կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-22 18:58
Արցախ

Արցախյան հարցում որևէ ինքնագլուխ գործունեություն հենց այդ անձի համար է վտանգավոր. Արմեն Ռուստամյան

Արցախյան հարցում որևէ ինքնագլուխ գործունեություն հենց այդ անձի համար է վտանգավոր. Արմեն Ռուստամյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը երկու վարկած է առաջ քաշում, թե ինչու Նիկոլ Փաշինյանը որոշեց արտահերթ ընտրություններն անցկացնել հենց դեկտեմբերի 9-ին։

Առաջինն այն է, որ սկսում է քննադատությունը շատանալ գործող իշխանությունների նկատմամբ, քանզի մարդկանց ակնկալիքներն իսկապես շատ մեծ են։ Երկրորդ պատճառը, ըստ Ռուստամյանի, արտաքին քաղաքական գործոններն են՝ կապված արցախյան հարցի կարգավորման հետ։ «Դրա առաջին արձագանքը եւ նշանը տվեց պարոն Բոլթոնը, երբ ասաց, որ պետք է Ղարաբաղի հարցը լուծվի այն ժամանակ, երբ որ իշխանություններն ունեն ամենամեծ վստահությունը։ Եվ այդ վստահություն ունենալը պետք է օգտագործվի ի շահ նրա, որ գնանք կոմպրոմիսների եւ լուծենք Ղարաբաղի հարցը։ Եվ ես չեմ բացառում, որ շատ մոտ ապագայում ականատեսը լինենք նոր ինչ-որ առաջարկների՝ Ղարաբաղի հարցի հետ կապված»,-կարծում է պարոն Ռուստամյանը, ում մոտ այս ամենը դեժավյու է առաջացնում՝ հիշեցնելով 90-ականները։

Նկատենք, որ ի սկզբանե, երբ հեղափոխությունը եղավ, հենց այս թեզն առաջ քաշվեց, որ Սերժ Սարգսյանը պոստը հեշտությամբ հանձնեց՝ արցախյան խնդրով պայմանավորված, քանզի ասում են՝ նրան պարտադրում էին գնալ այնպիսի լուծումների, որոնց ժողովուրդը հաստատ դեմ կլիներ։ Սերժ Սարգսյանը որոշեց իր վրայից այդ բեռը դնել Նիկոլ Փաշինյանի ուսերին՝ ելնելով այն կանխավարկածից, որ Փաշինյանը կունենա ժողովրդի լիակատար աջակցությունն ու կկարողանա առանց կրքեր բորբոքելու արցախյան հարցում գնալ ոչ պոպուլյար քայլերի, այդ թվում՝ մեզ համար ոչ ընդունելի փոխզիջումային լուծման՝ տարածքների վերադարձով։ Մեր այս դիտարկմանն ի պատասխան՝ Արմեն Ռուստամյանն ասաց, որ մենք պատմության մեջ ունեցել ենք այդպիսի իրավիճակներ, որ մեր կողմից անընդունելի լուծումներից խուսափելու համար գնացել ենք անգամ իշխանափոխության։ Օրինակ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը։

«Էսօր Հայաստանում իշխանության եկած ցանկացած ուժ պետք է շատ լավ հասկանա, որ քանի չի լուծվել Ղարաբաղի հարցը, բոլոր մնացած հարցերը դրանից բխող են՝ ներքին, թե արտաքին։ Եվ Ղարաբաղի խնդրի հետ կապված սխալ որեւէ քաղաքականության արդյունքում այդ անձին, որքան էլ նա բարձր թռիչքների մեջ հայտնվի, շատ արագ գահավիժում է սպասվում»,- մեզ հետ զրույցում ասաց պարոն Ռուստամյանը՝ նշելով, որ այս հարցում որեւէ ինքնագլուխ գործունեություն հենց այդ անձի համար է վտանգավոր։ Նա կդառնա ուղղակի քաղաքական դիակ։

Ձեզ համար պա՞րզ է, թե Նիկոլ Փաշինյանն այսօր ինչ լուծում է պատկերացնում ղարաբաղյան հարցում։

– Երբ մենք Նիկոլ Փաշինյանի հետ սկսեցինք համագործակցության ճանապարհ անցնել, առաջին իսկ պահից 5 խնդիր ենք համաձայնեցրել իր հետ, դրանից մեկը հենց Ղարաբաղի հարցն էր։ Եվ էդտեղ երկու հաստատման շուրջ ենք համաձայնել, եւ հուսով եմ, որ Նիկոլ Փաշինյանն էդ նույն տրամաբանությամբ է գործելու ու շարունակելու։ Առաջինն այն էր, որ պետք է առաջնորդվել արդեն Արցախի ժողովրդի արտահայտած հանրաքվեով, որը Սահմանադրության մեջ ամրագրված 175-րդ հոդվածի տրամաբանությամբ է, եւ երկրորդը, այո, ամեն ինչ անել, որպեսզի բանակցություններն իրական դառնան, եւ Ղարաբաղը դառնա բանակցային կողմ։ Էս երկու ուղղությամբ մենք չենք տեսնում դեռ շեղումներ։

Ակնհայտ է, որ եթե հարցը դրվի բանակցությունների սեղանին, քննարկվելու է փոխզիջումային տարբերակ, ինչն էլ, հավանաբար, իրենից հողերի վերադարձ է ենթադրելու՝ ինչ-որ բանի դիմաց։ Դուք այս սցենարին պատրա՞ստ եք։

– Մենք ասել ենք՝ ինչին ենք պատրաստ։ Եվ մենք աշխատել ենք նաեւ ժամանակին Արցախի սահմանադրական փոփոխությունների վրա, որտեղ սեւով սպիտակի վրա շատ հստակ գրված է լուծման տրամաբանությունը։ Եվ մենք այդ տրամաբանությունն ենք պաշտպանում, որը գրված է 175-րդ հոդվածում՝ Արցախի իշխանությունների լիազորությունը փաստացի այսօրվա ազատագրված տարածքների վրա տարածվում է այնքան ժամանակ, քանի չի ճանաչվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ոչ թե ԼՂ ինքնավար մարզի անկախությունը, եւ չի վերականգնվել նրա տարածքային ամբողջականությունը։ Ինչպես գիտեք, ԼՂՀ տարածքներից մոտ 25 տոկոսն էսօր Ադրբեջանի տիրապետության տակ է։ Էս երկու խնդիրը քանի չի լուծվել, խոսել որեւէ զիջումների մասին, անիմաստ է։

Եթե այդ երկու խնդիրը լուծվի, կստացվի՝ մենք պետք է ոչ թե հող տանք, այլ մի բան էլ հող հետ վերցնենք։

– Ոչ, մենք պետք է մեր տարածքային ամբողջականությունը վերականգնենք, քանզի ոչ պակաս արժեք է դա, որն ինքը՝ Արդբեջանն է անընդհատ պնդում։

Բայց երբ բանակցությունները սկսվեն, հնարավոր է եւ շրջանցեն թե՛ Արցախի Սահմանադրությունը, թե՛ դրա 175-րդ հոդվածը։

– Դե, մենք թույլ չենք տալու որեւէ շրջանցում։ Մեր տեսակետն եք հարցնում, ես ասում եմ, թե որն է Դաշնակցության տեսակետը։

 Այդ թույլ չտալն ինչպե՞ս է լինելու։

– Բոլոր մեր միջոցներով՝ քաղաքական, համազգային շարժում առաջացնելով, ինչպես «Ոչ»-ի շարժումն արեցինք։

Վահե Մակարյան

hraparak.am