կարևոր
262 դիտում, 10 րոպե առաջ - 2026-11-29 11:35
Հասարակություն

Այցելած 154 տեղամասերից 25-ում արձանագրվել է թվով 29 խախտում․ «Անկախ դիտորդ»

Այցելած 154 տեղամասերից 25-ում արձանագրվել է թվով 29 խախտում․ «Անկախ դիտորդ»

«Անկախ դիտորդ» դաշինքը 2026թ․նոյեմբերի 29-ին իրականացնում է դիտորդական առաքելություն Հայաստանի Հանրապետության 12 համայքներում։

Քվեարկության օրվա դիտարկումն իրականացվում է շուրջ 110 շրջիկ դիտորդների և 10 արագ արձագանքման խմբերի միջոցով։
Ժամը 10։30-ի դրությամբ դիտորդներն այցելել են 317-ից 154 տեղամաս։

Առավոտվա նիստ

Տեղամասերի շուրջ 72%-ում առավոտյան նիստը մեկնարկել է 7։00-ին, 28% տեղամասերում այն սկսվել է ուշացմամբ՝ առավելագույնը 20 րոպե։
Բոլոր դեպքերում դա պայմանավորված է եղել հանձնաժողովի անդամների ուշացմամբ և չի ունեցել էական ազդեցություն։ 1 տեղամասում նիստը սկսվել է 06։40 և հնարավոր չի եղել դիտարկել չհրկիզվող պահարանը բացելը, սակայն որևէ ակներև խախտում չի արձանագրվել։

Տեղամասերից 7-ում արձանագրվել են խնդիրներ, որոնք սակայն չեն ազդել գործընթացի վրա։
1-ում հանձնաժողովի նախագահը չի տիրապետել գործառույթներին և չի վարել նիստը։
1-ում վիճակահանությունը չի իրականացվել սահմանված կարգով․ հանձնաժողովը պայմանավորվել էր գործառույթների բաշխման հերթականության վերաբերյալ, այնուհետև ձևական վիճակահանություն իրականացրել, սակայն գրանցել նախնական համաձայնությամբ ամրագրված հերթականությունը։
Եւս 1 տեղամասում հանձնաժողովը արգելել է դիտորդին ծանոթանալ գրանցամատյանում տեղեկատվության հետ, սակայն խախտումը վերացվել է։
Բոլոր դիտարկված տեղամասերում տպվել և պատշաճ փակցվել է գրանցամատյանում ընտրողների բացակայության վերաբերյալ 0-ական տեղեկանքը։
Նիստի ընթացքում դիտարկված տեղամասերից 16-ում արձանագրվել են կահավորանքի խնդիրներ, որոնցից
2-ը կարող է վտանգել ընտրողի քվեարկության գաղտնիությունը,
7-ում անբավարար է եղել քվեարկության խցիկի հատվածում լուսավորությունը, ինչը երեկոյան ժամերին կարող է հանգեցնել ակամա բաց քվեարկության դեպքերի։
2 տեղամասերում դիտորդների գնահատմամբ սենյակային ջերմաստիճանը անբավարար ցածր է հանձնաժողովի աշխատանքի կազմակերպման համար։
Իրազեկման նյութերը, քվեաթերթիկի նմուշը բացակայել են 3 տեղամասերում։
Հանձնաժողովի նիստերին վստահված անձինք ներկա են եղել տեղամասերի ընդամենը 58%-ում, իսկ 2 կուսակցությունների վստահված անձինք միայն 34%-ում։
Նիստերը ավարտվել մինչև ժամը 8։00 դիտարկված բոլոր տեղամասերում։

Դիտարկումներ 10։30 դրությամբ

Տեղամասային կենտրոնների հետ կապված

Ժամը 8։00-ից քվեարկության ընթացքում դիտորդները այցելել են 154 տեղամասային կենտրոն։ Մատչելիության գնահատման տեսանկյունից դիտարկված տեղամասերի 40%-ում դիտորդներն արձանագրել են, որ տեղամասային կենտրոնի մուտքի մոտ կան խոչընդոտներ։
Տեղամասային կենտրոնների 44%-ը գնահատվել է անմատչելի։

Դիտարկված տեղամասային կենտրոնների 7%-ում քվեարկության սենյակը գտնվել է 2-րդ հարկում:
Հիշեցնենք, որ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները իրավունք ունեն համայնքների ղեկավարներից պահանջել փոխել տեղամասային կենտրոնի համար հատկացված շինությունը կամ վարձակալել այլ շինություն՝ առավելագույն մատչելիություն և աշխատանքային բավարար պայմաններ ապահովելու նպատակով։
Դիտարկված տեղամասերից 34-ում սենյակային ջերմաստիճանը անբավար ցածր է գնահատվել դիտորդի կողմից, իսկ 14-ում բացակայել է սանհանգույցը կամ հասանելի չի եղել։
Դիտորդի կողմից արձանագրվող խնդիրների, խախտումների բացարձակ մեծամասնությունը հանձնաժողովները պատրաստակամություն են հայտնել վերացնել։
Դիտարկման պահին տեղամասերի 53%-ում ներկա են եղել վստահված անձինք, սակայն միայն 28% դեպքերում են ներկայացված եղել 1-ից ավել կուսակցությունները։

Հիշեցնենք, որ ընդամենը 3 համայնքներում է առաջադրված միայն մեկ կուսակցություն։
Նշենք, որ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները լիազորված են դիմել համայնքների ղեկավարների տեղամասային կենտրոնների շինությունները փոխելու համար, իսկ անհրաժեշտության դեպքում կարող են վարձակալել մասնավոր տարածքներ՝ մատչելիության և աշխատանոքային պայմանների նվազագույն պահանջներին բավարարելու համար։

Արձանագրված խախտումներ

Այցելած154 տեղամասերից 25-ում արձանագրվել է թվով 29 խախտում`
Ընթացակարգային բնույթի 5 աննշան խախտում,
Քվեարկության բարձրաձայնման 2 դեպք և կահավորման պատճառով քվեարկության գաղտնիության հնարավոր խախտման 3 դեպք,

Տեղամասային կենտրոնում գտնվելու իրավունք չունեցող անձանց հետ կապված 10 դեպք, որոնք հիմնականում վերաբերում են միևնույն կուսակցությունից մեկից ավելի վստահված անձանց ներկայությանը։
1 կոնֆլիկտային իրավիճակ կուսակցությունների վստահված անձանց միջև՝ վկայական չկրելու կապակցությամբ։
և մի քանի այլ ոչ էական խախտումներ

Անկախ դիտորդը ստացել է դեռևս չճշտված ահազանգ, որ որոշ բնակավայրերում համամասնական ընտրակարգով քվեարկող ընտրողներին հրահանգվել է հատուկ կերպով ծալել քվեաթերթիկը։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին հորդորում ենք հիշեցնել տեղամասային ընտրական հանձնաժողովներին, որ համամասնական ընտրակարգով քվեարկության դեպքում քվեաթերթիկը ծրարի մեջ դրվում է առանց ծալելու։ Ըստ այդմ անհրաժեշտ է ընտրողներին տեղեկացնել, որ որևէ կերպ չծալեն քվեաթերթիկը։

Դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրոպական միության, Տարածաշրջանային համագործակցության սևծովյան հիմնադրամի, Պրահայի Քաղաքացիական հասարակության կենտրոնի և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի, ինչպես նաև Նոր ժողովրդավարության հիմնադրամի և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։
Բովանդակությունը բացառապես Անկախ դիտորդ դաշինքի պատասխանատվությունն է և կարող է չհամընկնել ֆինանսավորող կողմերի տեսակետների հետ։