կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-26 19:56
Քաղաքական

Քվեարկեք Դաշնակցության օգտին, և մենք կշրջենք տնտեսական քաղաքականության անիվը. Արթուր Խաչատրյան

Քվեարկեք Դաշնակցության օգտին, և մենք կշրջենք տնտեսական քաղաքականության անիվը. Արթուր Խաչատրյան

Այսօր Արամ Մանուկյանի արձանի մոտ մեկնարկեց ՀՅ Դաշնակցության քարոզարշավը: Իր ելույթում ՀՅԴ պատգամավորի թեկնածու, նախկին գյուղնախարար Արթուր Խաչատրյանը նշեց, որ Դաշնակցությունը յուրօրինակ կուսակցություն է և էապես տարբերվում է Հայաստանում գործող մյուս քաղաքական կառույցներից` ոչ միայն նրանով, որ մասնաճյուղեր ունի Հայաստանում, Արցախում, Սփյուռքում, որ արդեն 128 տարի ժողովրդի հետ է, այլ նաև նրանով, որ կուսակցության սոցիալ-տնտեսական պատկերացումը, գաղափարախոսությունը ձախակողմյան է` սոցիալիստական:

«Մենք հավատում ենք, որ պետությունն էական դեր ունի կատարելու երկրի տնտեսական զարգացումն ապահովելու գործում: Մենք չենք հավատում, որ շուկայի անտեսանելի ձեռքը կարող է կարգավորել շուկան, ստեղծել բարեկեցիկ, արդար հասարակություն, մի հասարակություն, որտեղ յուրաքանչյուրը կստանա իր արժանիքներին, ներդրմանը վայել: Մենք գտնում ենք, որ պետությունը չի կարող ձեռքերը ծալած նստել, որ պետությանն է վերապահված շատ կարևոր դեր, որպեսզի երկիրը զարգանա»,- ասաց Խաչատրյանը:

Նա նշեց նաև, որ Դաշնակցության համար երկրի զարգացումը նույնչափ կարևոր է, որքան սոցիալական արդարությունը: Խաչատրյանի խոսքով` սոցիալական արդարությունը կոչված է բաշխել սոցիալական այն արժեքը, որը ստեղծել են հասարակության անդամները:

Ըստ նրա` ժողովուրդը չի բողոքում միայն աղքատությունից, ծանր սոցիալական պայմաններից, այլ ժողովրդի հիմնական բողոքն անարդարությունից է: «Տասնյակհազարավոր մարդիկ օրնիբուն աշխատում են, բայց գրոշներ են ստանում, իսկ օլիգարխները, որոնք կոչվում են սեփականատեր, գռփում են ազգային արժեքի զգալի մասը: Եվ այս սկզբունքային դիրքորոշումից է բխում մեր սոցիալ-տնտեսական քաղաքականությունը: Մենք պահանջում ենք առաջանցիկ զարգացում, ներառական աճ, սոցիալական արդարություն և կայուն զարգացում: Առաջանցիկ տնտեսական աճի մեջ էական դեր ենք վերագրում պետությանը. պետությունը պասիվ կարգավորումից պետք է ստանձնի տնտեսական զարգացման լոկոմոտիվի դերը, ակտիվորեն վերացնի շուկայի ձախողումները, ճգնաժամերը»,- ասաց Խաչատրյանը:

Ըստ նրա` պետությունը պետք է կարողանա ստեղծել աշխատատեղեր պետություն-մասնավոր ընկերություններ, պետություն-մասնավոր հատված գործընկերության ֆորմատով: Եթե չի գալիս մասնավոր ընկերությունը, ապա, ըստ Խաչատրյանի, պետությունը պետք է լրացնի այդ բացն այն բնագավառներում, որտեղ մասնավորը վախենում է մտնել:

Բացի այդ` ՀՅԴ անդամը նշեց, որ պետության ստեղծած արժեքը պետք է արդար բաշխվի` մարդիկ աշխատում են, բայց չեն ստանում եկամտի իրենց բաժինը: «Տնտեսական աճի պտուղներն արդար չեն բաշխվում: Ունենք թոշակառուներ, գործազուրկներ, որոնք ստանում են գրոշներ, մարդիկ ամբողջ կյանքն աշխատում են, բայց նրանց կենսաթոշակները նույնիսկ աղքատ գոյությունը չեն երաշխավորում: Արդյո՞ք դա ենք մենք ուզում: Իհարկե` ոչ: Մենք խոսում ենք համերաշխ հասարակության մասին և պետք է մեր տնտեսական քաղաքականությամբ երաշխավորենք այդ համերաշխությունը: Այսօրվա հասարակությունը պետք է ստեղծի նաև գալիք սերունդների բարեկեցության հիմքերը, պետք է ճիշտ առողջապահական, կրթական քաղաքականություն վարենք: Այսօրվա սերունդը պատասխանատու է նաև գալիք սերունդների համար»,- հայտարարեց Խաչատրյանը:

Նրա խոսքով` կայուն զարգացումը բնապահպանական էական բաղադրիչ ունի. շատ հեշտ է այսօր քամել ընդերքը, կեղտոտել օդը, հողը, ջուրը և հանել ոսկի, արծաթ, պղինձ, մոլիբդեն, ինչ-որ գրոշներ նետել պետությանը` եկամտահարկի կամ շահութահարկի տեսքով, բայց հիմնականում նաև օֆշորներում գրանցված ընկերությունները տանեն ամբողջ շահույթը: Խաչատրյանը նշեց, որ այսօրվա սերունդը չպետք է գալիք սերունդներին թողնի քամած երկիր: «Գալիք սերունդներին պետք է թողնենք այն և ավելին, ինչ այսօրվա սերունդն է ժառանգել մեր նախնիներից: Ցավոք, վերջին 30 տարիներին շեղվել ենք մեր նշած երեք սկզբունքներից` առաջանցիկ զարգացում, ներառական աճ, սոցիալական արդարություն և կայուն զարգացում: Բոլոր կառավարություններն աջակողմյան են եղել, և տնտեսական ձախողումները, որ ունենք, նաև դրանից է գալիս: Քվեարկե'ք Դաշնակցության օգտին, և մենք կշրջենք մեր տնտեսական քաղաքականության անիվը, առավել մեծ պատասխանատվություն կվերագրենք պետությանը, կհասնենք տնտեսական աճի ներառականությանը, սոցիալական արդարությանն ու կայուն զարգացմանը»,- խոսքն ամփոփեց Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Դաշնակցությունը քվեաթերթիկում 3-րդ համարն է: