կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-04 16:28
Հասարակություն

Սպիտակի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 542 ընտանիք դեռ սպասում է իր բնակարաններին

Սպիտակի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 542 ընտանիք դեռ սպասում է իր բնակարաններին

Տարբեր ծրագրերի շրջանակում լուծվել է Սպիտակի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 66 հազար 400 ընտանիքի բնակարանային խնդիրը: Այսօր հրավիրած ասուլիսում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը հայտնեց, որ պետական ծրագիրը շարունակվում է: Եթե քաղաքային հատվածում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած շահառուների բնակարանային հարցը լուծվել է, ապա գյուղական բնակավայրերում դեռ խնդիր կա:

«Երկրաշարժից 20 տարի անց պետությունը բնակարանային ապահովման ծրագրի շահառու դառնալու համար հերթագրման վերջնաժամկետ սահմանեց, որի ընթացքում հաշվառման կանգնեց մոտ 7 հազար ընտանիք: Նրանց ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո շահառու ճանաչվեց մոտ 5 հազար 400 ընտանիք: 2008-2017 թվականների ընթացքում մոտ 65 մլրդ դրամի հաշվին լուծվել է  4 հազար 839 ընտանիքի բնակարանային խնդիր, դեռևս լուծված չէ 542 ընտանիքի խնդիր` Լոռու, Շիրակի, Արագածոտնի գյուղական բնակավայրերում»,- ասաց Տանյա Արզումանյանը:

2018 թվականին բյուջեով պետական ծրագրի համար նախատեսված է 460 մլն դրամ, որով Լոռու մարզի բնակավայրերում կլուծվեն այն ընտանիքների բնակարանների խնդիրները, որոնք ունեն անավարտ կիսակառույց տներ, և այդ տները կառուցապատողի սնանկացման պատճառով մնացել էին անավարտ: Առնվազն 44 ընտանիքի կիսակառույց տուն ավարտին կհասցվի:

Տանյա Արզումանյանը տեղեկացրեց, որ ևս 560 մլն դրամ նախատեսված է 2019 թվականի բյուջեով: Շահառուներին բնակարաններով ապահովելու ծրագիրը կավարտվի 2020 թվականին: