կարևոր
1270 դիտում, 4 ամիս առաջ - 2023-12-12 13:31
Քաղաքական

Զինվորական ծառայությունը պետք է ապահովի հավասար պայմաններ բոլորի համար․ Սեյրան Օհանյան

Այս նախագծի վերաբերյալ աշխատելու տեղ կա, մեր պատգամավորներն ակտիվ կմասնակցեն դրան․ այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝  անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթին։

Նրա խոսքով՝ եթե այս նախագիծն ընդունվեր նախկինում, միգուցե ընդունելի լիներ, քանի որ այն որոշակի հարցեր կարգավորում է։ Բայց այս ռազմաքաղաքական իրավիճակի պայմաններում պետք է այլ որոշումներ ընդունվեն։

«Զինվորական ծառայությունը պարտականությունից բացի պետք է առաքելություն լինի և ապահովի հավասար պայմաններ բոլորի համար»,- շեշտեց Սեյրան Օհանյանը։

Հիշեցնենք, որ նախագիծը նախատեսում է  27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ անցնելու զինվորական ծառայություն՝ միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով համապատասխան գումարներ, կամ՝ առանց զինվորական ծառայություն անցնելու, պետական բյուջե վճարելով համապատասխան գումար՝ նշված բոլոր դեպքերում ազատվելով քրական պատասխանատվությունից: 

Մասնավորապես.

Նախագծով 27-ից 37 տարեկան քաղաքացուն հնարավորություն է տրվում՝

1) զինվորական ծառայություն անցնել  24 ամիս ժամկետով,

2) զինվորական ծառայություն անցնել  12 ամիս ժամկետով և ՀՀ պետական բյուջե վճարել երկու միլիոն հինգ հարյուր հազար ՀՀ դրամ,

3) զինվորական ծառայություն անցնել  6  ամիս ժամկետով և ՀՀ պետական բյուջե վճարել հինգ միլիոն ՀՀ դրամ,

4) զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով և ՀՀ պետական բյուջե վճարել տասը միլիոն ՀՀ դրամ,

5) զինվորական ծառայության փոխարեն ՀՀ պետական բյուջե վճարել տասնհինգ  միլիոն ՀՀ դրամ»։