Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տեղեկացրել էինք, որ Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի 3-րդ շենքի բնակարաններից մեկում այսօր լուսադեմին հրդեհ էր բռնկվել: Հրդեհի հետևանքով մահացել էր 3 մարդ, այդ թվում` 12-ամյա երեխա:
Ստեփանավանի համայնքապետի խորհրդական Լյովա Քալանթարյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ մահացածները նույն ընտանիքի անդամներ էին` մայրը, աղջիկը և թոռը:
«Մայրն ու աղջիկը մահացել էին, իսկ թոռանը Ստեփանավանի ԲԿ էին տեղափոխել, սակայն նա նույնպես մահացել է: Այժմ հիվանդանոցում է մահացած կնոջ որդին` 26-ամյա Դ.Հ.-ն»,- ասաց Քալանթարյանը:
Նա տեղեկացրեց, որ ընտանիքի հայրը մահացել էր անցյալ տարի, և մահվան տարելիցը դեռ չի լրացել:
Ստեփանավանի բուժկենտրոնից Yerkir.am-ին հայտնեցին, որ հիվանդանոց տեղափոխված 26-ամյա երիտասարդը` Դ. Հ.-ն, մի շարք այրվածքներ է ստացել: «Շուրջ 40 տոկոս այրվածքներ է ստացել: Բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր»,- ասացին հիվանդանոցից` հավելելով, որ երիտասարդին այսօր կտեղափոխեն Երևան՝ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն:
Հրդեհի առաջացման պատճառները պարզելու համար տեղում աշխատում են ԱԻՆ-ի աշխատակիցները: Նախնական վարկածով` հրդեհի առաջացման պատճառ կարող էր լինել հոսանքի կարճ միացումը կամ հոսանքալարերի տաքացումը: