կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-10 16:56
Քաղաքական

Քոչարյանի կալանավորումը ոչ մի ազդեցություն չի ունեցել «Իմ քայլի» հավաքած ձայների վրա. ռուս քաղաքագետներ

Քոչարյանի կալանավորումը ոչ մի ազդեցություն չի ունեցել «Իմ քայլի» հավաքած ձայների վրա. ռուս քաղաքագետներ

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները վերջնագիծ դրեցին ՀՀ-ում երկիշխանության վրա. Երևան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ ասաց ՌԳԱ համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, Կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կռիլովը՝ նշելով, որ  ընտրությունների արդյունքները, ընդհանուր առմամբ, կանխատեսելի էին` փորձագետները սպասում էին, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դաշինքը կստանա ձայների շուրջ 70%–ը։

Փորձագետը  համաձայն չէ այն պնդումներին, թե ընտրողների  ցածր մասնակցությունը վկայում է Փաշինյանին աջակցելու ցածր աստիճանի մասին։ Նրա կարծիքով` նախորդ ընտրություններին ընտրողների մասնակցության ցուցանիշն ակնհայտորեն ուռճացվում էր: Միաժամանակ, Կռիլովը նշում է, որ փոքր-ինչ  անսպասելի էր, որ ՀՀԿ-ն և «Սասնա ծռերը» չանցան ապագա խորհրդարան, ինչը վկայում է ՀՀ-ում քաղաքական էլիտայի փոփոխման մասին. քաղաքական դաշտում նոր կուսակցություններ, ինչպես նաև երիտասարդ քաղաքական գործիչներ են հայտնվում:   

ՌԳԱ արևելագիտության ինստիտուտի Կովկասի ուսումնասիրության կենտրոնի ավագ գիտաշխատող Անդրեյ Արեշևի համար չափազանց ուրախալի է փաստը, որ ծայրահեղ մոտեցումներ ունեցող «Սասնա ծռեր» կուսակցությունը չանցավ նոր խորհրդարան: Ըստ նրա՝  դա հենց «Սասնա ծռերի» «շնորհիվ» է,  քանի որ  չկարողացան  համոզիչ հանդես գալ  քարոզարշավի ընթացքում, երկրորդ՝ սա ցույց է տալիս ՀՀ-ում վերաբերմունքը ռադիկալ կոչեր անողների հանդեպ: «Նրանք հազիվ 2 տոկոս են հավաքել, այսքան է նրանց, նրանց ծրագրի  պոպուլյարությունը ՀՀ-ում»,- շեշտեց քաղաքագետը:

Արեշևը նաև ընդգծեց`  «Իմ քայլի» հավաքած 70.44%-ը տրամաբանության շրջանակում է:

Ե'վ Արեշև, և' Կռիլովը պնդեցին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը ոչ մի ազդեցություն չի ունեցել Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժի օգտին գրանցված քվեների վրա: «Կլիներ այդ կալանավորումը, թե՝ ոչ, քվեարկածների թիվը չէր փոխվի: Ուղիղ կապ չկա. Քոչարյանի գործն իր հունով է գնում, ընտրություններն իրենց հունով գնացին»,- ասաց Կռիլովը՝ խոստովանելով, որ հեղափոխության առաջին օրերին ՌԴ-ում թերահավատորեն էին տրամադրված, մտավախություն կար, որ կկրկնվի նույն սցենարը, ինչ Վրաստանում և Ուկրաինայում, բայց մտավախությունները չհաստատվեցին:

«Դժվար է պատկերացնել, որ ինչ-որ մեկը պատրաստվում  էր իր ձայնը տալ այլ ուժի, և կալանավորումից հետո որոշեց իր ձայնը տալ «Իմ քայլին»»,- հավելեց Արեշևը՝ նշելով, որ Ռոբերտ Քոչարյանը փորձառու քաղաքական գործիչ է և  կարողանում է դիմակայել հարվածին, նաև` երկրորդ նախագահը  չէր պատրաստվում վերադառնալ քաղաքականություն, բայց, հանգամանքների բերումով և իր կամքից անկախ, նա վերադարձավ քաղաքական բաց հարթակ: