կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-23 15:20
Քաղաքական

Մարզպետը ո´չ նպաստ նշանակող է, ո´չ նպաստ կտրող. դաշնակցականը` Արամ Մանուկյանին

Մարզպետը ո´չ նպաստ նշանակող է, ո´չ նպաստ կտրող. դաշնակցականը` Արամ Մանուկյանին

Հայտնել ենք, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչները լրագրողների հետ հանդիպման ժամանակ քննարկել են` արդյո՞ք բավարար հիմքեր կան Հայաստանում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար:

Հանդիպմանը ներկա` «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը պահը բաց չթողեց և ՀՅԴ-ին, որպես կոալիցիայի անդամի, մեղադրեց` նշելով, թե ՀՅԴ-ն հայտարարությամբ հանդես չի գալիս և չի մեղադրում ՀՀԿ-ին ընտրակաշառք բաժանելու մեջ:

Այս մեղադրանքին ի պատասխան, ՀՅԴ ներկայացուցիչ Արտակ Սարգսյանը նշեց, որ իրենք ինքնանպատակ չեն կոալիցիոն հուշագիր ստորագրել ՀՀԿ-ի հետ: «Մենք ընտրություններին գնում ենք որպես առանձին ուժ և պայքարելու ենք յուրաքանչյուր ձայնի համար: Իշխանության մեջ լինելով` մենք երբեք գումար չենք բաժանել, որևէ մեկին չենք վախեցրել, որ մեզ ընտրեն, և այդպես էլ շարունակելու ենք: ՀՅԴ ռեսուրսը կուսակցության շարքերն են, համակիրներն են: Իսկ ինչ վերաբերում է հայտարարությամբ հանդես գալուն, ապա մենք փաստեր ունենալու դեպքում իրավապահ մարմիններին կդիմենք, ոչ թե հայտարարությամբ հանդես կգանք»,- ասաց նա:

ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչ Արամ Մանուկյանն էլ իր հերթին մեղադրանք հնչեցրեց, թե հիմա ՀՅԴ ներկայացուցիչն այստեղ այլ բաներ է ասում, իսկ Շիրակում ՀՅԴ մարզպետը մարդկանց սպառնում է` եթե ՀՅԴ օգտին չընտրեն, նպաստ չեն ստանա:

«Մարզպետը ո’չ նպաստ նշանակող է, ո’չ նպաստ կտրող, և այս հայտարարությունը անիմաստ է: Իսկ եթե մեղադրանք հնչեցնողը փաստեր ունի, թող ներկայացնի, ոչ թե մերկապարանոց մեղադրանքներ հնչեցնի»,- ասաց Սարգսյանը: