Փոխարժեքներ
12 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.35 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.8 |
GBP | ⚊ | £ 501.73 |
GEL | ⚊ | ₾ 139.79 |
Իշխանափոխությունից հետո, երբ ՀՅԴ-ն նորից կառավարության մաս կազմեց, այդ քաղաքական ուժի ներսում տարաձայնությունների ալիք բարձրացավ: Արդեն գրել ենք, որ Սփյուռքի կառույցները դժգոհություն էին հայտնել հայաստանյան դաշնակցականների քաղաքական դիրքորոշումների առնչությամբ: Ճգնաժամը հաղթահարվե՞ց` հարցրինք ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանին:
-Հաջորդ տարի կլրանա իմ կուսակցական ստաժի 30 տարին, ու ես 30 տարի լսում եմ, որ ՀՅԴ-ում կա ճգնաժամ,- ասաց պատգամավորը։
-30 տարի լսում եմ, որ Դաշնակցությունում պառակտումներ կան, որ Դաշնակցությունում թևերի կռիվ կա, նույնքան տարի էլ լսում եմ` իբր հազարավոր մարդիկ են կուսակցությունից դուրս գալիս: Ընդ որում, եթե, ըստ լուրերի, գումարեմ ՀՅԴ-ից դուրս եկող անձանց թիվը, հիմա Հայաստանում պետք է ունենայինք ոչ թե 7 հազար անդամ, այլ մինուս 20000:
-Բայց չեք ժխտի, չէ՞, որ Հրանտ Մարգարյանի հետ տարաձայնության պատճառով Աբո Պողիկյանը դուրս եկավ կուսակցությունից, որ Սփյուռքի կառույցների հետ էլ խնդիրներ կան:
-Սփյուռքի կառույցների հետ խնդիրները հայաստանյան որոշ լրատվամիջոցների, որոշակի շրջանակների անիրականանալի ցանկություններն են, որովհետև այդ խոսակցություններն էլ տասնամյակներ շարունակ լսում ենք, սակայն կյանքը ցույց է տալիս, որ նման իրողության հետ ՀՅԴ-ն երբևէ չի առնչվել: Չպետք է շփոթել կուսակցությունում եղած բանավեճը, խնդիրների մասին քննարկումները պառակտման կամ այլ տիպի խնդիրների հետ: ՀՅԴ-ն ավանդույթներ ունի, 128 տարվա կենսունակության կարևորագույն բաղադրիչներից մեկն էլ այն է, որ կուսակցությունում փակ թեմաներ չկան: Ցանկացած հարցի մասին կան քննարկումներ, ցանկացած խնդրի վերաբերյալ լինում են բուռն բանավեճեր, բայց դրանք նույն նպատակին ձգտող մարդկանց բանավեճեր են՝ տարբեր շեշտադրումներով, մոտեցումներով: Սա ոչ թե Դաշնակցության թուլությունն է, այլ ուժը: Երանի հայաստանյան մյուս կուսակցություններում էլ նման քննարկումներ լինեին:
-Այդուհանդերձ, տարաձայնություններ կան:
-Տարաձայնություններ, բազմակարծություն կան, քանի դեռ ներսում խնդիրները քննարկվում են, իսկ երբ հարցի առնչությամբ կայացվում է կուսակցության որոշում, պետք է բոլորը ենթարկվեն դրան: Շատ դեպքեր են եղել, երբ քննարկման փուլում որևէ հարցի վերաբերյալ դեմ եմ արտահայտվել, սակայն որոշումը կայացվելուց հետո, լինելով այդ որոշման հարցում փոքրամասնություն, ակտիվորեն աշխատել եմ կայացված որոշումն իրագործելու ուղղությամբ: Կգա՞ հաշվետվության ժամանակը, ոչ թե կչարախնդամ, այլ փաստարկներ կներկայացնեմ, որ իմ մոտեցումները ճիշտ էին: Ասել է՝ ներկուսակցական քննարկումները չպետք է նույնացնել պառակտման կամ տարակարծությունների հետ: Չի կարող այնպես լինել, որ մի հարցի շուրջ 100 հոգի նույն կարծիքն ունենա: Համոզված եմ` եթե բոլորը կուսակցությունում նույն կարծիքն ունեն, ապա ոչ մեկն էլ կարծիք չունի:
-Տարօրինակ չէ՞, որ ով գալիս է իշխանության, ՀՅԴ-ն միշտ նրա կողքին է:
-ՀՅԴ-ն չէ, որ միշտ իշխանության կողքին է, իշխանությունն է ուզում, որ դաշնակցությունն իր կողքին լինի:
-Ինչո՞վ է պայմանավորված ՀՅԴ-ի հանդեպ այդ կայուն սերը:
-Պայմանավորված է այն բանով, որ քաղաքական փորձառություն ունեցող ուժի հետ համագործակցելու ցանկություն ունենում են նույնիսկ իրար հետ տարամետ ճամբարներում հայտնված ուժերը: Սա նշանակում է, որ ոչ թե ՀՅԴ-ն է սպասում, թե ով պետք է իշխանություն լինի, որ նրա կողքին կանգնի, այլ հակառակը՝ ով գալիս է իշխանության, անպայմանորեն փնտրում է դաշնակցության հետ համագործակցության հնարավորություն:
-Նոր իշխանությունը ցանկություն ունի կտրելու բոլոր թելերը «հին» Հայաստանի հետ, իսկ ՀՅԴ-ն «հին» Հայաստանը մարմնավորող ուժերից է:
-ՀՅԴ-ն հին, ներկա և ապագա Հայաստանի հետ ասոցացվող քաղաքական ուժ է: «Հին» կամ «նոր» Հայաստան ասելով անձա՞նց նկատի ունեք, թե՞ քաղաքական տեսլականը:
-Այդ հարցին նոր կառավարությունը պետք է պատասխանի, այդ թվում նաև կառավարության մաս կազմող ՀՅԴ-ն:
-Նոր իշխանության շատ գործիչների ելույթներ, գնահատականներ եմ լսել ու այնպես չէ, որ բոլորը նման կարծիք ունեն: Ինձ իրավիճակային մոտեցումները չեն հետաքրքրում, ոչ էլ քաղաքական ինքնադրսևորումները, այլ թրենդը: Եթե որևէ մեկը մեկ ամիս առաջ փողոցներ չի փակել կամ գործադուլ ու դասադուլ չի արել, դա դեռ չի նշանակում, որ այդ մարդը դեմ է բարեփոխումներին կամ այն տեսլականին, որի շուրջ հավաքվել են քաղաքական ուժերը: Ավելին, եթե որևէ մեկը, որպես քաղաքական պայքարի մեթոդ, դեմ է եղել փողոցներ փակելուն, դրանից մեխանիկորեն չի բխում, որ նա դեմ է Հայաստանի զարգացմանը: Իսկ եթե որևէ մեկն էլ փողոց է փակել, դրանից էլ չի բխում, որ նա նոր Հայաստանի տեսլական ունի և աշխատելու է այն իրականացնելու ուղղությամբ: Փողոց փակելը և հռետորաբանությունը որևէ կապ չունեն ազգի ու պետության զարգացման, դրա իրագործմանն ուղղված ջանքերի հետ:
-Նոր իշխանությունը նոր, թարմ դեմքեր է ասպարեզ բերել: ՀՅԴ-ն չի՞ ուզում թարմացնել իր շարքերը:
-Երբ խոսում ենք նորության, թարմության մասին, նախ պետք է հասկանանք, թե տվյալ մարդուց ինչ սպասելիքներ ունենք՝ արդյունավետ աշխատա՞նք, հմտություննե՞ր, թե՞ նայելու ենք միայն անձնագրային տվյալներին: Անպայմանորեն չի ենթադրվում, որ ամեն մի նոր մարդ պետք է արդյունավետ աշխատի, իսկ ամեն «հին» մարդ՝ վատ: Ինչ վերաբերում է թարմացումներին, ՀՅԴ ղեկավար մարմինների ընտրություններից հետո միշտ էլ նոր դեմքեր են ի հայտ գալիս: Վերջին ԳՄ-ի կազմը դիտարկեք` 2/3-ը նոր մարդիկ են: Իսկ եթե դիտարկենք կառավարությունում ՀՅԴ-ի առաջարկած կադրերին, մեր թարմացման կամ նորացման մեթոդաբանությունը շատ ավելի արդյունավետ է, քան այլ ուժերինը:
-ՀՅԴ-ի առնչությամբ մեկ այլ «մեղադրանք» էլ կա. տեսակետ է հնչում, որ եթե նախորդ ընտրություններում ՀՀԿ-ն չօգներ, Դաշնակցությունը չէր կարող անգամ անցողիկ շեմը հաղթահարել: Այս իշխանությունը մտադիր է արտահերթ ընտրություններ անցկացնելու, ՀՅԴ-ն միայնակ կկարողանա՞ կրկին հայտնվել խորհրդարանում:
-Բոլորին կառաջարկեի ուշադրություն դարձնել այն փաստին, որ ՀՅԴ-ն առաջին անգամ ընտրությունների մասնակցել է 1999-ին, մինչ այդ դաշնակցությունն արգելված, փակված կուսակցություն էր: 1999-2017-ի խորհրդարանական բոլոր ընտրությունների ժամանակ ՀՅԴ-ն հանդես է եկել առանձին և այն բացառիկ քաղաքական ուժերից է, որ բոլոր գումարման խորհրդարաններում խմբակցություն է ունեցել: Այնպես որ, հաջորդ ընտրություններում էլ ՀՅԴ-ն ներկայանալու է առանձին ու կհավաքի այնքան քվե, որքան թույլ կտա նրա ունեցած հասարակական վստահությունը:
-Խնդիրների լուծման՝ նոր իշխանության որդեգրած մոտեցումն ինչպե՞ս եք գնահատում:
-Երեք-չորս շաբաթվա աշխատանքին դժվար է գնահատական տալ:
-Բայց այս ընթացքում ակնհայտ է մեկ բան, որ մեր երկրի բոլոր խնդիրներով զբաղվում է ԱԱԾ-ը:
-Կարծում եմ` առաջիկայում հնարավորություն կունենանք ավելի հանգամանալի անդրադառնալու նոր կառավարության գործունեությանը, մեթոդաբանությանը: Նախարարներ կան, որ երկու-երեք շաբաթ են աշխատել, ու այդ ամենը գնահատել ֆեյսբուքյան կամ լրատվամիջոցների հրապարակումներով, կոռեկտ չէ: Ժամանակ ու հնարավորություն կունենանք թե՛ խորհուրդ տալու, թե՛ քննադատելու, թե՛ գնահատելու:
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ