Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Օրերս Թեհրանում կայացավ Դաշնակցության 128-ամյակի հանդիսության միջոցառում Հ.Մ.Ա.Կ.-ի կենտրոնատեղի «Կոմիտաս» սրահում: Միջոցառմանը որպես բանախոս էր հրավիրվել ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար՝ Արթուր Խաչատրյանը, ով իր համապարփակ ելույթի առաջին բաժնում անդրադարձավ իրանահայ համայնքի յուրահատկությանը և ՀՅԴ-ի`հայ ժողովրդի կյանքում ունեցած դերակատարությանը.
«Վսեմաշուք Սրբազան հայր,
Ձերդ գերազանցություն պարոն դեսպան,
Ազգային մարմնի մեծարգո անդամներ
Հարգարժան հյուրեր,
Սիրելի ընկերներ,
Նախ կցանկանայի շնորհակալություն հայտնել Դաշնակցության օրվա տոնակատարությանը ինձ, որպես բանախոս Իրանի մայրաքաղաք Թեհրան հրավիրելու համար:
Իրանի հայ համայնքը Մերձավոր ու Միջին Արևելքի հնագույն, ավանդական և ամենախոշոր ու աչքի ընկնող համայնքներից է։ Աշխարհասփյուռ հայ գաղթօջախների մեջ այն բացառիկ է առաջին հերթին նրանով, որ դարերի ընթացքում անխզելի ու սերտ կապերով կապված է եղել Մայր Հայրենիքի, հատկապես, նրա արևելյան հատվածի հետ։ Դարերի ընթացքում ապրելով բուն հայրենիքի սահմաններից դուրս, Իրանի հայ համայնքը հանդիսացել է արևելահայ լեզվի, մշակույթի և հարուստ ավանդույթների պահպանման, զարգացման և հարստացման բացառիկ կարևոր օջախներից մեկը:
Իրանահայ համայնքի բացառիկությունը կայանում է նաև նրանում, որ եթե Մերձավոր Արևելքի մի շարք երկրների հայ համայնքները հիմնականում ձևավորվել կամ վերակազմավորվել են նոր և նորագույն ժամանակներում, հատկապես հայոց ցեղասպանությունից և Արևմտյան Հայաստանի հայաթափումից հետո, Իրանի հայ համայնքը գոյություն է ունեցել խորը հնությունից սկսած, աչքի ընկնելով որպես կատարելապես ձևավորված ու հաստատուն մի համայնք։
Իրանահայ համայնքը ծնունդ է տվել մի շարք հայ նոր գաղութների ու գաղթօջախների։ Հանրահայտ իրողություն է, որ XVII-XVIII դարերում Հնդկաստանում, Հարավ-Արևելյան Ասիայի և Հեռավոր Արևելքի մի շարք երկրներում ձևավորված հայ համայնքները ըստ էության հանդիսացել են իրանահայ գաղթօջախներիշարունակությունը։ Ուստի անվարան կարելի է ասել, որ այն իրավունք ունի կոչվելու Սփյուռքի մայր համայնք։
Անուրանալի է պարսկահայ համայնքի մասնակցությունը 19-րդ դարավերջի ու 20-րդ դարասկզբի հայ ազգային ազատագրական պայքարին: Բավական է միայն հիշել, որ.
Պարսկաստանի խորքից եկել է նամակ,
Գնում ենք բարով, կուշանանք տարով
Արյուն, սուր ու հուր, պատերազմի դաշտ, կսպասեն մեզի ….
Իրանահայ համայնքի բացառիկ կարևոր դերը հայ ժողովրդի կյանքում չի սահմանափակվում նշված իրողություններով։ Չափազանց մեծ է եղել այդ համայնքի դերը Արևելյան Հայաստանում հայահավաքի և հայության համախմբմանու կոնսոլիդացման գործում, թե 1828-ին՝ Թուրքմենչայի պայմանագրից հետո, թե արդեն 20-րդ դարի 40-ական թվականներին, երբ իրանահայերի մի ստվար խումբ ներգաղթեց Սովետական Հայաստան: Ի դեպ, իմ նախնիներն էլ են 1828-ին Խոյից գաղթել Երևան:
Չեմ ուզում առավել մանրամասնորեն անդրադառնալ իրանահայ գաղութի ողջ դարավոր պատմությանը, նշել այն բոլոր ձեռքբերումները, որը դուք ունեք, այն բոլոր հաջողությունները, որ դուք արձանագրել եք հայապահպանության գործում, Հայ Դատի հետապնդման աշխատանքներում, այն հարգանքին, որը դուք վայելում եք Իրանում: Վստահ եմ, որ ձեզ այդ հաջողություններն ավելի հայտնի են: Բավ է միայն հիշել արցախյան ազատամարտի ու Հայաստանի անկախության վերակերտման բնագավառում ձեր ունեցած ներդրումը, մարդկային, ֆինանսական ու բարոյական աջակցությունը:
Խորապես համոզված եմ, որ Թեհրանի և Իրանի հայ համայնքի, գաղութի կյանքը այլ կլիներ, եթե չլիներ գաղությում Հայ Յեղափոխական Դաշնակցությունը և Դաշնակցության ուղեկից կառույցները: Կամ կլինե՞ր արդյոք այս գաղութը: Պատահական է արդյո՞ք, որ մենք կորցնում ենք այն գաղութները, որտեղ չկա Դաշնակցությունն իր ուղեկից կառույցներով: Չեմ կարծում: Հակառակ՝ օրինաչափություն է: Ուժեղ են մեր այն գաղութները, որտեղ ուժեղ է Դաշնակցությունը, ուժեղ են ուղեկից կառույցները:
Այսօր մենք նշում ենք Հայ Յեղափոխական Դաշնակցության 128 ամյակը՝ Դաշնակցության օրը: Դաշնակցությունը հայ իրականության անբաժան մասն է 19-րդ դարից, իսկ այսօր արդեն 21-րդ դարն է: Այսօր, այս տոնական օրը մենք պարտավոր ենք ևս մեկ անգամ արժևորել Դաշնակցության գործունեությունը, նրա տեղն ու դերը հայ իրականության մեջ, հայ ժողովրդի կյանքում:
Դաշնակցությունը մարմնավորում է մեր ժողովրդի իղձերն ու նպատակները՝ ապրել ազատ անկախ ու միացյալ հայրենիքում: Այս նպատակին հասնելու համար երեք դարերի ընթացքում տասնյակ հազարավոր դաշնակցականներ պայքարում են սրով, գրչով և բահով:
Դաշնակցությունն էր, որ կազմակերպեց և ղեկավարեց հայոց զինյալ պայքարը և ժողովրդի ինքնապաշտպանությունը 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում: Դաշնակցությունն էր, որ դարերի ընդմիջումից հետո վերականգնեց հայոց պետականությունը: Անկախ պետականության կորստից հետո կազմակերպեց Սփյուռքը, նվիրվեց հայապահպանության գործին, արթուն պահեց անկախությունը վերականգնելու հույսը: Դաշնակցությունն էր, որ Արցախյան ազատամարի առաջին օրերից կանգնեց ռազմաճակատի առաջնագծում: Այն ժամանակ, երբ Սովետական Պերեստրոյկայով խանդավառ ժողովուրդը «Լենին, պարտիյա, Գորբաչով» էր վանկարկում, Դաշնակցությունն Արցախում զինյալ ջոկատներ էր ստեղծում, կամավորներ էր զինվորագրում: Ցավոք, նրանցի շատերը չվերադարձան տուն….
Խոսելով անկախ պետության վերակերտման մասին չեմ կարող չանդրադառնալ որոշ «քննադատների» այն մեղադրանքին, թե Դաշնակցությունն է մեղավոր, որ հայ ժողովուրդը կորցրել է Վանը, Արդահանը, Կարսն ու Էրզրումը, 160.000 տարածքից 30.000 քառակուսի կիլոմետր են թողել, այն էլ միայն շնորհիվ նրա, որ բոլշևիկները մեզ եկան ու փրկեցին: Երբ լսում եմ այս վայ քննադատներին, հիշում եմ Այնշթայնի հայտնի խոսքերը. «Աշխարհում անսահման են միայն տիեզերքն ու մարդկային ապուշությունը, ընդ որում, առաջինի մասով դեռ կասկածներ ունեմ»: Նրանք մոռանում են, որ մինչև 1918 թվականի մայիս, դարեր շարունակ Հայոց գահը կորցնելուց հետո, Հայաստանը եղել է զուտ աշխարհագրական տեղանուն և Դաշնակցությունն էր, որ Հայաստանը դարձյալ դարձրեց քաղաքական անուն: Մի պահ պատկերացնենք մղձավանջային իրավիճակ, երբ Հայաստանի այն ժամանակվա թշնամիները դարձյալ միավորվեն Հայաստանի դեմ, տեսնեմ այդ հերոսները Հայաստանից ի՞նչ կկարողանան փրկել:
Հայաստանի անկախության վերականգնումից հետո էլ Դաշնակցությունը միշտ սատարել է մեր պետականության կայացմանը, նույնիսկ այն ժամանակ, երբ օրվա իշխանությունների կողմից քաղաքական հալածանքների էր ենթարկվում: Հիշենք 1992-ին ընկ. Հրայր Մարուխյանի արտաքսումը Հայաստանից, 1994-ի դեկտեմբերին ՀՅԴ գործունեության կասեցումը Հայաստանում ու մեր բազմաթիվ ընկերների կալանավորումը՝ կեղծ մեղադրանքով, 1995-ին նոր բանտարկություններ ու ընտրություններին մեր մասնակցության արգելքը:
Այո՛ մենք մաս ենք կազմել Հայաստանի կառավարություններին, համագործակցել ենք այդ օրվա իշխանությունների հետ: Սակայն, մաս կազմելով կառավարությանը մենք ունեցել ենք մեր ուրույն ոճն ու ձեռագիրը՝ երբեք չնույնանալով իշխող կուսակցության հետ, փորձելով ներսից շտկել կառավարության քաղաքականությունը՝ առաջնորդվելով «փոքր արդյունքն արդյունքի բացակայությունից ավելի լավ է» սկզբունքով: Երբեմն դա մեզ հաջողվել է դրական արդյունք արձանագրել, երբեմն՝ ոչ կամ ոչ այն աստիճանի, որ կցանկանայինք:
Սակայն իշխանությունը մեզ համար երբեք ինքնանպատակ չի եղել: 2009-ին մենք, համաձայն չլինելով Սերժ Սարգսյանի այսպես կոչված «նախաձեռնողական արտաքին քաղաքականության» հետ (որը նաև ստացավ «ֆուտբոլային դիվանագիտություն» անունը), ՀՅԴ-ն դուրս եկավ իշխող կոալիցիայից և դարձավ կառավարության անխնա քննադատը: 7 տարի լինելով ընդիմադիր, մենք 2016-ի գարնանը, ընդունելով այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի հրավերքը, մաս կազմեցինք նոր կառավարությանը: Իհարկե, կհարցնեք ինչու՞ Դաշնակցությունը միացավ այդքան ցածր ժողովրդականություն ունեցող կառավարությանը: Պատճառը պարզ էր: Երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակը խիստ ծանր էր, Հանրապետականները գիտակցում էին, որ անհրաժեշտ է Դաշնակցության հետ համագործակցել՝ իրավիճակը շտկելու ուղղությամբ: Մենք չէինք կարող խուսափել մեր բաժին պատասխանատվությունից, մանավանդ հաշվի առնելով, որ նրանք նաև գիտակցել էին, որ թուրքերի հետ սիրախաղերը որևէ արդյունքի չեն հասցնի և Հայաստանն իր ստորագրությունը ետ էր կանչել ժնևյան չարաբաստիկ արձանագրություններից:
Միանալով կառավարությանը մենք շարունակել ենք ներսից պայքարել իրական բարեփոխումների անցկացման համար, մշտապես երկրի ղեկավարությանը մատնացույց անելով երկրում առկա դժվարությունները, ժողովրդական դժգոհության աճող մակարդակը, կոռուպցիոն երևույթների անթույլատրելիությունը, քրեական և բիզնես շրջանակաների (այսպես կոչված՝ օլիգարխների) քաղաքական դաշտ մուտք գործելու անթույլատրելիությունը: Առանձնապես շեշտադրել էինք կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությունն ու 2017 թվականին ազատ, արդար ու թափանցիկ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հրամայականը: Ցավոք սրտի, մեր նախազգուշացումները տեղ չհասան: Սոցիալական բևեռացումը, տնտեսության ու քաղաքականության մեջ կլանային համակարգի ձևավորումը, կոռուպցիան և բացահայտ աճուրդի վերածված ու ժողովրդի տրամադրությունները չարտահայտող խորհրդարանական ընտրությունները Հայասատանում ժողովրդական ընդվզումը դարձրեցին անխուսափելի:
Զարգացումների հետագա ընթացքին դուք անշուշտ տեղյակ եք:
Մենք հայտարարեցինք, որ աջակցում ենք ժողովրդական շարժմանը և պատրաստ ենք մեր բոլոր ջանքերը ներդնել երկրում սկսած գործընթացները հաջողությամբ պսակելու համար: Մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանն ընտրվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ և հրավիրեց Դաշնակցությանը մաս կազմելու ազգային համաձայնության կառավարությանը: Կառավարարությունում ՀՅԴ ստանձնեց նախարարական երկու պորտֆել՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը (ավելի հաճախ այս նախարարությունը կոչվում է իր հին անունով՝ էկոնոմիկայի նախարարություն) և գյուղատնտեսության նախարարությունը: Վերջինիս պատասխանատվությունը ստանձնեցի ես: Դաշնակցությունը ստանձնեց նաև երկու մարզերի՝ Արագածոտնի և Գեղարքունիքի պատասխանատվությունը:
Գյուղատնտեսության ոլորտում վերանայվեցին բյուջետային ֆինանսավորմամբ իրականացվող բոլոր ծրագրերը: Որդեգրվեցին մի քանի հստակ մոտեցումներ, որոնք բխում էին Դաշնակցության արժեքային համակարգից.
Գյուղն ու գյուղատնտեսությունը հնարավոր չէ տարանջատել իրարից, չկա զարգացած գյուղատնտեսություն առանց զարգացած գյուղի, մանավանդ հաշվի առնելով, որ գյուղաբնակների եկամտի եթե ոչ միակ, ապա հիմնական աղբյուրը գյուղատնտեսությունն է.
Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի առավել քան 90 տոկոսը գալիս է փոքր գյուղացիական տնտեսություններից: Հետևաբար հենց այս փոքր տնտեսությունները պետք է դառնան պետական աջակցության շահառուները այլ ոչ թե խոշոր հողատերերը ում հարստությունն ավելի մեծ է քան երկրի ողջ գյուղատնտեսական բյուջեն.
Գյուղատնտեսությունը դարձնել բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքի այլ ոչ թե գոյատևման միջոց: Աջակցել փոքր տնտեսություններին ընդլայնել իրենց հնարավորությունները, դուրս գալ եկամտաբերության ավելի բարձր մակարդակի.
Էապես կրճատել չմշակվող և ոչ ըստ նպատակի օգտագործվող գյուղատնտեսական հողատեսքերի մակերեսը: Անթույլատրելի է, որ Հայաստանի նման սակավահող երկրում չմշակվեն վարելահողերի առավել քան 40 տոկոսը և չօգտագործվեն արոտավայրերի մոտ 60 տոկոսը.
Պետական սուբսիդիաներ տրամադրել անմիջապես գյուղացիներին այլ ոչ թե տարատեսակ միջնորդներին, օրինակ՝ պարարտանյութ կամ վառելիք ներկրողներին.
Նպաստել հողի արդյունավետ շուկայի ձևավորմանը և հողերի խոշորացմանը.
Պետական դրամաշնորհների տեսքով խրախուսել բարձրարժեք գյուղատնտեսության զարգացումը:
Դաշնակցական նախարարներն ու մարզպետներն իրենց խղճի պարտադրանքով որևէ ջանք չէին խնայում իրենց ոլորտների կամ մարզերի զարգացման համար: Օգոստոսի վերջին շաբաթից մինչև սեպտեմբերի վերջին շաբաթը ես 29 օր, առանց հանգստի եղել եմ աշխատավայրում, 2 անգամ այցելել եմ Արցախ (պաշտոնավարմանս 4.5 ամիսների ընթացքում Արցախ այցելել եմ 3 անգամ, ավելի շատ քան որևէ այլ նախարար այդ ժամանակահատվածում), 2 անգամ Տավուշի և Արմավիրի մարզեր, մեկական անգամ Գեղարքունիքի, Արարատի ու Վայոց Ձորի մարզեր:
Ինչևէ, Հայաստանում քաղաքական մթնոլորտը գնալով շիկանում էր: Քաղաքական խորհրդակցությունները քաղաքական ուժերի միջև կանգ առան, հաղորդակցության խողովակները խցանվեցին, առաջացան ջրբաժաններ: Հատկանշական է, որ օգոստոսի 17-ի հանրահավաքին, երբ կառավարությունը ներկայացնում էր իր 100 օրվա հաշվետվությունը, չէին հրավիրվել ո՛չ դաշնակցական, ո՛չ ԲՀԿական, ոչ ԼուսավորՀայաստան կամ Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչները: Չէին հրավիրվել նունիսկ անկուսակցական նախարարները, ովքեր կառավարությունում ընդգրկվել էին Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության քվոտայով:
Երևանի ավագանու ընրությունները ցույց տվեցին, որ ազգային համաձայնության կառավարությունն այլևս երկար չի դիմանա: Իշխող քաղաքական ուժը, առանց կառավարության գործընկերների հետ քննարկումների, առանց համապատասխան ընտրական միջավայրի ձևավորմանը պարտադրեց ընտրություններն անցկացնել այս տարվա դեկտեմբերին: Ազգային համաձայնության կառավարությունը ցրվեց, ՀՅԴ-ն ետ կանչեց իր նախարարներին:
Այո, մենք ողջունել ենք հեղափոխությունը, աջակցել ենք հեղափոխության առաջնորդներին այն ժամանակ, երբ նրանք ձերբակալված են եղել, աշխատել ենք կառավարությունում, փորձելով արդյունավետ բանավեճի միջոցով գտնել երկրի զարգացման արմենաարդյունավետ ճանապարհը: Բայց, մի բան է աջակցել հեղափոխությանը, այլ բան է անվերապահորեն աջակցել հետ-հեղափոխական զարգացումներին: Մենք ունենք երկրի զարգացման մեր տեսլականը և պատրաստ ենք աջակցել ցանկացած նախաձեռնության, անկախ նրանից, թե ով է հեղինակը, եթե այդ նախաձեռնությունը համահունչ է մեր տեսլականին, և պայքարելու ենք այն նախաձեռնությունների դեմ, որոնք հակասում են մեր սկզունքներին ու երկրի հետագա զարգացման մեր պատկերացումներին:
Այսօր, նշելով Դաշնակցության 128 ամյակը, անհրաժեշտ է հստակեցնել մեր մոտեցումները Հայաստանի ապագայի մեր տեսլականի վերաբերյալ:
Այո՛ դեկտեմբերյան խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում մենք առաջիկա մի քանի տարիների ընթացքում խորհրդարանում ներկայացված չենք լինելու: Կլինենք արտախորհրդարանական ընդիմություն: Բայց ոչ թե ընդիմություն ում նպատակն է ամեն կերպ պախարակել կառավարությանը և տանել նրան ի ձախողումն, այլ կառուցողական ընդիմություն, ով կքննադատի սխալ քայլերը և կողջունի դրական ընթացքը:
Երկրի շահերից է բխում, որ Ընտրությունների արդյունքում ձևավորված միաբևեռ խորհրդարանին, որպես հակակշիռ գործի ուժեղ և սկզբունքային արտախորհրդարանական ընդիմություն: Պետք է հստակ գիտակցենք՝ ընդդիմադիրը նա չէ, ով ամենաբարձրն է գոռում, կամ ամենաթունդն է հայհոյում իշխանություններին: Ընդիմությունն իշխանություններից սկզբունքային տարբերություններ պետք է ունենա: Իսկ որո՞նք մեր սկզբունքային տարբերություններն այսօրվա իշխանություններից:
Մենք հանդես ենք գալու որպես ազգային և ընկերվարական ուժ հակադրվելով թե՛ հեղափոխությունից հետո գլուխ բարձրացրած տարատեսակ կոսմոպոլիտ և մեր ազգային արժեհամակարգը վտանգող ուժերին, թե Հայաստանի տնտեսկան աճը խոչընդոտող լիբերալ տնտեսկան համակարգի ջատագովներին:
Մեր տնտեսական քաղաքականությունը հիմնված է մեր ընկերվարական արժեհամակարգի վրա, ազատության, արդարության և համերաշխության սկզբունքների վրա:
Ազատությունը բացառում է որոշումների կայացումը պարտադրանքի կամ սպառնալիքի տակ՝կանխելով անհատի նկատմամբ պետության ու հասարակության կողմից կամայական ոտնձգությունները և սահմանափակումները: Մենք երբեք չենք ուզել ազատ կամքի բռնություն և երբեք չենք հանդուրժելու, որ մեր հայրենիքում ազատ մարդու նկատմամբ բռնություններ կիրառվեն լինեն արտոնյալներ ովքեր վեր են օրենքից: Միևնույն ժամանակ մենք գիտակցում ենք, որ իրական ազատության կարելի է հասնել, երբ ապահովված են տնտեսական և ընկերային նախադրյալները, մարդն ունի սոցիալական երաշխիքներ, որոնք ապահովում են նրա ազատ կամարտահայտությունը և ազատորեն որոշումներ կայացնելու հնարավորությունը:
Արդարությունը ենթադրում է կատարած աշխատանքի դիմաց համարժեք վարձատրություն ինչպես նաև սոցիալական ապահովության հավասար երաշխիքներ անկախ ընտանեկան դրությունից, սեռից, տարիքից,սոցիալական ծագումից, ունեցվածքից և այլ տարբերակիչ հատկանիշից: Մենք թերևս միակ լուրջ քաղաքական ուժն ենք Հայաստանում, որ խոսում ենք ոչ միայն տնտեսական արժեքի ստեղծումից, այլև այդ արժեքի արդար բաշխումից:
Համերաշխությունը մարդկանց` միմյանց նկատմամբ պատասխանատվություն կրելու և փոխադարձաբար օգնելու պատրաստակամությունն է: Հարկերի միջոցով ֆինանսավորվող սոցիալական ապահովության քաղաքականությունը հասարակության համերաշխության դրսևորումներից մեկն է, երբ հասարակության մի հատվածի միջոցներով պետությոնը հոգ է տանում մեկ այլ հատվածի համար, օրինակ` թոշակառուների, գործազուրկների կամ սահմանափակ կարողություններով մարդկանց: Սակայն համերաշությունը չի կարելի սահմանափակել միայն պետության վերաբաշխիչ գործառույթով: Համերաշխությունը հասարակության շաղախն է: Այն իրար է կապում ուժեղին և թույլին, հարուստին և աղքատին, երիտասարդին և ծերունուն: Որևէ ազգ կամ պետություն չի կարող դիմագրավել արտաքին մարտահրավերներին, եթե այն ներսից համերաշխ չէ:
ՀՅԴ տնտեսական դոկտրինը, որը բխում է մեր արժեհամակարգից, հիմնված է հետևյալ երեք սկզբունքների վրա.
Առաջանցիկև ներառական տնտեսական աճ
Սոցիալական արդարություն
Կայուն զարգացում:
Ընդ որում, այս երեք սկզբունքները մեզ համար հավասար են: Տնտեսական աճը երբեք չի կարող առավել առաջնային լինել քան կայուն զարգացումը (օրինակ` երբ տնտեսական աճն ապահովվում է բնության աղտոտման կամ բնական պաշարների անխնա շահագործման հաշվին) կամ սոցիալական արդարությունը: Ներառական տնտեսական աճ և դրանով էլ՝ համընդհանուր բարեկեցությանը կողմնորոշված և կայուն առաջընթաց ձևավորվում է միայն այն դեպքում, երբ այդ սկզբունքներն հավասարապես են հաշվի առնվում: Տնտեսական քաղաքականությունը պետք է երաշխավորի բարեկեցության նվազագույն չափ, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա իրականացնել իր հիմնարար իրավունքները: Ազատ, արդար և համերաշխ հասարակությունը ենթադրում է անհատական և հասարակական բարեկեցություն: Բարեկեցություն հիմքն ու անհրաժեշտ պայմանը տնտեսական աճն է, քանի որ միայն բարձր արտադրողականությամբ և տնտեսական արժեքի ստեղծմամբ է հնարավոր ապահովել անհատական և հասարակական բարեկեցությունը:
Տնտեսական աճի մասին բոլորն են խոսում: Սակայն, ի տարբերություն Դաշնակցության, մնացած քաղաքական ուժերը համառորեն շարունակում են վստահել «շուկայի անտեսանելի ձեռքին» կառավարության դերը սահմանափակելով միայն «բարենպաստ պայմաններ» ստեղծելու առաքելությամբ: Մենք գտնում ենք, որ պետությունն էական դեր պետք է խաղա տնտեսության զարգացման հարցում: Մեխանիզմները բազմազան են՝ պետություն – մասնավոր հատված գործընկերությունից մինչև պետական մասնակցությամբ համակարգաստեղծ ձեռնարկությունների ստեղծում և առավել դեպրեսիվ մարզերում աշխատատար ոլորտների խթանում: Պետությունը պետք է աջակցի փոքր և միջին ձեռնարկություններին, տեղական արտադրողին, խթանի արտահանումն ու ներմուծման փոխարինումը: Հիմա շատ է խոսվում, որ Հայաստանում այլևս օլիգարխներ չկան, նրանք պայծառափոխվեցին խոշոր սեփականատերերի: Բայց դրանից միևնույնն է տնտեսության օլիգարխիկ կառուցվածքը չփոխվեց. յուրաքանչյուր քիչ թե շատ եկամտաբեր ոլորտում գերիշխում է մեկ կամ մի քանի խոշոր ընկերություն: Այդ խոշոր սեփականատերերը բիզնեսներ ունեն Հայաստանից դուրս, նրանց շահույթը վերածվում է վիլլայի Միջերկրական կամ Կարիբյանի ծովափին, զբոսանավի կամ ևս մեկ թանկարժեք մեքենայի: Մինչդեռ փոքր ձեռնարկությունների շահույթը մնում է Հայաստանում, դառնում է երեխայի համար մի զույգ նոր կոշիկ:
Տնտեսական աճը բարեկեցության անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Որպեսզի ապահովվի անհատի և հասարակության բարեկեցությունը, անհրաժեշտ է, որ տնտեսական աճի արդյունքից օգտվի ողջ հասարակությունը, աճն իր վրա զգա ամեն անհատ, ամեն ընտանիք: Համախառն ներքին արդյունքի մեխանիկական աճը չի կարող և երբեք չի բերել համընդհանուր բարեկեցության աճին, եթե արդյունքն արդարացիորեն չի բաշխվել հասարակության անդամների միջև: Զարմանալի չէ, որ բնակչության էական մասը խիստ թերահավատորեն վերաբերվում ՀՆԱ-ի աճի վերաբերյալ պաշտոնական վիճակագրությանը: Նույնիս եթե այդ աճը կա, այդ աճի բարիքներից բնակչության զգալի մասը չի օգտվում, քանի որ աճի արդյունքները բաշխվում են սոցիալական արդարության սկզբունքին հակառակ: Աճ ապահովողների զգալի մասը չի օգտվում տնտեսական աճի բարիքներից, չի զգում տնտեսական աճի հետևանքները: Ավելին, մեծանում է հարուստների և աղքատների միջև գոյություն ունեցող անդունդը: Սոցիալական արդարությունը Դաշնակցության համար հիմնական օրակարգ է: Դաշնակցությունը ձգտում է սոցիալական երաշխիքով հասարակության, որտեղ յուրաքանչյուրին տրված է նյութապես ապահովված արժանապատիվ կյանքի երաշխիք` անկախ շուկայի վայրիվերումներից, որպեսզի մարդն ազատորեն կարողանա մասնակցի երկրի հասարակական և քաղաքական կյանքին:
Կայուն զարգացումը Դաշնակցության տնտեսական քաղաքականության երրորդ առանցքային սկզբունքն է: Պետության քաղաքականությունը պետք է ուղղված լինի բնական ռեսուրսների գերշահագործումը, հյուծումը բացառելուն, շրջակա միջավայրի, այդ թվում` մարդու կյանքի և առողջության վրա բացասական ազդեցությունը նվազեցնելուն, բնական ռեսուրսների համալիր կառավարմանը և դրանցից ստացվող եկամուտների արդար բաշխմանը հասարակության բոլոր անդամների միջև: Բնական ռեսուրսները` հողը, ընդերքը, ջուրը, կենդանական ու բուսական աշխարհը, անտառը, բնական լանդշաֆտներն ու մթնոլորտային օդը, համաժողովրդական սեփականություն են: Այս բնական կապիտալը ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդների բարեկեցության համար է: Մինչդեռ դրանց անխնա ու չհամակարգված շահագործումը, դրանցից ստացված եկամուտները ոչ միայն բավարար չափով չեն նպաստում քաղաքացիների բարեկեցության աճին, այլև խնդիրներ է հարուցում ներկայի և ապագայի առումով:
Սակայն, կայությունը զուտ բնապահպանական գործոն չէ: Կայուն տնտեսական զարգացումը պահանջում է, որ այսօրվա քաղաքականությունը պետք է միտված լինի նաև վաղվա բարեկեցության ապահովմանը: Այս նպատակով սոցիալական պետությունն էական ներդրում է կատարում կրթության, առողջապահության, հիմնարար հետազոտությունների ու ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ:
Դաշնակցությունն ընկերվարական կուսակցություն լինելուց առավել նաև ազգային կուսակցություն է: Ես չեմ ուզում հիմա խոսել մեր ավանդական արժեքների մասին՝ ընտանիք, դպրոց, եկեղեցի… Ժամանակն է սուղ: Սակայն կցանկանայի մի քանի խոսքով անդրադառնալ Հայոց Պահանջատիրության և Արցախի հարցերին:
Այո, մենք պայքարում ենք Միացյալ Հայաստան կերտելու համար: Հայաստանի քաղաքական ուժերից մենք թերևս միակն ենք, որ վառ ենք պահում կորցրած հայրենիքը ետ բերելու տեսլականը: Միթե՞ մյուսներն այսքան շուտ հիասթափվեցին: Մեզ կոչում են անհույս ռոմանտիկներ որ քաղցր նիրհի մեջ են ապրում ու կեղծ հույսեր են փայփայում: Իսկ ես ընդամենը մեկ հարց տամ մեզ բոլորիս ու մեր քննադատներին. «Քանի՞սն էին 1985-ին պատկերացնում, որ 5 տարուց հզոր ու անսասան թվացող Սովետական Միությունն էլ փաստացի գոյություն չի ունենա»: Մեզանից ո՞վ կարող է ասել, թե աշխարհն ու մեր տարածաշրջանն ինչ տեսք կունենա 5 տարի հետո: Մենք պարտավոր ենք միշտ պատրաստ լինել ու միշտ օրակարգում պահել Հայոց պահանջատիրությունը:
Հայաստանի արցախյան հատվածի հարցում մեր դիրքորոշումը ոմանք համարում են կոշտ կամ նույնիսկ մարտաշունչ և պատերազմ հրահրող: Ո՛չ, մենք պատերազմ չենք ուզում: Մենք անցել ենք պատերազմի սարսափների միջով: Տեսել ենք մահ և ավերածություններ: Մենք խաղաղություն ենք ուզում: Բայց, ի տարբերություն որոշ չակերտավոր պրագմատիկ քաղաքական գործիչների, մենք հասկանում ենք, որ միայն պատրաստ լինելով պատերազմին մենք կկանխենք պատերազմի վտանգը, թշնամուն խաղաղություն կպարտադրենք: Նրանք, ովքեր այսօր խոսում են Արցախի հարցում զիջումների մասին, երբեք չեն եղել Արցախում, իրենց մաշկի վրա չեն զգացել Արցախյան ազատամարտի ցավը, չեն զգացել Արցախյան հաղթանակների բերկրանքը։ Նրանք ընդամենը նայում են վարչական քարտեզին ու ասում ՝ ոչինչ, 5 կիլոմետր այս կողմ, 5 կիլիոմետր այն կողմ՝ որևէ բան չի փոխվի։ Չեն հասկանում, որ այդ 5 կիլոմետրի ամեն մի միլիմետրի համար արյուն է թափվել, և այդ սահմանը գծվել է, որովհետև այդ սահմանն է ապահովում մեր ժողովրդի անվտանգությունը։ Չի կարելի այդքան հանգիստ վերաբերվել այդ զիջումներին։ Եթե մի քայլ հետ արեցիր, հետո էլի մի քայլ հետ կանես, հետո՝ ևս մեկը։ Մի բլուր որ զիջեցիր, այդ բլուրի վրա ադրբեջանական հրանոթները կկանգնեն, ու թե Ստեփանակերտը ՛, թե՛ Հադրութը, թե՛ Մարտունին և թե՛ Մարտակերտը դարձյալ հարվածի տակ կհայտնվեն։ Նաև ավելորդություն չի լինի այդ պրագմատիկ քաղաքական գործիչներին հիշեցնել, որ մեր հակառակորդներն արդեն սկսել են ադրբեջանական Երևանի մասին խոսել: Այսօր, երբ իշխանությունների թիկունքն ամուր է, մենք պետք է առավել միակամ ամրապնդենք մեր դիրքորոշումը արցախյան հարցի շուրջ և հենց արմատից կանխենք զիջումների մասին ցանկացած ակնարկ:
Երկիրը կանգնած է նոր հանգրվանի առաջ: Անցյալին արդեն վերադարձ չկա: Այժմ պետք է անցնել երկրի կառուցման բարդ ու պատասխանատու գործին: Լինելով արտախորհրդարանական ընդիմադիր ուժ Դաշնակցությունն, իր համահայկական կառույցով, ունի բավականաչափ կամք, միտք և ուժ ստանձնելու երկրի նկատմամբ պատասխանատվության իր բաժինը: Որևէ բանական մարդ չի կարող ցանկանալ իր կառավարության ձախողումը, քանզի կառավարության ձախողումը երկրի ձախողումն է: Ըստ այդմ, մենք կքննադատենք ու կպայքարենք կառավարության ցանկացած քայլի դեմ, որը կվտանգի երկրի անվտանգությունը, տնտեսական աճն ու կխաթարի սոցիալական արդարությունը: Բայց, միևնույն ժամանակ մենք կաջակցենք ցանկացած նախաձեռնության, որը կբերի Հայաստանի զարգացմանն ու հզորացմանը»: