կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-07 12:00
Հասարակություն

Պետպատվեր տրամադրելիս բուժհաստատություններն ունենալու են հավասար պայմաններ. Թորոսյան

Պետպատվեր տրամադրելիս բուժհաստատություններն ունենալու  են հավասար պայմաններ. Թորոսյան

2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ նախարարությունը փոխելու է բուժհաստատություններին պետպատվերի գումարների տրամադրման եղանակները:

ԱԺ «Ելք» խմբայկցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքրվեց. «Անցյալում տարվա սկզբի համար նախատեսված է եղել այս կամ այն բուժհաստատությանը հատկացնել պետպատվերի համար որոշակի գումար, Դուք պահպանելո՞ւ եք այս սկզբունքը, թե՞ այլ մոտեցում եք ցուցաբերելու»:

Թորոսյանը պատասխանեց, որ, այո, պետպատվերի բաշխման սկզբունքը դա է եղել, և այդ գումարները տրամադրելու պայմանագրերը կնքվել են բուժհաստատությունների հետ տարվա սկզբին` տարբեր սկզբունքների հիման վրա: «Հիմնական սկզբունքը, որը մինչև հիմա գործել է, նախորդ տարվա գումարներն են եղել` պլյուս մինուս մի քանի տոկոս»,- ասաց նա:

Թորոսյանը նշեց, որ նախարարությունը պատրաստվում է պետպատվերի գումարների տրամադրման տրամաբանությունը փոխել: «Մենք այդ տրամադրվող գումարը կապելու ենք որոշ ծառայությունների գծով գումարների չափի հետ` նմանատիպ ծառայությունների գծով վճարովի ծառայությունների հետ, որովհետև վճարովի ծառայությունների թիվը այս կամ այն բուժհաստատության որակի ցուցիչ է: Չի ստացվելու այնպես, որ բուժհաստատություններն ունենան անհավասար պայմաններ պետական միջոցներից օգտվելու հարցում: Հնարավոր է, որ պայմանագրերը կնքվեն ոչ թե մեկ տարով, այլ կարճատև և տարվա ընթացքում վերանայվեն` կապված այդ բուժհաստատությունների վճարովի ծառայությունների հետ: Իհարկե, հիմնականում դրանք կվերաբերեն սոցիալապես անապահով անձանց և հավանաբար զինծառայողներին մատուցվող ծառայություններին»,- ասաց նա և հավելեց, որ նաև կիրառվելու է սպասարկվող բնակչության թվի սկզբունքը: Օրինակ` մարզային բուժհաստատությունների դեպքում, քանի որ մարզերում փաստացի մրցակցություն չկա, և հիմնականում մեկ բուժհիմնարկ է, նրանց տրվող միջոցները որոշվելու են բնակչության թվով: «Այս տարի վերաբաշխման ժամանակ այդ սկզբունքն արդեն կիրառել ենք և ապակենտրոնացված վերաբաշխում արել, հիմնականում` Երևանից դեպի մարզեր, ինչը թույլ է տալիս մարզերի բնակիչներին ծառայություն ստանալ հենց տեղերում»,- եզրափակեց Թորոսյանը: