կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-23 13:21
Հասարակություն

Լրագրողի բաց նամակը` Հայկ Մարությանին. թույլ մի՛ տվեք զոռբայությունը հաղթի օրենքին

 Լրագրողի բաց նամակը` Հայկ Մարությանին. թույլ մի՛ տվեք զոռբայությունը հաղթի օրենքին

Լրագրող Սոնա Դավթյանը բաց նամակ է հղել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Նամակը ներկայացնում ենք ստորև:

«Հարգելի՛ պարոն Մարության, ես՝ լրագրող Սոնա Դավթյանս՝ Նուբարաշեն 1-ին փողոցի 21/4 հասցեի բնակիչ, դիմում եմ Ձեզ՝ արդարությունը վերականգնելու պահանջով: Դուք, Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը բազմիցս հայտարարել եք՝ վե՛րջ ապօրինի հողազավթումներին, սակայն որոշ բնակիչներ, ցավոք,  դրան լուրջ չեն վերաբերվում:

Տանս կից համայնքապատկան հող կա (0028 ծածկագրով), որի ամբողջական  կամ մասնակի  ձեռքբերման  համար  արդեն 2 տարի է՝ դիմում եմ  Երեւանի քաղաքապետարան: Նախկին կազմը, ի դեմս Տարոն Մարգարյանի, Հայկ Ասատրյանի, Անդրանիկ Քասարյանի, անհիմն  պատճառաբանություններով մերժել են ինձ՝ 3-րդ անձի իրավունքը գերակա դասելով ՀԱՄԱՅՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ:  Ասեմ նաև, որ այդ հողի ձեռքբերումն ինձ համար ծայրահեղ անհրաժեշտություն է, ոչ թե ճոխություն:  Բանն այն է, հողի եւ իմ  տան միջեւ հեռավորությունը մոտավորապես 40-50 սմ է, կա հողային շերտերի այնպիսի անհավասարություն, որի պատճառով անգամ աստիճան դնել հնարավոր չէ: Դա էլ բավական չէ՝ հողը ցանկապատված է, որն էլ արհեստական խոչընդոտներ է ստեղծում տանս բնականոն գործունեությունը ապահովելու համար: Այդ ամենի պատճառով ձմռանն ունենում ենք այսպիսի պատկեր՝ տանս պատերը խոնավանում են, բորբոսում:

Բավական չէ, որ  տանս կից համանքապատկան հողի ապօրինի հողազավթումը քաղաքապետարանի նախկին կազմը  համարում է այգեգործական նպատակներով օգտագործված  Սերյոժա Ենոքյանի կողմից,  որի տունը, ի դեպ, տարածականորեն որեւէ կապ չունի տվյալ հողի հետ, վերջինս, համայնքապատկան հողն օգտագործելով, բերք ու բարիք ստանալով, սակայն  հողի, ոռոգման ջրի հարկեր ՉՎՃԱՐԵԼՈՎ, լրագրողական իմ աղբյուրների փոխանցմամբ՝ 3000 դոլարի դիմաց  որոշել է ամեն գնով ՀԱՄԱՅՆՔԱՊԱՏԿԱՆ հողն օտարել Նուբարաշենի մեկ այլ բնակչի՝ Էդիկ Մալաղյանին՝ քաղաքապետարանի իր ծանոթ աշխատակիցների օգնությամբ: Թե ովքե՛ր են նրանք, ինձ դեռ չի հաջողվել պարզել: Հուսամ՝ քաղաքապետարանը կբացահայտի նրանց եւ կազատվի ստվերային անօրինականությանը սատարողներին: Ավելին՝  հողի վաճառքի խայտառակ գործարքի մասին 2016 թ. սեպտեմբերի 30-ին  տան սեփականատեր Մանիա Համբարձումյանի անունից  անձամբ  նամակով տեղեկացրել ենք Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, սակայն  ապարդյուն:

Եւս մեկ ուշագրավ հանգամանք: Ինձ հասած տեղեկություններով՝ Սերյոժա Ենոքյանն այսպիսի մի քանի հողազավթումներ  «այգեգործական» նպատակներով արել է նաև  Նուբարաշենի այլ հատվածներում, սակայն արի ու տես՝ դրանց վրա նախկին իշխանությունները աչք են փակել: Մինչդեռ արժե հիշեցնել Դալմայի այգիների պատմությունը, երբ պետությունը այգիները օտարեց այլ անձանց, իսկ մշակողներին տվեց  որոշակի փոխհատուցում:

Տեղեկացնեմ, որ  տանս կից հողի խնդրի կապակցությամբ արվել է լրագրողական  հետաքննություն (այն շուտով կհրապարակվի): Հետաքննության համաձայն՝ 2018-ի նոյեմբերի 2-ին գրավոր հարցմամբ տվյալ հողի մասին ամբողջական տեղեկություն ստանալու նպատակով  դիմել ենք քաղաքապետարան եւ  ստացել այսպիսի պատասխան՝ հողը կարող է դառնալ առանձին սակարկությունների առարկա: Այսինքն՝ դրվել աճուրդի:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում եմ Ձեզ կա՛մ մեր տան կից համայնքապատկան հողից ինձ տրամադրել 200 քմ հող՝ տանս բնականոն գործունեությունը ապահովելու համար,  կա՛մ հողը դնել աճուրդի:

Հ.Գ. Սույն խնդրի մասին տան սեփականատեր Մանիա Համբարձումյանը նոյեմբերի 7-ին գրավոր դիմել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին (նոյեմբերի 8-ին նամակը մուտք է արվել Երեւանի քաղաքապետարան), իսկ նոյեմբերի 22-ին՝ նաև Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին:

Թույլ մի՛ տվեք, որ զոռբայությունն ու ճարպկությունը հաղթեն օրենքին»:

սոնատուն