Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարդկութեան հասարակական կեանքը կազմուած է աշխատանքային եւ տօնական օրերից: Իւրաքանչիւր տօն, ըստ էութեան, սահմանագիծ է, որից սկսւում է մի նոր գործ, մի նոր կեանք: Տօնը կեանքը շարունակելու բնական խթան է, ապրելու մի նոր ազդակ: Այդ է պատճառը, որ տօներին սպասում են եւ յատուկ պատրաստւում: Գոյութիւն ունեն օրացուցային եւ յատուկ իրադարձութիւնների հետ կապուած տօներ, ինչպէս, օրինակ, հարսանեկան, թաղման, անձրեւ բերելու կամ կտրելու, ապա եւ պետական իրադարձութիւնների հետ կապուած տօներ: Դրանցից իւրաքանչիւրն ունի աւանդական կարգ, որի շրջանակներում հնարաւոր է նաեւ իմպրովիզացիա: Սակայն ազգագրական ուսումնասիրութիւնների փորձը ցոյց է տուել, որ տօների մէջ գերակշռում է աւանդականը: Համշէնահայերի հասարակական կեանքում ծէսը եւ ժողովրդական թատրոնը խիստ որոշակի դեր են կատարում: Դրանց ակունքները թաղուած են հնագոյն անցեալում, իսկ միւս մասը, հասնելով մինչեւ մեր օրերը, ապակրօնականացման հետեւանքով բազմաթիւ տարրերի կորուստներ է ունեցել: Ի դարի 60-ական թուականներին, սակայն, դեռեւս հնարաւոր էր գրանցել որոշ ազգագրական փաստեր ու տեղեկութիւններ Սեւ ծովի հիւսիսարեւելեան ափերին ապրող համշէնահայերի ծիսական կեանքի վերաբերեալ:
Տարուայ օրացոյցը ժողովրդական մշակոյթի կարեւոր բաժիններից մէկն է եւ հանդիսանում է ամբողջ ծիսական բարդ համակարգի վարքագծի տարեկան, սեզոնային, շաբաթական ու օրական ժամանակների շրջադարձային կողմնորոշողը: Այդ պատճառով կարեւոր ենք համարում ասացողների տուած նոյնիսկ մասնակի տեղեկութիւնները` դրանց աւելացնելով Յ. Մուրադեանի հրատարակած, Բ. Գ. Թորլաքեանի եւ Ժ. Կ. Խաչատրեանի գրանցած ձեռագիր արխիւային նիւթերը:
Նոր տարի – Կաղանդ – Քրիստոսի ծնունդ
Ձմեռնային տօների շարքում առանձնայատուկ տեղ է զբաղեցնում Կաղանդից մինչեւ Մկրտութիւն (Ջրօրհնէք) ժամանակահատուածը (դեկտեմբերի 24-ից մինչեւ յունուարի 6-ը): Ծննդեան տօների ոչ մեծ ընդմիջումները դժուարացնում են առանձնացնելու եւ որոշակի դարձնելու ծէսերի տեղը եւ տօներին պատկանելը:
Ծննդեան տօների հիմնական գործողութիւններն են՝ ծիսական կրակ վառելը, ճաշկերոյթը, ապագայի կանխատեսումները, գուշակութիւնները, որոնց նպատակն ընտանիքի բարօրութիւնն ու առատութիւնն ապահովելն էր: Համշէնցիների Նոր տարին համընկնում է Յուլիան օրացոյցի ժամանակների հետ, սակայն յիշում են նաեւ, որ երբեմն տօնել են նաեւ Կաղանդին: Դեռեւս 60-ական թթ. Հայկաձորի բնակիչներն իրար շնորհաւորելիս ասել են. ՙՇնորհաւոր Նոր տարի եւ բարի Կաղանդ՚ (Ժ. Կ. Խաչատրեանի ֆոնդ, ասացող` Ղուկասեան Վարդան): Յուլիան օրացոյցի Կաղանդը նախորդել է սբ. Վասիլի Մեծին նուիրուած շաբաթին: Ժողովրդական օրացոյցի համաձայն` յունուարի առաջին օրերը յայտնի էին որպէս սբ. Վասիլիի օրեր: Դրա համար էլ յունուարի 1-ը համընկնում է պասի օրերին, եւ օրէնք է` տօնը դիմաւորել ընտանեկան շրջանակում:
Տօնական սեղանին դրուել են ամէն տեսակի պասաւուր կերակուրներ: Յատուկ նշանակութիւն է տրուել կերակրատեսակների թուին, որն ունէր նաեւ սրբազան իմաստ: Առաւելութիւնը տրուել է եօթը թուին, եօթը տեսակին, որոնց մէջ գերակշռել են հատիկային կերակուրները, դդումի տապակած միջուկով խմորեղէնները: Նախօրօք պատուիրուել է (փռում) 7 տեսակի խմորեղէն: Տանը թխուել է ընտանիքի անդամների թուով խմորեղէն, որոնցից մէկի մէջ դրուել է բախտաւորութեան նշանը (Բ. Թորլաքեանի ֆոնդ, հ. 4, էջ 238): Երեկոյեան` արեւը մայր մտնելուց յետոյ, Նոր տարինհամշէնահայերը նշել են յատուկ ընտանեկան ճաշկերոյթով: Սեղանին անպայման դրել են մի մեծ սափոր ջուր, 4 վառուող մոմ, որոնք պէտք է այրուէին մինչեւ առաւօտ: Եղեւնու փոխարէն, որպէս տօնական ծառ, գործածուել է երջանկութիւն բերող ձիթենու ճիւղ (եղեւնին գործածուել է 1900 թուից), որը զարդարուել է ճեղքուած ընկոյզներով, չորացած թզով ու խնձորներով: Հաւանաբար ճիւղը խրել են ծիսական հացի մէջ (կանգնեցնելու նպատակով), ինչպէս ընդունուած էր յոյների մօտ (Է. Խ.): Նոր տարուայ սեղանին պարտադիր էր չամչով համեմուած, խաշած եգիպտացորենով հատիկը եւ եգիպտացորենի ալիւրից կաթով ու բուսական իւղով պատրաստած խաշիլը (արման), որը մատուցւում էր մածնով: Պարտադիրներից էին նաեւ ցորեն հացը, խորոված դդումով կարկանդակը, սիսեռը, չոր մրգերը, մեղրով ընկոյզը: Տօնական սեղանի ամենայարգուած զարդը խնձորն էր: Ըստ Բ. Թորլաքեանի՝ խնձորներից մէկի մէջ տանտիկինը թաքցրել է բախտի նշանը (մի մետաղադրամ). ընտանիքի գլխաւորը, խնձորը կտրտելով, բաժանում էր բոլորին: Ում ընկնէր նշանը, նա համարւում էր երջանիկ եւ յաջողակ մինչեւ տարուայ վերջը (Բ. Թորլաքեանի ֆոնդ, հ. 4, էջ 226): Սակայն դժուար է պատկերացնել, թէ ինչ մեծութեան պէտք է լինէր այդ խնձորը, որ բաւարարէր ամբողջ ընտանիքին: Ըստ դաշտային նիւթերի՝ խնձորներով լիքը (ընտանիքի անդամների թուով) մատուցարանը դրուել է սեղանին, որոնցից մէկի մէջ տանտիրուհին տեղադրել էր արծաթադրամը (Ժ. Կ. Խաչատրեանի ֆոնդ, Հայկաձոր, ասացող` Վարդան Ղուկասեան): Բոլորը յոյս էին փայփայում, որ դրամով խնձորը պէտք է իրենց բաժինը դառնայ: Ըստ հաւատալիքների` երջանկացած անձը երջանկութիւն եւ յաջողութիւն էր բերում ոչ միայն իր ընտանիքին, այլեւ այն ընտանիքին, ում տանը նոր տարում առաջին անգամ ոտք դնէր: Ռուսական միջավայրում նա կոչւում էր առաջին այցելու (полазник): Հայերի մէջ առաջին այցելուի բարեբերութեան հաւատը պահպանուել է մինչեւ օրս: Նշանի տէրը առաւօտ շատ վաղ գնում էր աղբիւրը` ջրի, լցնում տան բոլոր ջրամանները: Նրա պարտադիր ու կարեւոր պարտականութիւնը տան անասուններին ծիսական ուտեստով կերակրելն էր: Գոմ մտնելով՝ նա առաջին հերթին գոմի բոլոր անկիւններում ցորենի հատիկներ էր շաղ տալիս, ապա անասուններից իւրաքանչիւրին առանձին-առանձին կերակրում էր արմայով, խաշած եգիպտացորենի հատիկներով: Վերջում աւելով թեթեւակի խփում էր անասունին, որ նա պտղաբեր լինէր: Այդ գործողութեան ընթացքում շնորհաւորական խօսքեր արտասանելով՝ կրկնում էր նաեւ ալ փարի, դուլ փարի, խէր աչառ, էկ տուսիկ անհասկանալի բանաձեւը (Բ. Թորլաքեանի ֆոնդ, հ. 4, էջ 290): Ծէսի նպատակը նոր տարում բերքի առատութեան, կենդանիների պտղաբերութեան եւ մարդկանց առողջութեան ապահովումն էր:
Բոլորը հաւատում էին, որ Նոր տարուց մինչեւ Ծնունդ տեղի ունեցող բոլոր դէպքերն ու երեւոյթներն իրենց ազդեցութիւնը պէտք է ունենային ամբողջ տարուայ վրայ: Տօնի գլխաւոր գործողութիւնները միայն այդ օրերին պարտադիր խաղացուող խաղերն էին, որոնց արուեստագէտները տալիս են ֆոլկլորային թատրոն ընդհանուր անունը: Այդ խաղերը հնում որոշակի սցենարով, երգ ու պարով, ապա եւ երաժշտութեամբ կատարուող ծիսական արարողութիւններ էին: Նիւթեր գրանցելու ժամանակաշրջանում ծէսերի յարմարեցման հետեւանքով անհասկանալի է դարձել դրանց բովանդակութիւնը: Սակայն տիպաբանական ու համեմատական ուսումնասիրութիւնը հնարաւոր է դարձնում աւանդականի բացայայտումը: Այդ պատճառով խաղերը սկսել են բաժանուել երկու խմբի՝ ծիսական եւ շարժական խաղերի (ժամանցի): Մեր կողմից գրանցուած տարեկան տօներին վերաբերող նիւթերում դիտւում է ծէսից ծէս խաղացուող թեմաների տեղափոխութիւն: Դա մի կողմից ցոյց է տալիս, որ թուլացել է ծէսի ու խաղի կապը, միւս կողմից հաստատում է նրանց իմաստաբանական նմանութիւնը օրացուցային, ընտանեկան ու պետական ծէսերում: Այդ է պատճառը, որ համշէնական թատերականացուած մի շարք խաղեր տեղի են ունենում ոչ միայն Ծնունդին, այլեւ Բարեկենդանին եւ հարսանիքներին: Եւ պատահական չէ, որ բոլոր խաղերում ընկած են պսակադրութեան, ամուսնութեան եւ պտղաբերելու կարողութեան թեմաները:
Նոր տարուայ նախօրէին, երբ ամբողջ ընտանիքը հաւաքւում էր կրակի շուրջ, յանկարծ դղրդոցով բացւում էր դուռը, եւ ինչ-որ մէկը քարերով լիքը մի պարկ շպրտում էր ներս: Նետողը, պարկի ծայրին կապած պարանը պինդ բռնած, թաքնւում էր այնպէս, որ չճանաչուէր: Սկսւում էր խուճապ, հրահրոց, մէկը քաշում էր պարանից, միւսը աշխատում էր պարկը քաշքշել, իսկ պարկի անյայտ տէրը, ձիգ տալով պարանը, փախցնում ու անհետանում էր: Քիչ անց նորից էր բացւում դուռը, եւ նորից սկսւում էր խառնաշփոթութիւնը, սարսափն ու ծիծաղը: Այսպէս շարունակւում էր այնքան, մինչեւ տան տէրերը պարկի քարերը փոխարինում էին ընկոյզով ու կաղինով: Միայն այդ ժամանակ էր, որ անտեսանելին պարկը դուրս էր քաշում եւ անհետանում (Յ. Մուրադեան, 120-121): Միւս ծիսախաղը տեղի էր ունենում Նոր տարուայ առաւօտեան:
Երկու երիտասարդ, ձեռքներին ձեռնափայտ, քար կամ կացին, լուռ մօտենում էին տանը, մէկը բարձրանում էր ձեղնայարկ, որտեղ սովորաբար դրւում էին մկան թակարդները, եւ ձեռքի իրով խփում գերաններին: Երկրորդ երիտասարդը հաւանաբար մտնում էր տուն եւ ներքեւից հարցնում` Ի՞նչ եսանում…, վերեւից պատասխանում էր՝ մկներին եմ քշում… Ներքեւից հարցնում էր՝ ո՞ւր ես քշում… վերեւից պատասխանում էր՝ Ստամբուլ, կամ աւելի հեռու, Սեւ ծովից այն կողմ եւ այլն (կարող էր ուղարկել նաեւ այն մարդու տուն, ում ցանկանում էր վատութիւն անել: Նորից լսւում էր հարուածների ձայնը. ներքեւինը հարցնում էր՝ ի՞նչ ես անում… պատասխանը լինում էր՝ ցաւ կըյտէմ կու… ապա հարցնում էր՝ նէ՞ր ղրգիս բիդի… պատասխանն էր՝ տալով մի հեռու վայրի անուն. Այսինչ տեղը… Այսպէս հարց ու պատասխանով տնից վտարում էին բոլոր անյաջողութիւնները եւ այն ամէնը, ինչ կարող էր ընտանիքին վնաս պատճառել (Յ. Մուրադեան, նշ. աշխ. 122) Նման մի ծէս տարածուած է Հայաստանի գրեթէ բոլոր գաւառներում, որը տեղի է ունեցել Մեծ պասի առաջին շաբաթուայ օրերից մէկում (Է. Պետրոսեան, Աստուածները եւ ծիսակատարութիւնները հին Հայաստանում, էջ 55):
Համշէնահայերի մէջ կայ մի սովորութիւն, որը որակւում է որպէս ծառին վախեցնելու արարողութիւն: Նոր տարուայ առաւօտեան երկու երիտասարդ, կացինը ձեռքերին, անխօս մտնում են այգի, մօտենում բերք չտուող ծառին: Նրանցից մէկը, կացինը թափահարելով, ասում է` մէյվա /պտուղ/ չիսպէրիլ, գդրէմ բիտի…, միւսն ասում է՝ գդրիլ մի, պէրա գու: Նոյն գործողութիւնը կրկնում են երեք անգամ: Հաւատում են, որ ծառն այդ տարի բերք կը տայ (Յ. Մուրադեան, էջ 125):
Խաղերից ամենատարածուածը ամուսնական զոյգերի խաղն է (Ժ. Խաչատրեանի ֆոնդ, Վերին Լոո, ասացող` Թաքմազեան): Նոր տարուայ առաւօտեան հաւաքուած երիտասարդների ու պատանիների խմբից առանձնանում են երեքը` որպէս երթի ղեկավարներ: Մէկն ընդունում է փեսացուի կերպարանք, երկրորդը հագնում է կնոջ շորեր եւ ներկայանում որպէս հարս, իսկ երրորդը ձեռքն է առնում մթերքների պայուսակ կամ տոպրակ եւ դառնում ամբողջ երթի ղեկավարը: Երգելով ու պարելով` երթը շրջում է տնէտուն: Ամէն տեղ Նոր տարի շնորհաւորելով ու մաղթանքներ տեղալով՝ ցորեն ու գարի են շաղ տալիս տան բոլոր անկիւններում: Ծամածռութիւններ ու կատակներ են անում: Տան տէրերը երթն ընդունում էին մեծ ուրախութեամբ, նուէրներ էին տալիս՝ տանձ ու խնձոր, ընկոյզ ու կաղին, շագանակ եւ այլն: Շրջապտոյտից յետոյ բոլորը հաւաքւում են ճաշկերոյթի: Եթէ մթերքը շատ էր, մի մասը վաճառւում էր: Սոչի քաղաքում հայ երիտասարդները ծնունդին (Յունուարի 5-ին), տնէտուն շրջելով, Ալելույա երգելով, օրհնում էին տան փոքրերին, գովաբանում հարսներին: Այս փոքրիկ խմբերը, բացի մթերքից, նաեւ դրամական նուէրներ էին ստանում, որը գործածւում էր բարեգործական նպատակների համար (մանկատուն, դպրոց…):
Հայկական գիւղերում այս օրերին ընդունուած էր խաղալ Պապի խաղը: Բերենք այս թատերախաղի մի քանի տարբերակի նկարագրութիւն: Վերին Էշերիում երիտասարդները ընդունում են Պապի, Հարսի, Արաբի եւ Բժշկի կերպարներ (Ժ. Խաչատրեանի ֆոնդ, ասացող` Նուարդ Ղարագէօզեան): Երթին միանում են նաեւ նուագածուներ (յատկապէս՝ քեամանչաջի): Բոլորի հագուստները պատրաստւում են ցնցոտիներից: Արաբի երեսը ներկում են մրով: Նախօրօք տանտիրոջ հետ համաձայնութեան գալուց յետոյ Պապը մտնում է տուն, յենւում գաւազանին: Տան տէրը հարցնում է, թէ ի՞նչ է ուզում: Պապը խնդրում է աձուկ (ածու) անէլու դէղ: Պապն իր փայտով մարգեր է անում, փոսեր է փորում: Յետոյ Հարսին՝ Գիւլիզարին, կանչում է օգնութեան: Երկուսով, փայտերը ձեռքերին, ծամածռութիւններով իբր փոս են փորում: Քիչ յետոյ նրանց օգնութեան է գալիս Արաբը, որը Գիւլիզարի սիրեկանն էր: Գալիս է նաեւ Փեսան, եւ սկսում են ծիծաղաշարժ ծամածռութիւնները: Բոլորը իրար խփում են, սայթաքելով ընկնում ու վեր կենում, ապա ներս են լցւում նաեւ երթի միւս մասնակիցները, բացի Բժշկից: Կազմւում է մի շրջան, նուագում են, երգում ու պարում: Յանկարծ կրակոցի ձայն է լսւում, եւ Արաբը սպաննուած ընկնում է գետնին: Գիւլիզարը ընկնում է Արաբի վրայ ու ողբում նրա մահը: Գալիս է Բժիշկը, եւ սկսւում է քաշքշուկը: Արաբին շուռումուռ է տալիս, քաշքշում թեւերն ու ոտքերը, սրտի զարկերը լսելու համար ականջը դնում է տարբեր տեղեր` փոխանակ դնելու կրծքին: Երկար, ծիծաղելի գործողութիւններից յետոյ վերջապէս Արաբը կենդանանում է, եւ նորից բոլորը, շրջան կազմելով, պարում, երգում են ու հեռանում:
Տանտէրը նուէրներ է տալիս (մթերք ու դրամ) եւ ուրախ-ուրախ ճանապարհ դնում: Երթը շարունակւում է, խաղը նոյնութեամբ կրկնւում է տարբեր տներում: Ասացողը, ցաւօք, աղօտ տեղեկութիւններ ունէր Փեսայի ու ղեկավարող երիտասարդի դերի մասին: Հաւանաբար խաղացուել են նաեւ սիրային տեսարաններ, յատկապէս` Արաբի հետ, որի համար էլ նա սպանւում է: Ուրիշ ժողովուրդների նմանատիպ ներկայացումների նմանատիպ գործողութիւնները հենց խաղի առանցքն են կազմել: Հայաստանի ոչ մի գաւառում մինչ օրս նման Պապի խաղ չի գրանցուել:
Համշէնահայերի մէջ պահպանուել է եւս երկու տարբերակ` գրանցուած Մծարա գիւղում: Առաջին տարբերակի մասին պատմել է Կարապետ Քոչկանեանը. Նօր դարուն, ծընընդի օրը՝ իրիգունը ալելուկ գովուշ կէնէյինք: Տօնի հայսընցուն, թագւօրցուն օրհնաձ մընան Ա՛–վէ–դի՛սս… մէմը հայս, մէմը թագւօր, բաբ, արաբ: Բիթթունն է կըդռիչ կըլլէն: Պապին հագցրել են մեծ քուրք, բրդից ունք, բեղ ու մօրուք դրել: Գլխին բաշլըղ, ոտին չարօխ-գուրբա: Մէջքին լայն գօտի են կապել: Արաբն հագել է ինչ պատահի, միայն թաւի (տապակիչ) տակի մրով երեսը սեւացրել է: Գլխին դրել են ֆէս: Առհասարակ սարսափազդու տեսք պիտի ունենար: Սպիտակ ատամներն էլ անպայման պէտք է երեւային: Հարսին հագցրել են կաբա, վրան` գօտի ու գոգնոց, սիմբլի չուխա: Գլխին` ցածր ֆէս, որի վրայից լաչագ (գլխաշոր) կապել: Գլխից ներքեւ մի մեծ շալով ծածկել են: Ամբողջ խաղի ընթացքում հարսը երկու ձեռքով ծածկել է երեսը: Փեսան լաւ հագնուած, միայն բեղեր դրած (անմօրուս) պատանի էր:
Երթը, կանգնելով տներից մէկի առաջ, թակում էր դուռը: Տանտէրը, դուռը բացելով, նրանց հրաւիրում էր ներս: Երթը ներս էր մտնում ծամածռութիւններով, կատակելով, աշխատում ծիծաղեցնել բոլորին: Ոմանք էլ հարայ-հրոցով ճան էին խաղացնում: Պապը, մէջտեղ գալով, պար խաղալու տեղ էր խնդրում եւ ստանալով տարածում էր թեւերը եւ ծիծաղաշարժ ծամածռուելով պարում: Մի փոքր պարելուց յետոյ բոլորը միանում են պարին, պապը յայտարարում է. Հայս ունէմ, բէրէմ, խաղցըցնէմ գօ: Հարսը, երեսը բանալով, մտնում է պարաշրջան: Մի փոքր պարելուց յետոյ հարսը փախչում, թաքնւում է: Փեսան գտնում, վերադարձնում է: Մի քանի անգամ վերադարձնելուց յետոյ խաղն աւարտւում է՝ խաղը բաշ կէնէն(թամնէցնէն): Խաղի համար տարբեր ուտելիքներ (հաւ, հաւկիթ, գաթա) նուէր ստանալուց յետոյ հաւաքւում են մէկի տանը ճաշկերոյթի (դրսում հաւաքուելը օրէնք չէր):
Գալուստ Փաշայեանի պատմած երկրորդ տարբերակում մասնակիցների թիւը երեքն է՝ Պապ, հարս եւ արաբ: Երեքն էլ ցնցոտիներ են հագնում, արաբի երեսը ներկում են մրով, բերանը՝ սպիտակ կաւճով (իբրեւ ատամներ):
Առանց նախազգուշացման՝ յանկարծ երեքը միասին տուն են մտնում: Պապը պարատեղ է պահանջում՝ ասելով՝ դէղ դվէք, բար բդէ խաղանք: Գրաւելով տան ամենամեծ սենեակը՝ պապն ու հարսը պարում են, նրանց միանում է արաբը ու պարի ընթացքում քաշքշում հարսին, փորձում է համբուրել. երկուսով սիրային խաղեր են խաղում: Պապը, արաբից փախցնելով հարսին, յետ է բերում: Արաբն էլ իր հերթին է փորձում պապից փախցնել հարսին: Այսպէս զուարճալի ձեւով կրկնում են խաղը մի քանի անգամ: Վերջացնելով՝ նուէրներ են ստանում ու գնում ուրիշ տուն:
Ցեբելդայում Պայծառ Յարութիւնի Գիւրումեանից (Ժ. Խաչատրեանի ֆոնդ, նոյն տեղ) գրանցուել է մի երրորդ տարբերակ, որը կոչւում է Հայսի խաղ: Դերակատարները երեքն են՝ ծերուկ (պապ), հայս եւ կնքահար: Նրանց շրջապատել է ցնցոտիներ հագած մի քանի երիտասարդներից կազմուած շքախումբը, որի մէջ երբեմն մտել է նաեւ հոգեւոր հօր կերպար ներկայացնողը: Խաղն աւելի ծիծաղելի դարձնելու համար հարսին քողի փոխարէն ծածկել են ձկնորսական ուռկանով: Ծերուկ փեսացուի փորին ու մէջքին բարձեր են կապել, գլխին չալմա դրել, երեսը մրով սեւացրել, ապա բեղ ու մօրուք (կանեփի թելերից) սարքել: Ձեռքը մի մեծ գաւազան են տուել: Կնքահարը ամենաշատ գզգզուած ու ցնցոտիաւոր էր:
Երթն աղմկելով, իրար հրմշտկելով ու կատակելով շրջում էր փողոցներով, յետոյ կանգնում մի տան առջեւ: Ծերուկ փեսան, ներս մտնելով, տանտիրոջը խնդրում է. ՙԿարէլի է, վօր ըստեւ մի աձու (մարգ) շինենք, կամ կարէլի՞ է ինձ մի աձուգի տէղ տաք: Տանտէրը տալիս է: Փեսան փայտով մի շրջան է գծում եւ ձեւացնում, թէ մարգեր է փորում: Յետոյ երգելով պարում է: Քիչ անց կանչում է՝ հայսը բէրէք: Հարսը մի փոքր չեմ ու չում է անում, բայց միանում է պարին, յանկարծ տեսնում է, որ փեսան ծերուկ է, խռովելով, նեղանալով դուրս է փախչում: Ծերուկը, յենուելով ձեռնափայտին, ասում է. Քէզի աբէրշում կÿառնէմ, կօնդուրա (ոտնաման) կÿառնէմ, շալ ու գուրբա կÿառնէմ, բիլազուգ կÿառնէմ: Հարսը համոզուելով վերադառնում է, մի քիչ էլ պարում են միասին ու, նուէրներ ստանալով, խաղն աւարտում: Եթէ հոգեւոր հայր կար հետները, ապա աւարտւում էր պսակի արարողութեամբ: Շքախումբը շնորհաւորում էր, հարսին պարացնում կամ համոզում համաձայնել հարսնանալ ծերուկին: Երբեմն խաղացւում էին նաեւ սիրային տեսարաններ: Նուէրները նոյնն էին: Ըստ ասացողների` այդ ամէնը միայն ուրախութեան համար էր արւում:
Այսպիսով` եթէ վերլուծելու լինենք Պապի խաղի տարբերակները, ապա կարող ենք ասել, որ առանձնանում են մի քանի ընդհանուր գծեր. ցանելու տեղի կամ տարածքի առանձնացում, հարսի թաքնուելու կամ փախչելու ընդգծում եւ պսակի արարողութիւն: Դրանցից ոչ մէկը կապ չունի քրիստոնէական Ծնունդ տօնի եւ հասկացողութեան հետ, բացառութեամբ Ալելույա երգի կամ ուղղակի շնորհաւորանքների հետ: Պէտք է ենթադրել, որ Պապի խաղը շատ աւելի հին ակունքներ ունի: Հայաստանի տարբեր գաւառներում եւ առհասարակ հնդեւրոպական բոլոր ժողովուրդների մէջ եւս խաղացուել են տիպաբանօրէն նման տեսարաններ, որոնցում գլխաւոր դերակատարներն ընդունել են այծի կերպարանք, իսկ խաղի հիմնական թեման եղել է մեռնելու եւ յարութիւն առնելու գաղափարը:
Համշէնահայերն իրենց ապրած տարածքի ընդհանրութեան հետեւանքով սերտ կապերի մէջ են եղել Պոնտոսի յոյների հետ եւ, բնականաբար, պէտք է մշակութային որոշակի զուգահեռներ ունենային իրար հետ:
ԺԹ դարում հայկական գաւառներում մենք չենք հանդիպել Սբ. Վասիլիի հետ կապուած ոչ մի հաւատալիքի հետ, եթէ չհաշուենք այն փաստը, որ որոշ տեղերում եւ յատկապէս Ջաւախքի հայութեան մէջ նոր տարուայ ծիսական հաց տիկնիկներին հայերը տուել են ասիլ–վասիլ կամ ուղղակի վասիլանունը: Հայերը եւ յոյներն առհասարակ դիմակահանդէսների եւ տօնական երթերի ժամանակ հագել են կենդանիների դիմակներ եւ հագուստներ, ընդունել յատկապէս ուղտի, արջի, այծի, խոյի կերպարանք, այդ թւում` նաեւ աւանդական խաղերի հիմնական դերակատարների՝ հարսի, փեսայի, ծերունու, մաւրի եւ այլն: Համշէնահայերի` Ծնունդին խաղացւող դիմակահանդէսային երթերը, ապա եւ արաբի սպանուելն ու յարութիւն առնելը կապւում են դիցաբանական որոշակի մտածողութեան եւ մարդու կողմից հմայական արարողութիւններով ծէս կատարելու հետ, որով պէտք է ազդէին բնութեան պտղաբերութեան վրայ (Календарные обряды в странах зарубжной Европы, Зимные праздники, 326): Ծննդեան տօների դիմակահանդէսներն ու կերպարանափոխութեամբ խաղերը կապւում են ամսուայ կամ տարուայ առաջին օրերին տրուող կախարդական, հմայական նպատակադրման հետ, որով նախատեսւում էր լաւ սկիզբ եւ բարօրութիւն: Այսպիսով` համշէնահայերը, ինչպէս եւ Պոնտոսի յոյները սկսուող տարին դիմաւորել են որպէս կաղանդ, Նոր տարի: Բոլոր փաստերը վկայում են փոքրասիական մշակոյթի հնագոյն շերտերի միասնականութեան մասին, եւ որ հին աւանդները շարունակւում են մինչեւ օրս:
Տիրոջ մկրտութիւնը
Համշէնահայերը մկրտութեան տօնը նշել են եկեղեցական կարգով: Վաղ առաւօտեան բոլորը գնացել են եկեղեցի՝ տրուող պատարագին մասնակցելու: Այդ օրը տեղի են ունեցել նաեւ զոհաբերութիւններ: Համաձայն ասացողների վկայութեան` հնում մկրտութեան, Ջրօրհնէքի ժամանակ խաչը գցել են ծովը, իսկ լողորդները մտել են խաչը հանելու: Ժամանակի ընթացքում դժբախտութիւններից խուսափելու համար տեղի են ունեցել փոփոխութիւններ (լողորդները մրցման ընթացքում խեղդուել են): Խաչի մկրտութեան արարողութիւնը կատարուել է եկեղեցու աւազանում (Ժ. Խաչատրեանի ֆոնդ, Անապա, Կարապետ Վասիլեան): Ծնունդ, Ջրօրհնէք, Մկրտութիւն տօնին պատարագից յետոյ եկեղեցու բակում երեք օր շարունակ տեղի են ունեցել տօնախմբութիւն, մրցոյթներ, խաղեր ու տօնավաճառ, որի ժամանակ նաեւ երգել ու պարել են, զբաղուել ձիախաղերով:
Ժենիա Խաչատրեան, Էմմա Պետրոսեան
ՀՀ ԳԱԱ Հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտ