կարևոր
424 դիտում, 16 րոպե առաջ - 2026-11-29 13:04
Հասարակություն

Սևանի 20/04 ընտրատեղամասում քաղաքացու նոր կենսաչափական անձնագիրը չի նույնականացվել․ «Հետք»

Սևանի 20/04 ընտրատեղամասում քաղաքացու նոր կենսաչափական անձնագիրը չի նույնականացվել․ «Հետք»

Սևանի 20/04 ընտրատեղամասում քաղաքացի Արթուր Թադևոսյանի նոր կենսաչափական անձնագիրն ու նույնականացման քարտը չնույնականացվեցին․ տեխնիկական սարքը չճանաչեց անձը հաստատող փաստաթղթերը։ Այս մասին հայտնում է «Հետք»-ը:

Հանձնաժողովի նախագահ Էդվարդ Խաչատրյանը նրան ուղղորդեց դիմել անձնագրային բաժին՝ խնդիրը պարզելու համար։

Արթուր Թադևոսյանը անձը հաստատող նոր փաստաթղթերը ստացել է օրեր առաջ։

Ընտրատեղամասում ընտրություններն ընդհանուր առմամբ ընթանում են հանգիստ մթնոլորտում։ Ժամանակ առ ժամանակ ընտրողների ակտիվություն է նկատվում։ Հանձնաժողովի անդամներն ու վստահված անձինք միմյանց հետ ջերմ են շփվում, ողջունում միմյանց։ Շատերը միմյանց ճանաչում են։

Հանձնաժողովի նախագահ Էդվարդ Խաչատրյանի փոխանցմամբ՝ ժամը 11։10-ի դրությամբ գրանցված 1436 ընտրողից ընտրությանը մասնակցել է 224-ը։

Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 29-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Գեղարքունիքի մարզի Սևան խոշորացված համայնքում։

Ավագանու 25 տեղի համար պայքարում է երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Միասնական համայնք» կուսակցությունը և «Վստահություն» կուսակցությունների դաշինքը։ Ընդհանուր առմամբ առաջադրվել է 137 թեկնածու։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Սուրեն Գրիգորյանը, «Միասնական համայնք»-ինը՝ Վահրամ Գևորգյանը, իսկ «Վստահություն» դաշինքինը՝ Սարգիս Մուրադյանը։

Ընտրություններն անցկացվում են Սևան քաղաքում և խոշորացված համայնքի 11 գյուղական բնակավայրերում։ Համայնքում ընտրելու իրավունք ունի 32 791 քաղաքացի։