Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայոց աշխարհը» գրում է. «Դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների հրապարակմանը զուգընթաց Ղարաբաղյան բանակցային գործընթացն արագացնելու գերտերությունների փորձերը տարածաշրջանի համար սկիզբ առած դաժան մրցակցության առաջին ազդանշաններն են։
Դրանց ուղղվածության ու նպատակների հետազոտությունից ակնհայտ է դառնում, որ թեւակոխում ենք մի հանգրվան, երբ տարածաշրջանի համար մրցակցությունը հետեւողականորեն նպատակամղվում է դեպի Ղարաբաղյան հակամարտության գոտում գոյություն ունեցող ստատուս քվոյի փոփոխության տարբերակների փնտրտուք։
Այս առումով այլեւս հարկ չկա քողարկել, որ ընտրություններում հաղթելու միջոցով Հայաստանի իշխանությունները քարտ-բլանշ են ստացել կյանքի կոչելու ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի «տնային առաջադրանքը»։
Սակայն դեռ վաղ է եզրակացնել, թե կդիմե՞ն նրանք նման վտանգավոր քայլի, քանզի ազատագրված 5 շրջաններն ու մանավանդ Արաքսի հովիտը Իրանի դեմ ուղղված հյուսիսային հենակետի վերածելու ամերիկյան ծրագիրը արդեն դարձել է այն կատալիզատորը, որը շղթայական ռեակցիա է առաջ բերում ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների շրջանում։
Ռուսաստանի արտգործնախարարի շուտափույթ այցը Բաքու եւ, ըստ էության, Ադրբեջանի նախագահի անունից արած հայտարարությունը վկայում են, որ Մոսկվան նույնպես սկսում է արծարծել ստատուս քվոյի պահպանման սկզբունքից հեռանալու հարցը։ Այսինքն՝ սկիզբ է առնում դաժան մրցակցություն գոյություն ունեցող ստատուս քվոյի փոփոխության զույգ տարբերակի միջեւ, որոնք դեռեւս չեզոքացնում են մեկը մյուսին։
Այս համատեքստում պատահական չէ, որ ժամանակին «Լավրովի պլանն» առաջադրած Ռուսաստանի ու Ադրբեջանի շահերի համադրողի դերակատարությունն իր վրա է վերցնում Բելառուսի նախագահ Ա.Լուկաշենկոն, փորձելով շահաբաժիններ կորզել նման հեռանկարից։ Բատկան փորձում է շրջափակել հայկական կողմի հետագա զորաշարժերի դաշտը։
Ա.Լուկաշենկոյի մատուցմամբ՝ իրականում այժմ Ադրբեջանն ինքն է փորձում Ղարաբաղյան բանակցային գործընթացը դուրս բերել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջագծից եւ տեղափոխել 2011թ. Կազանյան եռակողմ հանդիպման հետեւանքով գրեթե համաձայնեցված կարգավորման սկզբունքների դաշտ, դրանով իսկ Ռուսաստանին շահագրգռելով Հայաստանի վրա ճնշում գործադրելու հեռանկարով։
Ուրիշի ձեռքերով իրականացվող այս նուրբ ու բազմաքայլ կոմբինացիայի հաջողության գրավականը Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից ու մանավանդ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից Ռուսաստանի ղեկավարության անթաքույց դժգոհությունն օգտագործելու ցանկությունն է։
Բաքվի համար դա այն հիմնական խաղաքարտն է, որը հնարավորություն է տալիս Ռուսաստանի աչքում Հայաստանը ներկայացնել որպես Ղարաբաղի հարցում իր անզիջում դիրքորոշմամբ հետխորհրդային երկրների ինտեգրմանը խոչընդոտող ուժ։
Մեզ հասկացնում են, որ Հայաստանը վերստին պետք է վերադառնա Կազանյան ձեւաչափին` միացյալ ուժերով խոչընդոտելու համար Ջ.Բոլթոնի` Երեւանում ազդարարած սկզբունքների կենսագործմանը։ Հասկանալի է, որ հակառակ պարագայում Բաքվի մատուցմամբ Ա.Լուկաշենկոն մեր երկրի ղեկավարությանը կմեղադրի ՀԱՊԿ-ի հանդեպ դավաճանության մեջ եւ Ռուսաստանի առջեւ կդնի ադրբեջանական նոր ագրեսիային քարտ բլանշ տալու միջոցով Հայաստանին պատժելու պահանջը»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: