ձևավորումը կարելի է կարճ ժամկետում իրականություն դարձնել, եթե պետությունը՝
-ստանձնի խթանիչ դերակատարում սոցիալական գործընկերության բոլոր մակարդակներում,
-աջակցի արհմիությունների ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը, հատկապես՝ ձեռնարկությունների մակարդակում արհմիությունների կայացմանը:
Մյուս կողմից անհրաժեշտ է նաև արձանագրել, որ մեր երկրում ձևավորված չէ աշխատանքային օրեսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողական իրական համակարգ:
Մասնավորապես, տեսչական բարեփոխումների շրջանակներում ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը և ՀՀ պետական հիգենիկ և հակահամաճարակային տեսչությունը միաձուլվեցին և ստեղծվեց ՀՀ աշխատանքի և առողջապահական տեսչական մարմինը: Նոր ստեղծված տեսչական մարմնին վերապահված է միայն աշխատողների անվտանգության և առողջության պահպանման նկատմամբ վերահսկողությունը:
Արդյունքում, պետական վերահսկողությունից դուրս են մնացել՝ աշխատողի աշխատավարձի վճարման, աշխատաժամանակի և հանգստի ռեժիմների պահպանման, աշխատանքային հարաբերությունների ծագման և դադարեցման, նվազագույն երաշխիքների ու հատուցումների տրամադրման, աշխատավայրում դժբախտ դեպքերի արդյունքում աշխատողների վնասի հատուցման ոլորտները: Այս պարագայում խախտվում են նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության թիվ 81 կոնվենցիայի պահանջները:
Իհարկե, քննարկման առանձին խնդիր է ձևավորված նոր տեսչական մարմնի գործառնական արդյունավետությունը: Պետական այս մարմնում աշխատում են ընդամենը 23 տեսուչներ, որոնք պետք է վերահսկեն շուրջ 540 հազար աշխատողների իրավունքների իրացումը: Էլ չենք խոսում այդ տեսուչների մասնագիտական անհրաժեշտ կարողությունների, տեխնիկական զինվածության և տեղեկատվական ապահովման, մեթոդաբանական հիմքերի և գործիքակազմի բացակայության մասին:
Միայն դատական կարգով աշխատանքային իրավունքների պաշտպանության հնարավորությունը բավարար չէ՝ հաշվի առնելով դատարանների գերծանրաբեռնվածությունը, դատարաններում քննվող աշխատանքային վեճերի փոքր թիվը (տարեկան միջինը շուրջ 500 հայցադիմում), իրականում առկա խախտումների մեծ թիվը, աշխատողների և գործատուների իրավագիտակցության ցածր մակարդակը:
Զուգահեռաբար, աշխատանքային իրավունքների արդյունավետ պաշտպանությունը պահանջում է գործատուների ու աշխատողների իրավագիտակցության և տեղեկացվածության շարունակական բարձրացում:
Ամփոփելով. հրատապ և առարկայական անհրաժեշտություն է վարչական կարգով աշխատանքային իրավունքների պաշտպանության հնարավորության ապահովումը տեսչական լիարժեք համակարգի միջոցով:
Ցավոք, ներկայումս տեսանելի չէ նաև այս խնդիրների լուծման որևէ նախաձեռնություն:
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող