Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին այսօր այլևս չի խոսվում, այնպես, ինչպես չի խոսվում սահմանին հսկողության ուժեղացման մասին: Եվ սա այն դեպքում, երբ չի բացառվում, որ Ադրբեջանը ապրիլյան պատերազմի նման գործողություն կձեռնարկի կամ կավելացնի հրադադարի ռեժիմի խախտումները. լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
«Այս դեպքում արդեն վերահսկողությունը կլինի շատ թույլ՝ տեսնելու համար, թե ով էր զինադադարի խախտողը: Այս մասին պայմանավորվել էին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, ինչը, իհարկե, ժխտեց հետո Ադրբեջանը, բայց դա չի նշանակում, թե նման բան չի եղել: Մի քանի օր առաջ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հղում էր անում, թե միևնույն է Ադրբեջանը չի ընդունում, որ նման բան կա, բայց հարցն այն է, որ պայմանավորվածությունը միայն երկուսի միջև չի եղել, դրան ներկա են եղել ԵԱՀԿ ՄԽ համանախագահները»,- ընդգծեց Կիրո Մանոյանը՝ նշելով, որ, առանց Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման, հնարավոր չի լինի հասնել Ղարաբաղյան խնդրի լուծմանը:
Ըստ նրա՝ հնարավոր է կանխատեսել, որ մոտ ապագայում Միացյալ Նահանգների կողմից ճնշում կսկսվի Հայաստանի վրա, որպեսզի մենք զիջումների գնանք Ղարաբաղյան հարցում, բայց դա չի նշանակում, թե Հայաստանը կգնա դրան:
«Տարբեր ժամանակներում տարբեր անուններով փաստաթղթեր են եղել, բայց հիմնականում նույնն է՝ տարածքներ` կարգավիճակի դիմաց: Նոր առաջարկ չկա, շեշտադրումների տարբերություն կարող է լինել որոշ տեղերում՝ առաջնահերթությունների հետ կապված: Մտահոգիչ է, որ մինչև հիմա չի խոսվում ԼՂ կարգավիճակի անմիջապես ամրագրման մասին, այլ` ինչ-որ խոստումի, մինչդեռ տարածքներից պետք է հայկական զորքը դուրս բերվի անմիջապես, երբ պայմանավորվածություն լինի: Մադրիդյան փաստաթուղթը մտահոգիչ է, այն չի երաշխավորում Հայաստանի և Արցախի անվտանգությունը», -շեշտեց Կիրո Մանոյանը:
Այս համատեքստում ՀՅԴ Բյուրոյի անդամը նշեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Արցախի մասնակցությունը շատ կարևոր է, այլ հարց է՝ ինչպես է դա պարտադրվելու Ադրբեջանին: «Արցախի մասնակցության կարևորությունը միշտ էլ շեշտվել է, սակայն Արցախի մասնակցությունը չի կարող փոխարինել Հայաստանի մասնակցությանն այնպես, ինչպես Հայաստանի մասնակցությունը չի կարող փոխարինել Արցախին: Թե ինչպե՞ս Հայաստանը կարող է դա իրականացնել, դեռ հնարավորություններ չեմ տեսնում, բացի Ադրբեջանի վրա իրական ճնշումից: Իսկ Ադրբեջանի վրա իրական ճնշում կլինի, եթե ստորագրվի Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական համագործակցության պայմանագիրը, որը ներառում է նաև ՀՀ-ի կողմից Արցախի անկախության ճանաչում»,- ասաց Մանոյանը՝ պնդելով, որ վաղուց հասունացել է այս փաստաթղթի ստորագրման պահը:
Անդրադառնալով Նախիջևանի հատվածում Ադրբեջանի զինուժի դիրքային փոփոխություններին` նա նշեց. «Տարածք վերահսկելու հնարավորություն չենք կորցրել, բայցև մեծացել է ՀՀ տարածքների խոցելիությունը»:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա, ըստ Մանոյանի, շատ ժամանակ պետք չէ վատնել Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու վրա, քանի որ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելը Թուրքիայի առաջնահերթություններից չէ: