Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հրանտ Դինքի հիշատակին
Անցյալ ամիս անանց մի կարոտով և ցավով հիշատակեցինք Հրանտ Դինքի սպանության 14-րդ տարելիցը, ցավալի գիտակցում, որ արդարությունը դեռևս չի վերականգնվել։ Տարելիցի կապակցությամբ վերստին աչքի անցկացրեցի այն նշումներս, որ արել էի այդ օրերին իմ ունեցած ապրումների մասին։ Մեկ անգամ ևս ապշանքով նկատեցի, որ թեև այդ ամսաթվից այդքան տարի է անցել, սակայն այդ օրվա մեր ապրումներն այսօր էլ իրենց արդիականությունը չեն կորցրել։ Այդ պատճառով ցանկանում եմ մեկ անգամ էլ կիսվել այն ապրումներով, որ այդ օրն եմ ունեցել․․․
Կյանքը Ռաքել Դինքին հարկադրեց ելույթով հանդես գալ իր սիրելի ամուսնու՝ Հրանտ Դինքի թաղման արարողությանը, ելույթ, որ երբեք չէր ցանկանա ունենալ։ Այդ խոսքը դիպավ բազմաթիվ մարդկանց սրտերին, տարբեր ձևերով ազդեց շատերի վրա։ Սիրելի Ռաքել Դինքի ելույթը լսեցի այդ հսկայական ամբոխի հետ․ հպարտ էի, որ այդ մարդկանց մեջ էի գտնվում։ Երբ ելույթն ավարտվեց, գիտակցությանս մեջ մխրճված, սակայն երթի ամբողջ ընթացքում ցավիս ստվերում մնացած մտքերն օրեր շարունակ հանգիստ չէին տալիս ինձ։
Սիրելի Ռաքելն իր ելույթի մի հատվածում ասում էր․ «Քանի դեռ ըստ արժանվույն չի քննադատվել մի երեխայից մարդասպան ստեղծած այս մթությունը, ոչ մի բան հնարավոր չի լինի անել»։ Այդ խոսքը պատճառ դարձավ, որ վերստին անդրադառնամ այն մթությանը, որի մեջ մեծացել էի։ 8 կիլոմետրանոց այդ երթից հետո, կյանքիս հետ չափելի ճանապարհին ուղևորություն էի ձեռնարկել հոգուս ներսում։
Ինձնից ի՞նչ էր ցանկացել ստեղծել այդ մթությունը։ Ի՞նչ ապրումներ էր այն ինձ տվել։ Ի՞նչ էր նշանակում այս երկչոտությունս, որ անգամ վարանում էր առերեսվել իր ապրումների հետ։ Արդյոք այդ վեհերոտությունս ազգակի՞ց էր Հրանտի «աղավնու երկչոտությանը»։ Լա՛վ, իսկ ինչի՞ց էր բխում ճչալու այս ցանկությունս, որ տակնուվրա էր անում սիրտս։ Եւ ինչո՞ւ էի ինձ վրա համառորեն ճնշում գործադրում, որպեսզի լռեցնեմ այդ պատյանի մեջ ոչ մի կերպ չտեղավորվող, խեղդված ձայնս։ Այդ ամենը պետք է որ բացատրություն ունենա։ Հենց դա է այս ուղևորությանս նպատակը, խոսելու այդ ցանկությունս։
Ծնվել եմ Սև ծովի մի փոքրիկ համշենական գյուղում։ Նախակրթարանում ուսմանս ընթացքում մեր գյուղից դուրս չեմ եկել (բացառությամբ՝ լազերով բնակեցված հարևան գյուղի, ուր գնում էի՝ նպարավաճառից գնումներ անելու)։ Նախքան տարրական դպրոց հաճախելը երկու լեզու եմ սովորել՝ համշեներեն (հայոց լեզվի Համշենի բարբառը-Ակունքի խմբ․) և թուրքերեն։ Նախքան դպրոց գնալը թե համշեներեն և թե թուրքերեն խոսելը սովորական էր ինձ համար։ Սակայն երբ սկսեցի դպրոց հաճախել, ամեն բան փոխվեց։ Ընտանիքիս անդամներն սկսեցին անընդհատ թուրքերեն խոսել ինձ հետ (իհարկե, բացի մայրիկիցս, ով երբ համշեներեն չիմացողներին սկսում էր թուրքերեն մի բան պատմել, իր պատմությունը համշեներենով էր շարունակում, և երբ ունկնդիրներն ապշահար իրեն էին նայում ու բան չէին հասկանում, ասում էր՝ «Է՜հ, ի՞նչ անեմ, ջանիկս, ներողամիտ եղիր, ես հոգնում եմ, երբ թուրքերեն եմ խոսում»)։ Ընտանիքս սկսել էր ինձ անընդմեջ զգուշացնել, որ միայն թուրքերեն խոսեմ, որովհետև մտավախություն ուներ, թե թուրքերենի իմացությունս կտուժի համշեներեն խոսելու դեպքում։ Համշեներենն արգելված էր դպրոցում։ Դասարանի ավագն ընդմիջումներին համշեներեն խոսացած երեխաների անունները գրում էր գրատախտակին՝ «չարաճճիություն» արած մանուկների անունների կողքին։ Երբ ուսուցիչը դասարան էր մտնում, պատժում էր այն «անպիտան երեխաներին», որոնց անունները լինում էին գրատախտակին։
Այդ ժամանակաշրջանում ես երջանիկ էի, որ թուրք եմ։ Մի փառահեղ պատմություն ունեի, ինչպես նաև՝ մեզ ոչնչացնել ցանկացած թշնամիներից մեզ փրկած մի մեծ Աթաթյուրք։
Երբ սկսեցի միջնակարգ դպրոց հաճախել, արդեն ավան էի գնում՝ ուսանելու համար։ Մեր այդ գյուղաքաղաքի բնակչության կեսը լազեր (ճոներ) էին, մյուս կեսը՝ համշենցիներ։ Միջնակարգ կրթությանս տարիներին անընդհատ ինքս ինձ հարց էի տալիս, թե ինչու էինք մենք լազերից այդքան հեռու։ Թեև նույն դասարանում էինք սովորում, սակայն ոչ մի լազ ընկեր չունեի։ Ինչու՞։ Հորս հարցրի․ «Ինչու՞ են նրանք տարբեր։ Մի՞թե բոլորս թուրք չենք»։ Հորս պատասխանը փարատել էր անհանգստությունս․ «Քանզի նրանք իսլամ ընդունած մեգրելներ են»։ Մենք թուրք էինք։ (Հետագայում էի իմանալու, որ լազերն էլ մեզ հաստակող հայ են ասում)։
Ստամբուլում եմ լիցեյ հաճախել, որտեղ ծանոթացա Թուրքիայում ապրող այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչների հետ։ Սակայն նրանք բոլորն էլ թյուրքական ցեղերից էին սերում՝ բացառությամբ հայերի, հրեաների և հույների․․․ Ինչ որ կարդում էի համշենցիների մասին, բոլոր տեղեկություններում վկայակոչվում էր Ֆ․ Քըրզըօղլուն, ով մասնավորապես գրել էր․ «Համշենցիների նախնիները եղել են օղուզ թյուրքերը․․․»։
Ստամբուլում ունեցա քուրդ ընկերներ, որոնք ասում էին, թե իրենք թուրք չեն։ Ընկերական խոսակցությունների ժամանակ ինձ հարցնում էին, թե որ լեզվով եմ խոսում։ Լեզուն ազգերին տարբերակող առանձնահատկություններից մեկն էր, և մայրենիս, որով խոսում էի, տարբերվում էր թուրքերենից։ Երբ նոր մարդկանց հետ էի ծանոթանում, «Որտեղացի՞ ես» հարցին ի պատասխան՝ ասում էի՝ խոփացի (գավառ և նույնանուն քաղաք՝ ներկայիս Թուրքիայի Հանրապետության Արդվին նահանգում-Ակունքի խմբ․)։ Այդժամ միշտ նույն հարցին էի հանդիպում․ «Լա՞զ ես»։ Երբ պատասխանում էի՝ ոչ, երկրորդ հարցը հետևյալն էր լինում․ «Վրացի՞ ես»։ Երբ ասում էի՝ «Ո՛չ համշենցի եմ», ասում էին․ «Դա ի՞նչ է, երբեք չեմ լսել»։ Իրերի դրությունը տանն ավելի կոմիկական երանգ էր ստանում։ Հայրս մեր հարևանների հետ զրուցելիս սկսել էր ասել, թե մենք այն լազերից ենք, որոնց մասին մինչ այդ ինձ ասել էր, թե «Իսլամ ընդունած մեգրելներ են»։
Ի վերջո, եթե Թուրքիայում ասացիր, թե Սևծովյան շրջանից ես, ապա ենթադրվում է, թե այնտեղի բոլոր բնակիչները լազեր են։ Այդպիսով՝ ծանոթացա «Մողթի լազ» արտահայտության հետ, որը լազերեն խոսող լազ էր նշանակում։ Ուղեղումս խառնաշփոթ էր։ Եթե համշենցի թյուրքեր ենք, ապա ինչու՞ էինք համշեներեն խոսելուց ամաչում (չէ՞ որ դա էլ էր թյուրքական լեզու !)։ Ինչու՞ էինք սկսել ասել, թե լազ ենք։ Երբ սկսեցի ավելի շատ ընթերցել այդ թեմայով նյութեր, իմացա, որ համշենցիների խոսած լեզուն «վերցված է հայերից» (քանի որ նրանք մի ժամանակ միասին են ապրել !), և որ այդ փաստը շահարկած «արտաքին իմպերիալիստական ուժերը մեր երկիրը մասնատելու նպատակով ձգտել են նրանցից փոքրամասնություն (!) ստեղծել»։ Այդպիսով, պարզ էր դառնում այդ ամբողջ երկչոտության պատճառը։ Քանզի հայ լինելը «սարսափելի» բան էր։ Հայերը «անողոք» մարդիկ էին։ Մինչդեռ մենք՝ համշենցիներս, «գթասիրտ» էինք։
Երբ համալսարանում ուսումնառությանս տարիներին մի ուսանողական ակցիայի պատճառով մի մեծ խմբով բերման էինք ենթարկվել, ինքնության վկայականս ստուգած ոստիկանը երբ նկատեց, որ Խոփայից եմ, հարցրեց՝ «Լա՞զ ես, թե՞ հայ»։ Այն ժամանակվա պայմաններում ի՞նչ կարելի էր պատասխանել այդ հարցին։ Մի փոքր վարանելուց հետո ասացի՝ «Համշենցի եմ»։ Ոստիկանը նոր հարց ուղղեց ինձ․ «Դեհ համշեներենով ասա՝ գնում եմ»։ «Գ’երթամ»։ Այս խոսքիս վրա ոստիկանը վրա տվեց․ «Տո, ս․-դ քաշիր, լրի՜վ հայ եք դուք»։ Ապա իր գործընկերներին շրջվելով՝ հավելեց․ «Ընկերներ, պարզվում է՝ մեր մեջ նաև հայ կա»։ Ոստիկանի այդ խոսքից հետո արդեն իսկ վատթար վիճակում գտնվող հոգեկան վիճակս լրիվ այլ բանի էր վերածվել։ Քանզի այլևս բերման ենթարկված 270 հոգուց մեկը չէի միայն։
Տանն սկսեցի հայության հետ մեր առնչության մասին հարցեր տալ։ Պատասխան չէի կարողանում ստանալ այն հարցերին, որ մեր ծագման մասին ուղղում էի մեծերիս։ Ոչ ոք 3-4 սերունդ այն կողմ չէր կարողանում անգամ իր նախահայրերի անուններն ասել։ Նկատեցի, որ մեր մեծերը չեն կարողանում լուրջ առարկություններ ներկայացնել իմ փաստարկներին։ Նրանց առարկությունը վերաբերում էր ոչ թե հայկական ինքնության հետ մեր առնչությանը, այլ՝ այդ փաստի բարձրաձայնմանը։ Հայրս ինձ ասում էր․ «Որդի՛ս, սխալ ճանապարհ ես ընտրել։ Նպատակդ ի՞նչ է։ Ինչու՞ ես այդ ամենն ուսումնասիրում»։ Սակայն ինձ համար շոկային արձագանքը մորս խոսքերն էին, որ ասաց ներընտանեկան մի բուռն վիճաբանության վերջում․ «Գնա՛, ամեն տեղ ասա՛՝ հայ եմ, որ քեզ կոտորե՛ն»։ Այդ բառերը վերջ էին դրել վեճին։ Մի խորը լռություն էր տիրել։ Լռեցի նաև ես։ Ի՞նչ կարող էի ասել այդ խոսքին ի պատասխան։
Ապա սիրելի Քազըմ Քոյունջուն ալբոմներից մեկում համշեներենով մի մեղեդի կատարեց։ Առանձնահատուկ զգացողություն էր ձայնարկիչ սարքից համշենական երգ լսելը։ Քազըմ Քոյունջուն միավորել էր լազերին, թուրքերին, վրացիներին, հույներին և համշենցիներին։ Սև ծովը գունավորվել էր։ Ապա թողարկվեց «Վովա» ալբոմը՝ «Կ’իմանա՞ք թա, հոսայիք» («Լսու՞մ եք, այստեղ ենք») խորագրով։
Հետագա տարիներին այլ ալբոմներ էլ պատրաստվեցին․ սկսեց հրատարակվել «Գոր» ամսագիրը։ Տպագրվեց «Համշէնեան պատմուածներ» գիրքը (հեղինակը ինքը՝ Մահիր Օզքանն է-Ակունքի խմբ․)։ Այլևս սոցիալական ցանցերում ավելի մեծ թվով մարդիկ էին համշեներեն գրում ու կարդում, համշենական մշակույթն ու լեզուն պահպանելու համար ջանք գործադրում։ Բայց և այնպես, դեռևս չենք կարող ասել, թե համշենական համայնքի մեծ մասը բավարար չափով մտահոգված է իր ինքնությունն ու լեզուն պահպանելու հարցով։ Շատերս դեռ նախընտրում ենք ապրել հաստ պատերի հետևում։
Այո՛, այստեղ ենք, մի՛շտ այստեղ ենք՝ այն լռության պատի հետևում, որտեղ բանտարկել ենք ինքներս մեզ (կամ՝ մեզ են բանտարկել)։ Հիմա ուզում ենք, որ մեզ նկատեն։ Ցանկանում ենք մեր երկրում ոչ թե երկչոտաբար, հյուրի կարգավիճակով, թաքնվելով ապրել, այլ՝ նկատելի դառնալ բոլորի համար։
Մահիր Օզքան
Թարգմանեց Մելինե Անումյանը