կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-09 19:00
Հասարակություն

ՔԿ-ն արձագանքել է Դանիել Իոաննիսյանի հաղորդագրությանը

ՔԿ-ն արձագանքել է Դանիել Իոաննիսյանի հաղորդագրությանը

Նոյեմբերի 8-ին  «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր. 

«20 օր առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորման» FIP.am կայքը հրապարակեց յուր լրագրող Ռաֆեյել Աֆրիկյանի եւ Հրազդանի 6-րդ դպրոցի տնօրենի խոսակցության ձայնագրությունը, որում տնօրենը խոստանում էր Սասուն Միքայելյանի որդու քարոզարշավին մարդ բերել:

Քննչական կոմիտեն այդ դեպքով քր. գործ է հարուցել: Բայց ոչ թե վարչական ռեսուրսի չարաշահման դեպքով (որպեսզի պարզեր, թե իրականում ինչ է եղել), այլ հեռախոսային խոսակցության գաղտնիության խախտման հոդվածով (փաստացի՝ մեր լրագրողի դեմ):

Անգամ ՀՀԿ-ի 114 տնօրենների ձայնագրության հրապարակման ժամանակ նման բան չէր եղել:

Ավելին, խախտելով օրենքով սահմանված ժամկետները, առ այսօր քր. գործ չի հարուցվել Հրազդանում մեր դիտորդներին խոչընդոտելու ու սպառնալու դեպքով»:

Այսօր ՀՀ Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

«2018թ. նոյեմբերի 8-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի  համակարգող Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, թե՝

1. «20 օր առաջ հ/կ-ի FIP.am կայքի լրագրողի դեմ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել՝ Հրազդանի 6-րդ դպրոցի տնօրենի խոսակցության ձայնագրության հրապարակման համար: Լրագրողը ձայնագրել էր, թե ինչպես է տնօրենը խոստանում Սասուն Միքայելյանի որդու քարոզարշավին մարդ բերել»: Դ.Իոաննիսյանը մտավախություն է հայտնել նաև այն հանգամանքով, որ «քննչական կոմիտեն այդ դեպքով քրեական գործ է հարուցել  ոչ թե վարչական ռեսուրսի չարաշահման դեպքով, որ պարզեր, թե իրականում ինչ է եղել, այլ հեռախոսային խոսակցության գաղտնիության խախտման հոդվածով»,

2. «բացահայտ օրենքի խախտում է, որ առ այսօր քրեական գործ չի հարուցվել Հրազդանում իրենց դիտորդներին խոչընդոտելու և սպառնալու դեպքով: 10 օրյա ժամկետն անցել է, ոչ գործ են հարուցել, ոչ էլ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կա, որ բողոքարկեն...»:

ՀՀ քննչական կոմիտեն Դ.Իոաննիսյանի հայտարարության կապակցությամբ պարզաբանում է, որ 2018թ. հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի օգնական Հրայր Մելքոնյանը դիմում է հասցեագրել Կոտայքի մարզի դատախազին և հայտնել, որ հոկտեմբերի 18-ին համացանցի FIP.am կայքում տեղեկատվություն և ձայնագրություն է տեղադրվել, որով իրեն անհայտ անձը, զանգահարել է Հրազդանի թիվ 5 դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանին և իր անունից ներկայանալով, սադրել և ընտրական օրենսգրքին հակասող առաջարկներ ու պահանջներ է ներկայացրել՝ պահանջելով որոշակի քանակությամբ անձանց մասնակցություն ապահովվել համայնքի ղեկավարի թեկնածու, Սասուն Միքայելյանի որդու` Սևակի նախընտրական հավաքին, ինչին Տ.Բակլաչյանը համաձայնվել է: Այնուհետև, նշված անձը, խախտելով հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը, ձայնագրությունը տեղադրել է համացանցում:

Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության ընթացքում հարցաքննվել են Հրայր Մելքոնյանը, Տիգրան Բակլաչյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ փաստերի ստուգման բաժնի ղեկավար Ռաֆայել Աֆրիկյանը, թիվ 5 միջնակարգ դպրոցի 20 ուսուցիչներ, ստացվել են Տ.Բակլաչյանի օգտագործած բջջային հեռախոսահամարի ելքային և մուտքային հեռախոսազանգերի վերծանումները, ինչպես նաև այլ քննչական և դատավարական գործողություններ:

Չնայած այն հանգամանքին, որ քրեական գործ է հարուցվել հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստով, սակայն քննության հիմնական առարկան եղել է նաև նախընտրական շրջանում վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման հանգամանքը պարզելը, քանի որ հարուցման պահին հնարավոր չարաշահման դեպքով հարուցման համար անհրաժեշտ հիմքերը չեն եղել:

Նախաքննության ընթացքում Ռ. Աֆրիկյանը հայտնել է, որ տեղեկություններ է ստացել Հրազդանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի ընթացքում թեկնածու Սևակ Միքայելյանի քարոզարշավին թիվ 5 դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանի կողմից ուսուցիչներին և աշակերտներին ներգրավելու մասին: Այն ստուգելու համար զանգահարել է Տ.Բակլաչյանին և ներկայանալով իբրև Սասուն Միքայելյանի օգնական, հարցրել է, թե քանի հոգի կարող է ապահովել նախընտրական հանրահավաքին: Տ.Բակլաչյանը հարցրել է, թե քանի հոգի է հարկավոր, ինչին ի պատասխան նշել է, թե 200 հոգի, իսկ տնօրենն առաջարկել է բերել 100 հոգի, այդ թվում 9-րդ դասարանցիները: Այնուհետև հարցրել է, թե կեպկաներ ունեն, տնօրենը հայտնել է, որ չունեն:

Այս ամենից հետո, ձայնագրված հեռախոսազրույցը տեղադրել կայքում:

Տ.Բակլաչյանը հայտնելով հեռախոսազանգի մասին` նշել է, որ անակնկալի է եկել հեռախոսազանգից, քանի որ Կոտայքի մարզպետի կողմից բանավոր նախազգուշացվել են զերծ մնալ քաղաքական գործընթացներին մասնակցելուց: Հայտնել է նաև, որ զանգահարողին հարցրել է, թե արդյոք հանրահավաքը տեղի է ունենալու Երևանում՝ քաջ գիտակցելով, որ Հրազդանի քաղաքապետի թեկնածուի քարոզարշավը չի կարող անցկացվել այնտեղ, նույնիսկ, խոսակցությունը երկարացնելով, փորձել է պարզել, թե ով է զանգահարողը:

Տ.Բակլաչյանը հայտնել է նաև, որ երբևէ ուսուցիչներին և դպրոցականներին չի ներգրավել քարոզարշավներին կամ հանրահավաքներին:

Դպրոցի հարցաքննված 20 ուսուցիչները ևս պնդել են, որ տնօրենը երբևէ իրենց և դպրոցականներին չի ներգրավել քարոզարշավներին և հանրահավաքներին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ինչ վերաբերվում է Դ.Իոաննիսյանի հաղորդմանը, որ 21.10.2018թ. ժամը 20:00-ից 20:30-ի սահմաններում Հրազդանի թիվ 26/17 ընտրատեղամասում տեղի է ունեցել դիտորդ Հասմիկ Նավասարդի Միքայելյանի և ԶԼՄ ներկայացուցիչ Գոհար Մուշեղի Մանուկյանի լիազորությունների իրականացման խոչընդոտում՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանը լուսանկարելը արգելելու, նրանց վրա բղավելու և ընտրատեղամասից հեռացնելու սպառնալիքի եղանակով, ապա՝ այդ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնում նախապատրաստված նյութերով 31.10.2018թ. որոշում է կայացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին»: