կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-04 22:35
Արցախ

Շուշիի տեխնոլոգիական համալսարանը կունենա նոր պայմաններ

Շուշիի տեխնոլոգիական համալսարանը կունենա նոր պայմաններ

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանում կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում, որի ընթացքում ուսանողների կողմից բարձրացվել են մի շարք հարցեր:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ քննարկմանն ուսանողներն անդրադարձել են դասավանդման մեթոդների փոփոխությանը, դասախոսների տարիքային սահմանափակմանն ու վերապատրաստմանը, տարբեր մշակութային միջոցառումներին լավ սովորող ուսանողների ակտիվությանն ու սպորտդահլիճի բացակայությանը վերաբերող հարցերին:  Ի պատասխան ներկայացված հարցերի՝ քննարկմանը ներկա բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու Արայիկ Հարությունյանն ասել է, որ նախ և առաջ պետք է փոխվի ուսուցման ձևաչափը:

«Պետք է կազմակերպել արտաժամյա լսումներ, կլոր սեղաններ, քննարկումներ: Դասախոսի դերը ուսանողի կայացման գործում պետք է արժևորվի նրա տարիների փորձով, վաստակով, անցած ճանապարհով, որոնք յուրաքանչյուր երիտասարդի մոտ սովորելու ցանկություն կառաջացնեն: Ուսանողների հետ պետք է տարվի հոգեբանական աշխատանք՝ անհատի մեջ բարձրացնելով եսը: Բայց այս բոլոր խնդիրներից զատ, ներկայումս մենք կանգնած ենք մարդկության առջև ծառացած կարևոր մարտահրավերների առաջ:

Այսօր ամեն ինչ անցնում է ավտոմատացման, և ներկա ժամանակներում ուսանողը պետք է հաշվի առնի, որ 20 տարի հետո բոլոր համակարգերն աշխատելու են այդ ռեժիմով: Ուսանողներին օգնելու հարցում պատրաստ ենք ցանկացած աջակցության: Արդեն հունվարից սկսելու ենք գործնական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»,- նշել է Ա. Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ Սարուշենում տեղակայված «Տոհմային կայան»-ում այս տարի կիրականացվի նախագիծ, ըստ որի կստեղծվեն արդի չափանիշներին համապատասխան պայմաններ, որպեսզի ուսանողները կարողանան փորձուսուցում անցնել: