կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-17 14:19
Քաղաքական

ԱՄՆ-ի` զենքի վաճառքի հետ կապված խաղի մեջ մտնելը մեր շահերից չի բխի. քաղաքագետ

ԱՄՆ-ի` զենքի վաճառքի հետ կապված խաղի մեջ մտնելը մեր շահերից չի բխի. քաղաքագետ

2018-ն ավելի ակտիվ էր, քան 2017-ն ԱՄՆ-Հարավային Կովկաս հարաբերությունների զարգացման առումով, ինչը պայմանավորված էր ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների` Հարավային Կովկաս այցերով: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Լիանա Հովհաննիսյանը` խոսելով Իրանի շուրջ ընթացիկ տարում տեղի ունեցող զարգացումների մասին:

Նրա խոսքով` նման այցերով ԱՄՆ նոր վարչակազմը փորձում էր ճշտել տարբեր հարցերի շուրջ Հարավային Կովկասի տարբեր երկրների ղեկավարների դիրքորոշումները: Սա էլ իր հերթին, ըստ քաղաքագետի, ԱՄՆ-ի`  տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների որոշ վերաձևակերպումներ անել էր: Որպես օրինակ` Հովհաննիսյանը նշեց Ջոն Բոլթոնի այցը տարածաշրջան:

«Հետաքրքրիր էր նաև տարածաշրջանի երեք երկրների նկատմամբ շեշտադրումները, այսինքն` եթե Վրաստանի պարագայում ավելի շատ կարևորվում էր անվտանգային համագործակցությունը, ապա Ադրբեջանի պարագայում` էներգետիկ ոլորտում համագործակցությունը: Իսկ Հայաստանի դեպքում ավելի շատ շեշտադրվում էր ժողովրդավարությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, քաղաքացիական հասարակության զարգացումը: Ուշագրավ է այն հանգամանքը, որ եթե Վրաստանի դեպքում նույնպես շեշտադրվում էր ժողովրդավարությունը, ապա Ադրբեջանի դեպքում ժողովրդավարության մասին խոսք չի եղել»,- ասաց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններին` նա նշեց, որ տարին ակտիվ էր, որն էլ ստեղծեց մի շարք բարենպաստ գործոններ, որոնք կարող են հետագայում խթանել հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը: «Առաջինն ԱՄՆ-ի դրական արձագանքն էր Հայաստանում տեղի ունեցող խաղաղ իշխանափոխությանը: Մյուս բարենպաստ գործոնն ԱՄՆ-ում տեղի ունեցած` Կոնգրեսի միջանկյալ ընտրություններն էին, որոնց արդյունքները երբ պարզ դարձան, Հայ Դատի հանձնախումբը հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ իր աջակցությունը ստացած կոնգրեսականների մոտ 90 տոկոսը մանդատ է ստացել: Սա, թերևս, հնարավորություն է ստեղծում ԱՄՆ օրենսդիր մարմնում ընդլայնելու մեր գործընկերների թիվը, ինչը հետագայում թույլ կտա նրանց միջոցով տարբեր միջազգային հարթակներում բարձրաձայնել մեր շահերից բխող թեզեր»,- ասաց քաղաքագետը` կարևորելով նաև երկկողմանիորեն նոր դեսպանների նշանակումը:

Խոսելով զենքի վաճառքի մասին` Հովհաննիսյանը նշեց, որ Բոլթոնի` Հայաստան այցի ժամանակ, նա, կարծես, ակնարկեց, որ ԱՄՆ-ը պատրաստակամ է Հայաստանին զենք վաճառել: Սակայն, ըստ քաղաքագետի, մի կարևոր մարտահրավեր կա, որը պետք է հաշվի առնել` ռուսական կողմից մենք զենք ենք ձեռք բերում ավելի մատչելի գներով, և եթե ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ մրցակցության մեջ մտնի այդ հարցերով, ապա կարող է սրվել մրցավազքը տարածաշրջանում: Հովհաննիսյանի հավաստմամբ` Ադրբեջանի գնողունակությունը հաշվի առնելով` ԱՄՆ-ի մտնելը խաղի մեջ չի կարող մեր շահերից բխել:

Yerkir.am-ի հարցին, թե ԱՄՆ-ին կհաջողվի՞ արաբական երկրների մասնակցությամբ ստեղծել հակաիրանական ռազմական միավորում, Հովհաննիսյանը պատասխանեց, որ, հաշվի առնելով ԱՄՆ ներկայիս վարչակազմի վարած կոշտ քաղաքականությունը, ԱՄՆ-ը ջանք չի խնայի, որ Իրանի դեմ պայքարում միայնակ չլինի: «ԱՄՆ-ը կփորձի հնարավորինս ներգրավել իր դաշնակիցներին Իրանի դեմ վարած իր քաղաքականությունում: Կարծում եմ` որոշ երկրների հարցում նրան կհաջողվի համաձայնության գալ»,- ասաց նա: