Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ հերթական նիստում քննարկվող հիմնական հարցը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցն էր:
Նախ` ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ սոցիալական այս ծանր պայմաններում անթույլատրելի է գնալ նման քայլի և բարձրացնել հոսանքի սակագինը: Նա հայտնեց, որ տեղի է ունեցել չորս քաղաքական ուժերի՝ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, «Ժառանգության» ու ՀՅԴ-ի միջև խորհրդակցություն, և առաջարկում են ԱԺ նախագահին` օր առաջ, հրատապ կարգով հրավիրել խորհրդարանական լսումներ՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման թեմայով:
«Եվս մեկ լումայով թանկացնելը կործանարար կարող է լինել: Առաջարկում ենք ԱԺ նախաձեռնությամբ հրավիրել քննարկում, բոլոր շահագրգիռ անձանց ներկայությամբ»,- ասաց պատգամավորը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ ուրբաթ օրն այդ հարցը քննարկել են, ՀԾԿՀ-ն կուսումնասիրի հայտը, և կկայանան լսումներ ԱԺ-ում, որին կմասնակցեն շահագրգիռ և պատասխանատու կողմերը:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի հարցին ԱԺ-ն ոչ թե պոստֆակտում պետք է անդրադառնար, այլ նախապես պետք է այդ հարցի վերաբերյալ կազմակերպվեր քննարկում: «Կան շատ կարևոր հարցեր, թե ինչպես է, օրինակ, ՀԷՑ-ը 300 միլիոն դոլարի պարտք կուտակել: Նախնական ուսումնասիրությունից պարզում ենք, որ, բաշխիչ ցանցերի կարծիքով, սպառողները պետք է վճարեն իրենց վարձակալած «Լեքսուս»-ների, «Մերսեդես»-ների և անտրամաբանական գներով վարձակալած տարածքների համար: ԱԺ-ն չպետք է սպասողական դիրք որդեգրի, որովհետև այն մարդիկ, ովքեր ԱԺ են ձևավորել, սպասում են այս հարցերի պատասխաններ մեզանից»,- ասաց նա:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ պատգամավորները չպետք է բանակների բաժանվեն, որովհետև եթե բարձրանում է էլեկտրաէներգիայի սակագինը, ապա դա բոլորի մտահոգությունն է: «Խոսում եք «Լեքսուս»-ների, չարաշահումների մասին... Եթե նյութեր ունեք, ապա դիմեք համապատասխան մարմիններին»,- ասաց նա: