կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-24 16:41
Հասարակություն

Սուրբ Կարապետ եկեղեցու պղնձե գավաթը

Սուրբ Կարապետ եկեղեցու պղնձե գավաթը

Էզբիդերը (գյուղ, որը նախկինում գտնվել է Շապին-Գարահիսարում, իսկ ներկայում Սեբաստիայում է- խմբ.) 1915 թ. ապրիլին հանգցված մոմի ծխով թաղվում էր մթության մեջ: Մարդիկ չէին կարողանում հասկանալ խռովահույզ լռության մեջ ընկղմված այդ իրադրությունը: Սուրբիկը` հազիվ 18 տարեկան, Սուրբ Կարապետ եկեղեցու քահանայի` Գարեգինի դուստրն է: Նշանված է Սարգիս անունով մի երիտասարդի հետ:

Քահանա Գարեգինը մի փոքրիկ խումբ է կազմում գյուղի երիտասարդներից, որոնց մեջ է նաև Սուրբիկի նշանածը` Սարգիսը: Տեր Գարեգինն այդ երիտասարդների հետ անզեն գնում է Շապին-Գարահիսար` իրավիճակի մասին տեղեկություն ստանալու, բայց նրանցից ոչ ոք այլևս չի վերադառնում… Գյուղի ամբողջ բնակչությունը կեսօրից հետո` երեկոյան կողմ, սկսում է բռնի կերպով աքսորվել: Սուրբիկն այդ ընթացքում շատ մեծ տառապանքների ականատեսն է դառնում: Օրեր տևած երթից հետո Սուրբիկն ու մայրը, ժանդարմին 2 ոսկի տալով, հետ են վերադառնում և, ցերեկները լեռների գագաթներին թաքնվելով, իսկ գիշերները քայլելով, կարողանում են իրենց գյուղ` Էզբիդեր գալ: Սուրբիկը մորը որոշ ժամանակով թողնում է գյուղի մուտքի մոտ, քանի որ մայրն այլևս ի վիճակի չի լինում քայլելու, և արևածագին մեն-մենակ գյուղ է մտնում: Առաջին հերթին նրա միտքն գալիս է այն եկեղեցին, որտեղ անցել էր իր ամբողջ մանկությունը, և որտեղ տարիներ շարունակ սպասավորել էր իր հայրը: Մտածելով, որ եկեղեցին կարող է իրեն ապաստարան ծառայել, այնտեղ է վազում, բայց իր առջև բացված տեսարանն է´լ ավելի է նրան վշտացնում. Սուրբ Կարապետը քանդվել էր և ավերակի վերածվել: Սուրբիկը եկեղեցու ավերակների միջով քայլելիս մի պղնձե գավաթ է նկատում, անմիջապես վերցնում է այն, ծոցը խոթում և արագ հեռանում: Նա մոր հետ միասին տարիներ շարունակ գյուղում է մնում, գոյությունը պահպանելու համար արտում է աշխատում, բրդից և բամբակից թել մանում, գործում և շարունակ վախի մեջ ապրում: Սուրբիկի համար կյանքը դյուրին չէր. ճնշումների հետևանքով փոխում է անունը և դառնում Գյուլփերի, իսկ գյուղ նոր եկած մոլլան նրա վրա ճնշում է գործում` իսլամական կրոնի կանոնները սովորելու համար: Կյանքը նրա համար գնալով բարդանում է: Գիշերներն աստղերին նայելով` աղոթելը նրա հոգու միակ մխիթարանքն է դառնում: Նրա խոշոր աչքերն արտասվելուց այլևս աստղերի փայլն էլ չեն տեսնում…

Մի օր` ձմեռնամուտին, երբ Սուրբիկն ու մայրը երդիկում նստաած բրդից գուլպա էին գործում, մայրը տեսնում և ճանաչում է իրենց դռան մոտից անցնող Եղիային: Նա արագ քայլերով հեռացող Եղիայի հետևից կանչում է. «Եղիա~, Եղիա~, դու ո՞ղջ ես…»:

Վերջինս զարմացած մոտենում է, բարձրանում երդիկմ, և աչքերը հանդիպում են հանդիպում Սրբուկի աչքերին: Սուրբիկը ծանոթանում է իրենից ավելի ծանր տառապանքներ կրած Հայրապետի գերդաստանից զուռնա նվագող Մարգարի որդի Եղիայի հետ: Նա մի քանի տարով մեծ է լինում Եղյայից: Վերջինս գյուղում որպես ամենաունևոր և շատ ազնիվ ճանաչված Հայրապետի գերդաստանի ամենաերիտասարդ անդամն էր, որ պատահաբար ողջ էր մնացել: Քանի որ այդ տարիներին շատ ուժեղ ճնշումներ էին գործադրվում ուծացման ուղղությամբ, Եղիան ստանում է Շևքի, իսկ Սուրբիկը` Գյուլփերի անունը: Նրանք ամուսնանում են 1920 թվականին: Այդ ժամանակ նրանց միակ ունեցվածքը Սուրբիկի` եկեղեցու ավերակների միջից գտած գավաթն է լինում: Նրանք, իրենց բոլոր տառապանքներն ու վշտերն այդ գավաթի մեջ ամփոփելով, սկսում են միասին ապրել:

Այս իրական պատմությունն ինձ հետ կապվում է հետևյալ հանգամանքով. Եղիան և Սուրբիկն իմ հորական պապիկն ու տատիկն են, և ես հպարտանում եմ նրանցով:

Հ.Գ. Նկարում ներկայացված պղնձե գավաթը տարիներ շարունակ եղել է Սուրբ Կարապետ եկեղեցու սեփականությունը, որով հազարավոր մարդիկ են մկրտվել: Այն ինձ է մնացել մեծ հորիցս և մեծ մորիցս, որը մեծ պատիվ եմ համարում:

Շերեֆ Քարթալ

Թարգմանեց Մելինե Անումյանը