կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-24 20:01
Քաղաքական

Մոտ ամիսներին սպասենք Ղարաբաղի հարցում նոր զարգացումների․ Արմեն Ռուստամյան

Մոտ ամիսներին սպասենք Ղարաբաղի հարցում նոր զարգացումների․ Արմեն Ռուստամյան

«Երկիր Մեդիա» հեռուստաալիքի «Հարցեր՝ դաշնակցականներին» հաղորդման ժամանակ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ Ժողովրդի ակնկալիքն այս հեղափոխությունից շատ մեծ է, բայց այդ ակնկալիքն առայժմ փարատվում է միայն մեկ բանով՝ վստահությամբ։

 «Ժամանակի ընթացքում այդ ակնկալիքը պահպանվելու է, մի բան էլ ավելի՝ ավելանալու է, որովետև վիճակը չի լավանում, խնդիրներն առայժմ չեն լուծվում, ընդհակառակը՝ շարունակում են կուտակվել նորերը՝ սոցիալական, տնտեսական, ներքին և արտաքին բնույթի։ Արտաքինի մասին էլ չխոսենք, առանձին թեմա է այն, որ խնդիրներ ենք ինքներս մեր գլխին սարքել։ Այս կուտակվող խնդիրների գունդը սկսում է մեծանալ, և հույսը, բնականաբար, կամաց-կամաց մարելու է»,- նշել է պատգամավորը։

Նա վստահություն է հայտնել, որ մայիս-հունիսին նոր իրավիճակ էր առաջանելու, և դա ամենահաջող ժամանակն էր ընտրություններ անցկացնելու համար։ «Սակայն խնդիրը դարձավ ոչ թե հեղափոխության նպատակներին այս ամբողջ գործընթացը ծառայեցնելը, ինչպես ասում են, թեև հեղափոխության նպատակն անորոշ է, միայն մեկ հստակ նպատակ է եղել այդ հեղափոխության մեջ՝ մերժիր Սերժին։ Թե մերժելուց հետո ի՞նչ պիտի անեն, հայտնի չէ։ Բացի դրանից՝ մենք ունենք Ղարաբաղի հարց։ Բոլթոնի այցը, նրա հայտարարությունները, Ղարաբաղի հարցը շուտափույթ լուծելու հետ կապված, Միլսի հայտարարությունները, աշխարհաքաղաքական նոր կոնֆիգուրացիաներ առաջացնելը՝ Իրանի հետ հարաբերություններում Հայաստանին ընդգրկելու հետ կապված․․․ Մանավանդ՝ խորհրդարանում, նոյեմբերի 1-ին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը, որ Իրանի հետ սահմանը դե ֆակտո կարող է ամեն պահի փակվել։ Ինչպե՞ս կարող է երկկողմ հարաբերություններին վերաբերող այդպիսի հայտարարություն անել։ Դե ֆակտո փակողը կա՛մ մենք ենք, կա՛մ Իրանը։ Իրանը չի պատրաստվում փակել, այդ ո՞վ պետք է փակի սահմանը, ինչո՞ւ պիտի դա ամեն պահի հնարավոր լինի»,-նշել է Ռուստամյանը։

 Պատգամավորի խոսքով՝ այսօր մենք արդեն խնդիր ունենք՝ մեր իրանցի հայրենակիցները, որ ՀՀ քաղաքացիներ են, կանչվում են բանկեր և նրանց պարտադրում են, որ փակեն իրենց հաշիվները։ «Մենք այդ մասին հայտարարությամբ հանդես եկանք: Սրանք առաջին ծիծեռնակներն են, մենք շատ ավելի լուրջ խնդիրների ենք դիմակայելու»,- ասել է Ռուստամյանը։

 Նրա համոզմամբ՝ Արցախի հարցը պիտի լուծվի մեծ վստահություն ունեցող իշխանությունների կողմից, սակայն ներկայիս իրավիճակը նրան դեժա վյու է հիշեցնում։ «90-ականներին նույն բանը տեղի ունեցավ. Լևոն Տեր-Պետրոսյանն ունեցավ ընտրությունների 83 տոկոսը և առաջին քայլերը, որ սկսեց անել, հենց Ղարաբաղի հարցի լուծման հետ էին կապված։ Բայց մեր բախտը բերեց նրանով, որ իշխանությունները ձևավորվել էին Ղարաբաղի խնդրի վրա, և ներսում կային այդ հարց պաշտպանելու վճռականություն ունեցող անձինք։ Դրա համար էլ Դաշնակցությունը փակվեց․․․ Հիմա ո՞վ է ներսում Նիկոլ Փաշինյանի հետ այս խնդիրը կասեցնելու։ Ովքե՞ր են տեր կանգնելու Ղարաբաղի հարցի ոչ բարենպաստ լուծման հետ կապված զարգացումները խափանելուն։ Չի երևում այդ թիմը»,- ասել է Ռուստամյանը՝ հավելելով. «Դրա համար մենք մեծ մտահոգություն ունենք։  Ես չեմ ուզում՝ դա տեղի ունենա, բայց մոտ ամիսներին պետք է սպասենք Ղարաբաղի հարցում նոր զարգացումների»։

 Պատգամավորն անդրադարձել է նաև մենիշխանություն հիշեցնող ներկա իրավիճակին։ Նրա համոզմամբ՝ հին մենաշնորհը չպիտի փոխարինվի նորով, դրանից լավ բան չի սպասվում, ինչքան էլ այդ անձը մեծ վստահություն ունենա։

 «Չպետք է թույլ տանք, որպեսզի մեր պատմության՝ առնվազն այս 30 տարիների սխալները կրկվեն։ Դեժա վյուն, որ ասում եմ, Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք հենց դա էր։ Կար Գերագույն խորհուրդ, խորհրդարանական համակարգ, նրան դա ձեռք չէր տալիս, փոխեց համակարգը, դարձրեց նախագահական համակարգ, և արդյունքում, 1991-ին ձեռք բերեց 83 տոկոս վստահություն: Այդտեղից սկսվեց երկրի շեղումն իր ուղուց, ծուռ կառուցվեց մեր պետական շենքը, հիմա էլ՝ քանդվեց։ Եթե դա շտկելու՝ մեր կատարած քայլերը չգնահատեն,  «ղադրը» չիմանան, մենք նորից դատապարտված ենք լինելու մի նոր անձիշխանության տիրապետության տակ ապրելուն, որից ոչ մի լավ բան չի սպասվում»,- շեշտել է Ռուստամյանը: