կարևոր
253 դիտում, 10 րոպե առաջ - 2026-11-29 13:22
Հասարակություն

Նոր կենսաչափական փաստաթղթերի ճանաչման հետ ընտրատեղամասերում տեխնիկական խնդիր չկա. պարզաբանում

Նոր կենսաչափական փաստաթղթերի ճանաչման հետ ընտրատեղամասերում տեխնիկական խնդիր չկա. պարզաբանում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որևէ ընտրատեղամասում առկա չէ տեխնիկական խնդիր, որի հետևանքով սարքերը չեն ճանաչում նոր կենսաչափական անձնագրերը կամ նույնականացման քարտերը։ Այս մասին հայտարարում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։

«Նոր կենսաչափական փաստաթղթով անձինք չեն կարողացել քվեարկել բացառապես այն դեպքում, երբ ընտրողը ընտրողների ցուցակում ընդգրկված է եղել իր նախկին՝ հին անձը հաստատող փաստաթղթի տվյալներով, սակայն քվեարկության ներկայանում է նոր փաստաթղթով։

Նման իրավիճակում ընտրողը պետք է դիմի Միգրացիայի և քաղաքացիության ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանում՝ ստանալու տեղեկանք, որը կհաստատի, որ նախկին փաստաթղթի տվյալներով ընտրողների ցուցակում ընդգրկված անձին տրամադրվել է նոր անձը հաստատող փաստաթուղթ։

Տեղեկացնում ենք, որ անձը հաստատող կենսաչափական փաստաթղթերի ձևանմուշները նախապես պատշաճ կերպով մատակարարվել են հանրապետության տարբեր իրավասու մարմիններ, այդ թվում՝ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պատշաճ փորձարկումների և սարգավորումների կարգաբերման համար։

Այսպիսով, խնդիրը կապված չէ ընտրատեղամասերում առկա սարքերի աշխատանքի կամ նոր կենսաչափական փաստաթղթերի ճանաչման հետ, այլ ընտրողների ցուցակում առկա տվյալների և ներկայացված փաստաթղթի տվյալների անհամապատասխանության հետ»,- ասվում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածած պարզաբանման մեջ.

Հիշեցնենք՝ ավելի վաղ «Հետք»-ը հայտնել էր, որ Սևանի 20/04 ընտրատեղամասում քաղաքացու նոր կենսաչափական անձնագիրը չի նույնականացվել։