Փոխարժեքներ
19 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.97 |
EUR | ⚊ | € 410.79 |
RUB | ⚊ | ₽ 3.89 |
GBP | ⚊ | £ 491.54 |
GEL | ⚊ | ₾ 142.35 |
Ակնհայտ է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում Արցախի հարցը լինելու է ամենաառանցքային հարցերից մեկը, և հաջողություն ակնկալող որևէ քաղաքական ուժ չի կարողանա շրջանցել այն: Ղարաբաղի` թվացյալ նիրհում հայտնված հարցը կրկին «արդիականացավ» նախ` Փաշինյան-Ալիև «պատահական» շփումի, ապա նաև ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների, մեղմ ասած, աղմկահարույց հայտարարություններից հետո: Հուսադրող ոչինչ չկա այս ամենում, եթե հաշվի չառնենք Փաշինյանի կողմից քանիցս հնչեցված միտքը, որ Արցախի հարցը ոչ ոք չի կարող լուծել առանց հայ ժողովրդի կամքը հաշվի առնելու: Հավաստիացումը` հավաստիացում, բայց այս թեմայով Փաշինյանի հայտարարությունները, որքանով ընկալում եմ ես` լեզվաբանս, մտորելու տեղիք են տալիս և դուռ բացում զանազան մեկնաբանությունների համար, որոնք այնքան էլ միանշանակ չեն:
Նկատելի է, օրինակ, որ Փաշինյանը խուսափում է «փոխզիջում» բառից, մինչդեռ Արցախի հարցի կարգավորման մեջ դա այն առավելագույն սահմանն է, որին մենք կարող ենք համաձայնել կամ չհամաձայնել` տվյալ փոխզիջումը համարելով արդար կամ` անարդար: Փաշինյանի շուրթերից մենք չենք լսել նաև «ազատագրված» և «հայկական» տարածքներ հասկացությունների մերձեցման կամ, որ ավելի ցանկալի կլիներ, դրանց նույնացման որևէ արտահայտություն: Սա ինչի՞ մասին է խոսում: Ի վերջո չի կարելի վրդովվել, Ալիևի`Երևանը գրավելու հոխորտանքից, բայց աչք փակել ազատագրված հայկական տարածքները «հետ նվաճելու» նրա նկրտումների վրա:
«Սահմանը փակ է Թուրքիայի կողմից և փակ է Ղարաբաղյան հակամարտության պատճառով, և դա վատ քաղաքականություն է, որովհետև եթե որևէ մեկը հույս ունի, որ Արցախի կամ Հայաստանի ժողովրդին հարկադրանքի և սպառնալիքի ճանապարհով կարող է մղել Ղարաբաղի հարցի կարգավորման այս կամ այն տարբերակին, սխալվում է»,- ԱԺ-ում, պատասխանելով ՀՅԴ պատգամավոր Ռուզան Առաքելյանի հարցին, հայտարարել է Փաշինյանը: Խոսքն այստեղ Թուրքիայի մասին է, իհարկե, բայց «որևէ մեկը» էր Հայաստանում ԱՄՆ շրջանավարտ դեսպան Ռիչարդ Միլսը, որը բացահայտ հայտարարեց, թե առանց «գրավյալ» տարածքները Ադրբեջանին վերադարձնելու, խաղաղություն չի կարող լինել: Երանի, թե Փաշինյանը համարժեք ձևակերպումներով արձագանքեր Միլսին և չբավարարվեր նրա հայտարարությունը հեռացող դեսպանի հայտարարություն որակելով:
Փաշինյանի ոգևորությունը վարակիչ է, երբ ասում է. « Այո, մենք պատրաստ ենք հարցի կարգավորման շուրջ բանակցային գործընթացի, բայց բացառում եմ, որ մեր կառավարությունը կամ մեր ժողովուրդը հարկադրանքի, սպառնալիքի, շրջափակումների գործադրմամբ կարող է որևէ քայլ անել: Ընդհակառակը` մենք այդ պայմանների գործադրմամբ ավելի կամրանանք, ավելի կամրապնդվենք և, ի վերջո, կհասնենք մեր ազգային նպատակներին»: Ոշադրություն դարձրեք` «փոխզիջումներ», «ազատագրված տարածքներ» ձևակերպումների բացակայությանը: Փոխարենը` «Ղարաբաղի հարցի կարգավորման այս կամ այն տարբերակ», «որևէ քայլ» ոչինչ չասող արտահայտություններ է գործածում Փաշինյանը, որոնք, ըստ էության, ավելի են ընդգծում այս հարցում նրա` ինչ-որ տեղ անորոշ կեցվածքը:
Փաշինյանն, այո, կարողանում է խոսքով հերոսական կեցվածքներ ընդունել: Բայց նույնիսկ ամենամերկապարանոց խոսքն էլ պետք է բովանդակություն ունենա, որոշակի ասելիք պարունակի իր մեջ: Երբ նա հայտարարում է. «Ոչ ոք չի կարող մեզ (կառավարությանը և ժողովրդին) ուժով պարտադրել որևէ քայլ անել», ստացվում է, որ կան ժողովուրդներ, որոնց կարելի է որևէ բան պարտադրել, իսկ մեզ` ոչ, որովհետև մենք ուրիշ ենք: Ժամանակակից աշխարհում վաղուց է, շատ բան պարտադրվում է ոչ բացահայտ կերպով: Ստեղծվել են ժողովրդավարության բազմաթիվ ինստիտուտներ, որոնց միջոցով էլ «պարտադրանքներն» աստիճանաբար, հաճախ նույնիսկ աննկատ, իրականություն են դառնում:
Չէի ցանկանա այստեղ խոսել հետհեղափոխական Հայաստանում մարդու իրավունքների անվան տակ աշխուժացած զանազան անցանկալի խլրտումների մասին, բայց դրանք էլ մարտահրավերներ են, որոնք «սիրաշահելով» պարտադրվում են մեզ: Իսկ ի՞նչ տարբերություն, թե ինչ են պարտադրում`ավանդական ընտանիքի քայքայո՞ւմ, երիտասարդ սերնդի այլասերո՞ւմ, ազգային եկեղեցու հիմքերի ոչնչացո՞ւմ, թմրանյութերի գործածության օրինականացո՞ւմ, թե՞ Ղարաբաղի հարցի «կարգավորման» որևէ անընդունելի տարբերակ: Ավելին ասեմ`արդյոք, վերը թվարկված անցանկալի երևույթները չե՞ն նպաստում Ղարաբաղի հարցում «մեզ որևէ քայլ պարտադրելուն»:
Փաշինյանի հայտարարություններում, այդ թվում և Արցախի խնդրի կարգավորմանը վերաբերվող, կարմիր թելի պես անցնում է «միայն ժողովուրդը կարող է լուծել» արտահայտությունը: Ես ո՞վ եմ, որ Ղարաբաղի հարց լուծեմ` ասում է Փաշինյանը: Ավագ գործընկերներիցս մեկը կասեր` իրեն նսեմացնելով ժողովրդին է վսեմացնում: Դա լավ գիծ է, իհարկե, բայց և չպետք է մոռանալ, որ արտաքին քաղաքականություն իրականացնողը ժողովուրդը չէ, որ ժողովուրդը չունի տեղեկացվածության այնպիսի մակարդակ, որ հաշված վայրկյանների ընթացքում որոշումներ կայացնի: Դրա համար կա արտաքին գործերի նախարարություն և արտաքին քաղաքականության պատասխանատու, որոնք պարտավոր են նախևառաջ սեփական կարծիքն ու համոզմունքն ունենալ այս կամ այն հարցի կարգավորման հետ կապված: Կներեք, բայց մենք այդպիսի կարծիք ու համոզմունք չենք տեսնում Փաշինյանի գեղեցիկ հայտարարություններում:
Էդիկ Անդրեասյան