կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-01 15:45
Սփյուռք

Արձանագրված խախտումներն էական ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքների վրա. Արփինե Հովհաննիսյան

Արձանագրված խախտումներն էական ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքների վրա. Արփինե Հովհաննիսյան

Հայաստանի ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում ներկայացրել է «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը  նախնական դիտարկումները՝ Արցախում տեղի ունեցած ընտրությունների մասին:

Նա, մասնավորապես, նշել է.

«Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը եւ «Իրավական կրթություն» կազմակերպությունը իրականացրել են 2020 թվականի մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած համապետական ընտրությունների դիտարկումը: Դիտորդական առաքելությանը ներգրաված էին 140 դիտորդներ, որոնք վերահսկել են Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող նախագահի եւ Ազգային ժողովի ընտրությունների քվերակության ընթացքը Արցախի Հանրապետության 100 տեղամասերում։

Դիտորդական առաքելության ընթացքում մեր դիտորդների կողմից արձանագրվել են հիմնականում հետյալ խախտումները`

• Գրեթե բոլոր տեղամասերում եղել են մարդկանց կուտակումներ, որոնք պայմանավորված էին ընտրողների մասնակցության բարձր թվի հետ

• Մի շարք տեղամասերում արձանագրվել են քվերակողների կողմից իրենց քվաթերթիկի լուսանկարահանման դեպքեր: Ավելին եղել են դեպքեր, երբ ընտրողները փորձ են կատարել իրականացնել հրապարակային քվերակություն: Այս առումով պետք է նշել, որ շատ դեպքերում ընտրողները տեղյակ չեն եղել, որ լուսանկարահանման կամ այլ ձեւով քվեարկության գաղտնիության խախտումը հակաիրավական արարք է:

• Գրեթե բոլոր ընտրատարածքներում գրանցվել է քվեախցիկում երկու հոգով քվեարկելու դեպքեր, որոնք, սակայն, եղել են ընտանիքի անդամների կամ հարազատների կողմից ընտրողին օգնելու, ոչ թե ընտրությունը վերահսկելու նպատակով: Ընտրության վերահսկման մեկ դեպք է արձանագրվել:

• Մի շարք դեպքերում ընտրատեղամասերի կահավորվածությունը, մասնավորապես քվախցիկի տեղադրությունը եղել է այնպիսին, որ վտանգել է ընտրողների քվեարկության գաղտնիությունը: Մեր դիտորդների միջամտությունից հետո հանձնաժողովը քայլեր է ձեռնարկել քվեախցիկի տեղադրությունը փոփոխելու եւ գաղտնիության ապահովման համար:

• Դիտարկած ընտրատեղամասերից 3-ում քվեատուփերը եղել են չկնքված, սակայն դիտորդների կողմից խնդրի բարձրաձայնումից հետո խնդիրը շտկվել է:

• Դիտարկված ընտրատեղամասերից երեքում արձանագրվել են դեպքեր, երբ քվեարկության սենյակում ներկա են գտնվել պատգամավորության թեկնածուները: Ավելին` մի շարք ընտրատեղամասերից ահազանգեր ենք ստացել, որ Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը փորձում է միջամտել նաեւ դիտորդների աշխատանքին։

Հարկ է նշել, որ Արթուր Օսիպյանը թիվ 1/5 ընտրական տեղամասում փորձել է խոչընդոտել մեր դիտորդական առաքելության աշխատանքներին եւս` սպառնալիքներ հնչեցնելով դիտորդական առաքելության ղեկավարի հասցեին: Այս կապակցությամբ ցանկանում ենք նշել, որ ներկայացվել է հաղորդում հանցագործության վերաբերյալ, եւ հարուցվել է քրեական գործ։ Որոշ խախտումների մասին եւս ներկայացնելու ենք հաղորդում հանցագործության մասին։

Ամփոփելով անհրաժեշտ է նշել, որ չնայած արձանագրված խախտումներին` դրանք էական ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքների վրա: Ընտրությունների ընթացքը հիմնականում եղել է խաղաղ, կազմակերպված, ժողովրդավարական չափանիշներին համապատասխան` ապահովելով ընտրությունների թափանցիկությունը եւ մրցակցային բնույթը:

Միեւնույն ժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ մեր կազմակերպությունը առաջիկայում հանդես կգա Արցախի Հանրապետության համապետական ընտրությունների դիտորդական առաքելության իրականացման վերաբերյալ կներկայանա լայնածավալ զեկույցով»: