կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-24 15:39
Հասարակություն

Կվերաբացվի Աբադանի Սուրբ Կարապետ եկեղեցին

Կվերաբացվի Աբադանի Սուրբ Կարապետ եկեղեցին

Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների նախօրեին` այսօր՝ դեկտեմբերի 24-ին, կվերաբացվի Աբադանի Սուրբ Կարապետ եկեղեցին: Այս մասին տեղեկանում ենք Սպահանի հայոց թեմի ազգային առաջնորդարանից:

Այսօր՝ երեկոյան եկեղեցում Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան եպս. Քէչէճեանի ձեռամբ տեղի կունենա կրոնական արարողություն, որին ներկա կլինեն նաեւ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ներկայացուցիչները՝ Թեմական խորհրդի անդամ Նապիկ Մելիքեանն ու Կրոնական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանը:

Եկեղեցու վերանորոգման եւ բարեկարգման աշխատանքներն իրականացվել է Մշակութային ժառանգության պահպանման Աբադանի մասնաճյուղի եւ «Արվանդ» ազատ առեւտրի գոտու համատեղ ջանքերով:

Նշենք, որ երբեմնի հայաշատ Աբադան քաղաքի Ս. Կարապետ եկեղեցին կառուցվել է 1958 թվականին: Ժամանակին այն համարվել է աբադանահայության գլխավոր հավաքատեղին:

Սուրբ Կարապետ եկեղեցին գտնվում է Իմամ Մուսա բին Ջաաֆար մզկիթի անմիջական հարեւանությամբ: Այս հանգամանքը քաղաքը դարձրել է բացառիկ՝ ողջ Իրանում: Միմյանց հարեւանությամբ գտնվող հոգեւոր երկու կենտրոնները դարձել են Իրանում աստվածային կրոնների խաղաղ գոյակցության խորհրդանիշը: