Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության` Գյումրիում տեղի ունեցած արտահերթ արտագնա նիստում քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը ներկայացրեց աղետի գոտում 2018 թվականի ընթացքում կատարված և 2019 թվականի ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ զեկույցը:
Նրա խոսքով` աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակներում ՀՀ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում շահառու է ճանաչվել 5381 ընտանիք, որոնցից 4839 ընտանիքի բնակարանային խնդիրը լուծվել է 2008-2017 թվականներին՝ մոտ 65 մլրդ դրամ միջոցների հաշվին:
«ՀՀ կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված է մինչև 2020 թվականի տարեվերջ ավարտին հասցնել մնացած թվով 542 ընտանիքների նկատմամբ ձևավորված պետական պարտավորությունների կատարումը»,- ասաց նա:
Ըստ Էլոյանի՝ ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով հատկացված 460 մլն դրամի հաշվին ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում կլուծվի ևս 44 ընտանիքի բնակարանային խնդիր՝ նրանց կիսակառույցների ավարտմամբ: Կիսակառույցների շինարարական աշխատանքները նախատեսված է սկսել 2019 թվականի մարտին և ավարտել մինչև դեկտեմբերի 1-ը:
«Արդյունքում` դեռևս լուծման կարիք կունենա 498 ընտանիքի բնակարանային խնդիր, որի համար կպահանջվի մոտ 3.5 մլրդ ՀՀ դրամ: Ընդ որում` ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված է 560 մլն դրամ»,- ասաց նա:
Բացի այդ` ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից մշակվել և ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 29-ի նիստում ընդունվել է համապատասխան որոշում, որով նախատեսվել է, որ համապատասխան համայնքների ղեկավարների կողմից պետք է իրականացվի բոլոր ոչ հիմնական շինությունների փաստագրում, փաստագրման արդյունքում պետք է կազմվեն գրաֆիկական և աղյուսակային նյութեր, ամփոփված տեղեկատվությունը մինչև տարեվերջ պետք է ներկայացվի ՀՀ քաղաքաշինության կոմիտե, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն: