Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«alikonline.ir»-Իրանի Արեւելյան Ատրպատական նահանգի Մարաղա քաղաքի երբեմնի մեծաթիվ հայ համայնքն ապրել է ազգային-կրոնական ակտիվ կյանքով: Քաղաքը, սակայն, տասնամյակներ առաջ հայաթափվել է: Մարաղայում դեռեւս կանգուն են Սուրբ Հովհաննես հնադարյան եկեղեցին եւ հնամենի հայկական գերեզմանատունը:
Նոյեմբերի 22-ին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գերաշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճյանն ու Ատրպատականի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Ջանանյանը պատմական այդ շինությունների վիճակին ծանոթանալու նպատակով այցելեցին Մարաղա: Նշենք, որ այցը տեղի ունեցավ ավելի վաղ, նահանգի Մշակութային ժառանգության պահպանման տեսչության տնօրենի՝ Ատրպատականի ազգային առաջնորդարան կատարած այցի եւ ազգային իշխանության հետ հանդիպման արդյունքում:
Այցի սկզբում Սրբազան հայրը հոգեհանգստյան արարողություն կատարեց ազգային գերեզմանատանը, որին ներկա էին մի խումբ նախկին մարաղահայեր: Տեղում քննարկվեց նաեւ քաղաքաշինական նոր նախագծերի արդյունքում ստեղծված նոր իրավիճակն ու գերեզմանատան տարածքի սահմանների հարցը:
Գերեզմանատուն կատարած այցից հետո Սրբազան հայրն ու նրան ընկերակցողներն ուղեւորվեցին երբեմնի հայաբնակ «Հայաստան» (Էրմանիստան) թաղամաս, որտեղ գտնվում է Սուրբ Հովհաննես եկեղեցին: Եկեղեցու բակում, Մշակութային ժառանգության պահպանման տեսչության պատասխանատուները բացատրություն ներկայացրեցին անցյալ ամիսների ընթացքում եկեղեցում եւ նրա կից շինություններում կատարված շինարարարական-վերանորոգողական աշխատանքների մասին, որից հետո եկեղեցու տարածքում գտնվող նախկին հայկական դպրոցի տեսչանոցում տեղի ունեցավ խորհրդակցական հանդիպում՝ կատարված աշխատանքների քննարկման եւ գնահատման կապակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում Սրբազան հայրը եկեղեցաշինական ավանդական ձեւերից բխած օրենքների հիման վրա, որոշ սրբագրումներ առաջարկեց կատարված շինարարական աշխատանքներում, իսկ Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Ջանանյանն էլ գործնական մի շարք առաջարկներ ներկայացրեց եկեղեցու վերաօծման եւ վերաբցման կապակցութեամբ: Սրբազան հայրը կարեւորեց նախկին մարաղահայերի ներկայությունը եկեղեցու նախատեսվող վերաօծման եւ վերաբացման հանդիսավոր արարողությանը: