կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-20 16:19
Քաղաքական

Ցավոք, նախորդ բոլոր ընտրություններն անցել են սև ու սպիտակ ուժերի միջև. Բագրատ Եսայան

Ցավոք, նախորդ բոլոր ընտրություններն անցել են սև ու սպիտակ ուժերի միջև. Բագրատ Եսայան

Պատկերացումը, թե որ պետական կառույցն ինչի համար է, մեր ժողովուրդը չունի, քանի որ եթե ինչ-որ մեկին ասֆալտ է պետք, դիմում է պատգամավորության թեկնածուին, լույսի պարտքի դեպքում` նախարարին. «Երկիր մեդիա»-ի «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդման ժամանակ ասաց ՀՅԴ ցուցակով պատգամավորի թեկնածու Բագրատ Եսայանը` պատասխանելով հարցին, թե ո՞վ է պատգամավորը, ի՞նչ գործունեության համար ենք նրան ընտրում, և բարոյական ի՞նչ հիմքեր կան` ասելու` ինձ ընտրեք, քանի որ ես գալու եմ` սա անելու:

Եսայանի խոսքով` նախորդ իշխանություններն են ձևավորել այդ սպասելիքը, երբ առաջին նախագահի օրոք ուղղակի բռնություններով ընտրություններ ունեցանք: Նա հիշեցրեց, որ առաջին կրակոցները եղան օպերայի հրապարակում 1995-ի սահմանադրական հանրաքվեի` գերկենտրոնացված անձի իշխանություն հաստատող Սահմանադրության քվեարկության ժամանակ և առաջին խորհրդարանի ընտրություններում, երբ արգելված էր Դաշնակցության մասնակցությունը: «Տարբեր ձևերով Դաշնակցությունն արգելված էր, անգամ` դաշինք կազմելով փորձեցինք մասնակցել, բայց արգելվեց: Հիմա ասել, որ դա եղել էր երանելի դեմոկրատիայի տարի, սուտ կլինի: Բռնությամբ անցան 95-96թթ., իսկ հետագայում բռնությունը սկսեց կիրառվել այլ մեթոդներով` սկսեց դերակատարում ունենալ փողը, սկսվեցին խոստումները` ընտրակաշառք, ասֆալտ փռել, որոնք կատարելության հասան վերջին նախագահի իշխանության տարիներին` թե' խորհրդարանական, թե' նախագահական ընտրությունների ժամանակ»,- ասաց Եսայանը:

Նրա խոսքով` նախորդ բոլոր իշխանությունները, ցավոք, այդպես էլ քայլ չարեցին ժողովրդի քաղաքական գրագիտությունը բարձրացնելու ուղղությամբ, ինչի հետևանքով էլ այսօր ունենք նման իրավիճակ, երբ սպասելիքը միայն մեկ անձից է, և քաղաքացին իր վրա պարտավորություն չի վերցնում: «Քաղաքացին պետք է հասկանա, որ իրենից է շատ բան կախված և այն հանգամանքից, թե նա ինչ ծրագիր կընտրի: Ցավոք, նախորդ բոլոր ընտրությւոններն անցել են սև ու սպիտակի, իշխանություն-ընդդիմություն իրար հակադրվող ուժերի միջև, որտեղ մեկը ստանում էր ամեն ինչ, մյուսը` ոչինչ: Մյուս սցենարն աշխատեց  վերջերս` Երևանի քաղաքապետարանի ընտրությունների ժամանակ, և հիմա ես շատ եմ վախենում, որ թե' այսօր իշխող քաղաքական ուժը, թե' իրեն ընդդիմադիր հռչակած քաղաքական ուժը փորձելու են այս ընտրությունները տանել ծրագրային, գաղափարական ուղղությամբ, այլ սև ու սպիտակի ուղղությամբ, որն հենց նրանց է ամենաձեռնտուն»,- ասաց Եսայանը: