Փոխարժեքներ
09 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.42 |
EUR | ⚊ | € 425.54 |
RUB | ⚊ | ₽ 4.02 |
GBP | ⚊ | £ 507.44 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Հունիսի 6-8 Ազգային ժողովի պատվիրակության կազմում այցելել եմ Միացյալ Թագավորություն։ Մասնակցել եմ Պառլամենտի խոսնակ Լինդսի Հոյլի (նկարում), խորհրդարանի առաջնորդ (իշխող Պահպանողական խմբակցության ղեկավար) Փենի Մորդընթի, Եվրոպայի հարցերով ստվերային նախարար Սթիվեն Դաութիի, Շոտլանդական ազգային կուսակցության պատվիրակության, բրիտանահայկական պատգամավորական բարեկամության խմբի անդամների հետ հանդիպումներին։
Բոլոր հանդիպումների ժամանակ խոսել եմ Արցախի Հանրապետությունում տիրող իրավիճակի և, ամենակարևորը՝ Արցախյան հակամարտության կարգավորման մեր մոտեցումների մասին։ Մասնավորապես, շեշտել եմ իրենց պատմական հայրենիքում Արցախի ժողովրդի ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ։ Նշել եմ, որ մեր տարածաշրջանում խաղաղություն չի կարող հաստատվել, քանի դեռ հակամարտությունն արդար հանցուցալուծման չի բերվել։ Իսկ արդարությունը պահանջում է Արցախի մեր հայրենակիցների կամքի, սեփական ճակատագիրն ու քաղաքական ապագան տնօրինելու իրավունքի հարգում։ Հստակ հայտարարել եմ, որ Արցախի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության տարածումը Արցախի հայերին կկանգնեցնի էթնիկ զտման և ցեղասպանության վտանգի առջև։Իսկ դա, իր հերթին, կբերի նոր պատերազմի։ Հետևաբար, եթե միջազգային հանրությունը ցանկանում է խաղաղություն հաստատել, ապա պետք է պարտադրի Ադրբեջանին, թեկուզ պատժամիջոցներ կիրառելով, վերջ տալ Արցախի շրջափակմանը և վերադառնալ Արցախի քաղաքական կարգավիճակի շուրջ բանակցություններին։
Բրիտանական խորհրդարանի հետ կապերի հաստատումն ու ամրապնդումն առանձնահատուկ կարևոր են հաշվի առնելով այդ երկրի դերը համաշխարհային քաղաքականությունում, ինչպես նաև Ադրբեջանի ու Թուրքիայի հսկայական լոբբիստական ազդեցությունը, որն էապես պայմանավորված է էներգետիկ ոլորտում տնտեսական հետաքրքրություններով։ Կարելի է նեղանալ, մի կողմ քաշվել, իսկ կարելի ակտիվ ջանքերով փորձել իրավիճակը փոխել։
Արթուր Խաչատրյան
ՀՅԴ անդամ,
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր