Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դանիել Իոաննիսյանի պարտության համար սառեցրել են Լուսինե Վիրաբյանի և Նաիրի Հոխիկյանի հաշիվները
Դատարանի որոշմամբ 6-ական մլն դրամի արգելանք է դրվել փաստաբան Լուսինե Վիրաբյանի և հանրային գործիչ, լրագրող Նաիրի Հոխիկյանի բանկային հաշիվների և գույքային ունեցվածքի վրա։ Հարկադիր կատարման ծառայության կողմից արգելանքի կիրառումից հետո անգամ Վիրաբյանը և Հոխիկյանը դեռևս որևէ ծանուցում չեն ստացել դրա պատճառների մասին, սակայն անձնական տվյալների մասին հարցումների շնորհիվ հնարավոր է եղել պարզել, որ բանկային հաշիվների վրա արգելանք դրվել է Դանիել Իոաննիսյանի դատական հայցի շրջանակում հայցի ապահովման միջոցի կիրառմամբ։
Դանիել Իոաննիսյանը դիմել է դատարան՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջով։ Իսկ որպես դրա հիմք ծառայել է Լուսինե Վիրաբյանի և Նաիրի Հոխիկյանի հրապարակումը մեկ այլ դատական գործով Իոաննիսյանի պարտավորությունների չկատարման մասին։
Դանիել Իոաննիսյանը չի կատարել Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի վճիռը, ինչի պատճառով Հոխիկյանի փաստաբան Լուսինե Վիրաբյանը դիմել է դատարան՝ կատարողական թերթ ստանալու և հարկադիր կատարմամբ Իոաննիսյանին դատական ակտի կատարումը պարտավորեցնելու համար։ Այս փաստի հիման վրա հրապարակում է եղել հետևյալ բովանդակությամբ․
«Դանիել Իոաննիսյանի նկատմամբ կարող է հետախուզում հայտարարվել․
Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանում Նաիրի Հոխիկյանի հայցի բավարարումից հետո Դանիել Իոաննիսյանը չի բողոքարկել դատարանի վճիռը և միաժամանակ խուսափում է կատարել այն, ինչը արդեն քրեական հետապնդման հիմք է։
Հարկադիր կատարման ծառայության ծառայողները դատարանի դիմումի հիման վրա այցելել են Դանիել Իոաննիսյանի գրանցման հասցե, որտեղ նրանց դիմավորել են ինչ-որ մարդիկ՝ նշելով, թե այնտեղ վերանորոգում է, իսկ իրենք չգիտեն, թե ում տունն են նորոգում, չեն ճանաչում Դանիել Իոաննիսյանին։
Միաժամանակ նույն հասցեով դատարանի և հարկադիր կատարման ծառայության ուղարկած նամակները ստացել է Դանիել Իոաննիսյանը, հետևաբար ունեցել է բոլոր ծանուցագրերը, սակայն փաստացի անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել դատարանի նկատմամբ։
Փաստաբան Լուսինե Վիրաբյանն ասում է, որ սրան հետևելու է Դանիել Իոաննիսյանի գույքի և անձի հետախուզում, քանի որ նա փաստորեն թաքնվում է դատարանից և հարկադիր կատարման ծառայությունից։
Հիշեցնեմ, որ զրպարտության և վիրավորանքի համար Երևան քաղաքի դատարանը 2023թ․ ապրիլի 25-ին վճռել էր բավարարել Նաիրի Հոխիկյանի հայցը և պարտավորեցնել, որ Դանիել Իոաննիսյանը ներողություն խնդրի Նաիրի Հոխիկյանից և վճարի 204․000 դրամ։
Դատարանի այս վճիռը մինչև այսօր անկատար է մնում Նիկոլ Փաշինյանի մտերիմ, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանի կողմից»։
Տվյալ հրապարակումը ընկալելով որպես պատվին և արժանապատվությանը պատճառված վնաս՝ Դանիել Իոաննիսյանը հայց է ներկայացրել դատարան և միաժամանակ հայցի ապահովման միջոցի կիրառման միջնորդություն ներկայացրել 6 մլն դրամի չափով, ինչը անմիջապես բավարարվել է դատավոր Աննա Շիլաջյանի կողմից։ Փաստորեն Իոաննիսյանը վիրավորվել է իրերն իրենց անուններով կոչելու և օրենքի նորմը փաստաբանի կողմից մեկնաբանելու հանգամանքից, ուստի ցանկացած անձ, ով չի կատարում կամ դժվարեցնում է դատական ակտի կատարումը, ենթակա է քրեական պատասխանատվության՝ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի։
Լուսինե Վիրաբյանը և Նաիրի Հոխիկյանը համարում են, որ սա քաղաքական բացահայտ հետապնդում է, մանավանդ որ Հոխիկյանի դեմ ուղղված Իոաննիսյանի ֆեյսբուքյան հրապարակումներին պարբերաբար հավանության նշան, լայք է դնում անձամբ արդարադատության նախարարը՝ այդկերպ առերևույթ ի պաշտոնե արտահայտելով իր հովանավորչությունը Իոաննիսյանին։
Դատավոր Աննա Շիլաջյանը, ով ընդամենը 2023թ․ մայիսի 8-ին է նշանակվել դատավոր, թույլ է տվել անձի սեփականության իրավունքի նկատմամբ կոպիտ խախտում՝ արգելանք դնելով փաստաբան Լուսինե Վիրաբյանի և հանրային գործիչ, լրագրող Նաիրի Հոխիկյանի բանկային հաշիվների և գույքի վրա։
Առհասարակ, նման ապահովման միջոց կիրառվում է այն ժամանակ, երբ կա հիմնավոր ապացույց, որ պատասխանողը կարող է չկատարել դատական անտը կամ դժվարեցնել դրա կատարումը։
Տվյալ պարագայում հրապարակումը, որը հիմք է դարձել հայցի համար, կատարվել է այն փաստից հետո, երբ Իոաննիսյանը փաստացի չի կատարել դատական ակտը։ Նույն անձը, ձևավորելով դատական ակտը կատարելուց խուսափելու արատավոր պրակտիկա, միջնորդում է դատարանին կիրառել հայցի ապահովման միջոց այն անձանց նկատմամբ, ովքեր ունեն հանրային բարձր հեղինակություն և իրավագիտակցություն, և չկա որևէ ապացույց, որ վերջիններս կխուսափեն ենթադրյալ դատական ակտ կատարելուց։
Մենք համոզված ենք, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող գործչի և փաստաբանի նկատմամբ հովանավորված գործընթացը փորձ է մեզ լռեցնելու, սակայն այս փորձը նույնպես տապալվելու է, քանզի հայցը սին է ու դատարկ։ Միևնույն ժամանակ այս շինծու հայցը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Իոաննիսյանը շատ ծանր է տարել նախորդ գործով պարտությունն ու չի հաշտվում հրապարակավ ներողություն խնդրելու և հերքում տարածելու իրողության հետ։
Լուսինե Վիրաբյան
Նաիրի Հոխիկյան
17․08․2023