կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-13 13:16
Քաղաքական

Մեր քաղաքականությունն ուղղված է ոչ թե աշխատունակ մարդուն նպաստ տալուն, այլ այդ օգնությունն ավելի թիրախային տրամադրելուն. Փաշինյան

Մեր քաղաքականությունն ուղղված է ոչ թե աշխատունակ մարդուն նպաստ տալուն, այլ այդ օգնությունն ավելի թիրախային տրամադրելուն. Փաշինյան

Ազգային ժողովի հերթական նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կրկին նշեց, որ 2019-ի բյուջեն իներցիոն է, որովհետև հիմնված է պարամետրերի վրա, որոնք, որպես ժառանգություն, ստացել են նախորդ իշխանությունից: Նա շեշտեց, որ իրենց բյուջետային քաղաքականության մեջ տեղի են ունեցել շրջադարձային փոփոխություններ:

«Բյուջետային մեր քաղաքականությունը և, ընդհանրապես, մեր տնտեսական քաղաքականությունը կարելի է անվանել աշխատանքի խրախուսման քաղաքականություն: Մենք մեր գործունեության հիմքում դնում ենք աշխպատանքի խրախուսման տրամաբանությունը»,- ասաց Փաշինյանը:

Ըստ նրա` եթե մինչև այժմ ասվել է` տնտեսական աճ, նկատի է առնվել այն, որ ինչ-որ տեղից խորհրդավոր մարդիկ պետք է գան, զարգացնեն պետությունը, կառավարությունն էլ պետք է զբաղվի այդ ընկերությունների հետ հարաբերությունների զարգացմամբ: «Մեզ համար կարևոր է, որ ՀՀ-ում տնտեսական աճի կառուցվածքը փոխվի այնպես, որ այն լինի ներառող: Սա նշանակում է, որ մեր քաղաքական և տնտեսական խնդիրն է` յուրաքանչյուր անհատի համար ստեղծել տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրական հնարավորություն»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը և ընդգծեց, որ իրենք քաղաքական մակարդակում այդ հարցը լուծել են, որովհետև ՀՀ-ում չկան մենաշնորհներ, տնտեսական գործունեության սահմանափակումներ, ներմուծման և արտահանման արգելքներ:

Փաշինյանն ընդգծեց, որ սրանով, ըստ էության, տնտեսական նախապայմանների մի մասն էլ է ապահովված, իսկ առաջիկայում իրենց խնդիրը լինելու է տնտեսական նախապայմանների լիովին ապահովումը: Դրա համար, ըստ Փաշինյանի, իրենք կատարել են կարևոր քայլեր: «Ներդնում ենք նոր հասկացություն`միկրոբիզնես, որն ազատված կլինի բոլոր հարկերից: Այն մարդիկ, որոնք իրենց գործունեությունը կծավալեն 20-24 մլն դրամի սահմաններում, չեն վճարի ոչ մի հարկ: Իհարկե, որոշակի սահմանափակումներ կլինեն, կլինի գոտիականության խնդիր: Սրանով կփորձենք  մարզերում խրախուսել տնտեսական գործունեությունը: Միկրոբիզնեսով հնարավորություն ենք տալիս մարդկանց այլ միջոցներով օգնել, ոչ թե ընտրություններից առաջ ընտրակաշառքով կամ այլ մեթոդներով ենք օգնում, այլ գնում ենք ուրիշ ճանապարհով, որ նրանք կարողանան արժանապատիվ վաստակել իրենց հացը»,- բացատրեց նա: Վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ միկրոբիզնեսի համար եկամտահարկը կլինի ոչ թե 23%, այլ ֆիքսված 5000 դրամ:

Նրա խոսքով` հաջորդ հարցը, որ իրենք լուծում են ու խրախուսում աշխատանքը, եկամտահարկի համահարթեցման նախագիծն է, որ 36-ից իջեցնելու են, դարձնեն 23 %: «Սրանով խրախուսում ենք բարձր աշխատավարձերով նոր աշխատատեղեր ստեղծելու հնարավորությունը: Այս և մյուս փոփոխություններով հավելյալ մոտ 50 մլրդ դրամ ենք ներարկում տնտեսության մեջ: Սա նշանակում է նաև աշխատավարձերի որոշակի բարձրացում: Եթե եկամտահարկը նվազում է, դա նշանակում է, որ այդքանով նրանց աշխատավարձն ավելանում է»,- ասաց  Փաշինյանը:

Ըստ նրա` հաջորդ կարևոր որոշումը վերաբերում է մասնավոր տաքսիներին արտոնագրային վճարներից ազատելուն: «Եթե մարդն անհատ վարորդ է, մենք ասում ենք` այդ մարդիկ որևէ վճար վճարելու անհրաժեշտություն չունեն, նրանք կարող են վարել տաքսին առանց լիցենզիայի: Այս որոշման շահառուները, փորձագիտական գնահատականներով, մոտ 50 հազար մարդ ունենք: Դրանով կստացվի, որ Երևանում անհատ տաքսու վարորդների աշխատավարձը բարձրացնում ենք 12 հազար դրամով, իսկ մարզերում` 8 հազար դրամով»,- ընդգծեց Փաշինյանը:

Ըստ նրա` իրենց այս քաղաքականության բացատրությունները տարօրինակ արձագանքների են արժանանում: Փաշինյանը նշեց, որ երբ ասում են` աշխատանքը խրախուսում են, շատերն ասում են, որ ժողովրդին մեղադրում են ծուլության և չաշխատելու մեջ: «Մենք մեր ժողվորդին ոչ մի բանի մեջ չենք մեղադրում: Մենք մեղադրում ենք նախորդ քաղաքական համակարգին, որ նրանք աշխատանքը խրախուսելու փոխարեն խրախուսել են աղքատությունը: Մարդուն ասել են` դու աղքատ ես, աղքատության նպաստ ես ստանում, մի' աշխատի, որովհետև եթե աշխատես, մենք քեզ աղքատության նպաստից կզրկենք»,- ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատարի համար անհասկանալի է, թե ինչո՞ւ պետք է աշխատունակ մարդուն նպաստ հատկացվի: «Մեր քաղաքականությունն ուղղված է ոչ թե աշխատունակ մարդուն նպաստ տալուն, այլ պետք է այդ օգնությունն ավելի թիրախային տանք: Օրինակ` երեխային, այսինքն` նպաստառուն պետք է լինի ոչ թե երեխայի աշխատունակ հայրը, որ աշխատելու դեպքում կզրկվի այդ նպաստից, այլ երեխան: Երեխայի դեպքում մենք գիտենք, որ նա ունի սոցիալական աջակցության կարիք և դրանով պայմանավորված էլ չենք դնի պայման` եթե քո հայրն աշխատի, մենք քեզ նպաստ չենք տա, եթե քո հայրն ունենա անասնագլխաքանակ, մենք կկտրենք քո նպաստը, եթե չունենա, չենք կտրի»,- պարզաբանեց նա:

Փաշինյանն  ընդգծեց, որ այդ օգնությունը պետք է տալ հասցեական` թոշակառու մարդուն, երեխային, որ իսկապես օգնեն այդ ընտանիքին, այլ ոչ թե այդ ընտանիքին դատապարտեն աղքատության: «Եվ, այո, մեր կառավարության քաղաքականությունը լինելու է աշխատանքի խրախուսումը, քաղաքացիներին քաջալերելու ենք, որ նրանք վեր կենան, ուղղեն մեջքը, հավատան իրենց ուժերին, որ կարող են արդյունք ստեղծել: Մենք մեր քաղաքացիներին պետք է կոչ անենք, որ իրենց աղքատության և հուսահատ վիճակի հետ չհամակերպվեն և ձեռնարկեն կոնկրետ քայլեր այդ վիճակի հաղթահարման համար»,- հայտարարեց նա:

Փաշինյանը շեշտեց, որ, դրան զուգահեռ, լրջագույն սոցիալական ծրագրեր են իրականացնելու 2019-ի բյուջեով: «Կհասնենք արդյունքի, որ ՀՀ-ում 85 հազար նպաստառուները, որոնց ստացած նպաստը և թոշակը գտնվում են պարենային գծից ներքև, արդեն ստանան այնքան թոշակ, որ մենք համոզված կլինենք, որ իրենց հացը, սնունդը գնելու հնարավորություն կունենան: Կուտակային կենսաթոշակների փոփոխության արդյունքում արդեն բարձրացրել ենք 6000 քաղաքացու աշխատավարձերը, այդ ընթացքում 14 մլրդ դրամ գումար թողել ենք շրջանառության մեջ: Եկամտահարկի փոփոխության արդյունքում ավելանալու է 210 հազար մարդու աշխատավարձ, միկրոբիզնեսի հետ կապված որոշումների արդյունքում ավելանալու են 70 հազար քաղաքացիների եկամուտներ»,- եզրափակեց նա: