կարևոր
1288 դիտում, 3 ժամ առաջ - 2025-07-12 11:14
Քաղաքական

Չշտապեմ, բայց Փաշինյանի հակաեկեղեցական քաղաքականության ձախողումն արդեն ակներև է. քաղաքագետ

Չշտապեմ, բայց Փաշինյանի հակաեկեղեցական քաղաքականության ձախողումն արդեն ակներև է. քաղաքագետ

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է․

«Կամ Կաթողիկոսն է լքում իր աթոռը կամ Վարչապետը իր աթոռը, եթե չկարողանա նրան ստիպել դա անել:

Քաղաքականության մեջ կա հասկացություն, որը կոչվում է քաղաքական թայմինգ: Սա որևէ գործողության, ծրագրի իրագործման ճիշտ և պատեհ ժամանակի ընտրությունն է, որը կրկնակի կամ եռակի բարձրացնում է քաղաքական գործընթացի էֆեկտիվությունը թայմինգի ճիշտ կիրառման ժամանակ, քան դրա իգնորը և սպասումը:

Այսօր Հայաստանում ձևավորված քաղաքական եղանակը, որը ձևավորվել է Փաշինյանի կողմից ունի բեկման և կասեցման քաղաքական ճիշտ կիրառման աննախադեպ հնարավորություններ: Այդ հնարավորության անունն է՝ թույլ չտալ ավտորիտարիզմի ճանապարհը բռնած Փաշինյանին ավարտել այդ ռեժիմի կառուցումը, որովհետև հետո դա անելը շատ ավելի դժվար է լինելու: Բազմիցս նշել եմ, որ նա անհրաժեշտ քաղաքական ռեսուրսների հավաքագրման և դրանց կիրառման այլ ճանապարհ այլևս հենց իր համար չի թողել: Այդ ճանապարհին օրենքի և իրավունքի գերակայությունը, պետության իրավական բնույթը, սահմանադրականությունը, իշխանության թևերի տարանջատումը այլևս դառնում են խոչընդոտներ իր վոլյունտարիզմի համար: Էսպես է ձևավորվում ավտորիտարիզմը:

Քաղաքական թայմինգը և պլամավորումը ենթադրում է ոչ թե գտնվել մշտական պաշտպանության մեջ այլ ճիշտ ժամանակին արդյունքին միտված հարձակման մեջ: Սա է ավտորիտարիզմը կանխելու մարտավարություններից մեկը: Հակաավտորիտարիստ լինելը ևս մեկ կոնտրաստ է, որը կարող հանրային կոնսոլիդացիոն ռեսուրսի հավաքագրման մեկնարկ դառնալ զրկելով նրան «նախկիններ», «թալանչիներ», «կոռուպցիոներներ», «ռևանշիստներ», «պատերազմ ուզողներ» որակումներից իրեն հակադիր քաղաքական ակտորների և հանրային դերակատարների նկատմամբ: Հասկանալի է, որ այս էպիտետները շուրջ յոթ տարի բացասական քարոզչական ֆոն ստեղծելու համար օգտագործվել են անխնա և մաշվել: Սա է պատճառը, որ հիմա էլ նոր՝ «ահաբեկիչներ» որակումն է դրվել քարոզչական շրջանառության մեջ:

Չշտապեմ, բայց Փաշինյանի հակաեկեղեցական քաղաքականության ձախողումն արդեն ակներև է: Նույնիսկ, եթե նա ճարահատյալ գնա ռադիկալ քայլերի՝ դրանք լայն իմաստով դատապարտված են անհաջողության: Շուրջ մեկ ամիս է նա հող է նախապատրաստում վճռական հարվածի համար, բայց այդ հարվածի վճռականությանը չի գնում խուսափելով և ծանրութեթև անելով հետևանքները:

Հետևողական կերպով տարվող քարոզչական արշավը ուղղված Հայ Առաքելական Եկեղեցու հեղինակազրկմանն ու ապաբովանդակայնացմանը սոլիդ քաղաքական վնաս է հասցրել իշխանություններին։ Այս գործընթացն ունի համակարգային բնույթ և ուղղված է ոչ միայն հոգևոր ինստիտուտի դեմ, այլ՝ ազգային ինքնության, պատմական հիշողության ու համազգային ինստիտուցիոնալ միասնականության դեմ, ինչի շահառուները հենց այս հարձակման պատվիրատուներն են, իսկ դա անողը ունի մեկ շահ՝ գնալ դրան իր բաղձալի «վերարտադրության-խաղաղության թուղթը» ստանալու համար:

Իշխանությունը փորձեց ձևավորել հանրային ընկալում, ըստ որի՝ Եկեղեցին քաղաքական խանգարիչ է հասարակական առաջընթացին, խաղաղությանը խոչընդոտող քաղաքականացված կառույց։ Սակայն այս գաղափարական ճակատամարտում Փաշինյանը բախվեց լայն դիմադրության, որը ձևավորվեց, ինչպես հասարակական լայն շերտերում, այնպես էլ քաղաքական ու հոգևոր շրջանակներում։ Այս ձախողումը կարևոր վկայություն է, որ հայ հասարակությունը ոչ թե բացարձակ այլ որակյալ մեծամասնության մեջ պահպանել է իր հոգևոր ,մշակութային իմունիտետը՝ ընդդեմ դրանք ծայրահեղ վուլգար կերպով արմատախիլ անել փորձողների:

Այստեղ գալիս է քաղաքական թայմինգի պահը, երբ անհրաժեշտ է անցնել պաշտպանությունից դեպի ռազմավարական նախաձեռնություն՝ հարձակում ավտորիտարիզմի վրա կանխելով դրա խորացումը:

Ներկա փուլում ընդդիմադիր քաղաքական դաշտի գլխավոր մարտահրավերն այլևս միայն պաշտպանողական դիրքորոշման մեջ մնալը չէ։ Քանի որ հակաեկեղեցական արշավն արդեն իսկ հարված է կրել, կուզեք կոչեք ընդդիմության, կուզեք կոչեք հակաիշխանականների կուզեք կոչեք պահպանողական հակաավտորիտարիստների, կուզեք կոչեք իրական ժողովրդավարների առջև բացել է լայն հնարավորություն՝ անցնելու գաղափարական, արժեքային, քաղաքական և պրակտիկ հարձակման։

Այլ կերպ ասած՝ իշխանության ծրագրի ձախողումը կարող է և պետք է դառնա ընդդիմադիր օրակարգ ձևավորելու հանգուցային կետ։

Անհրաժեշտ է փոխել մոդելը․

1. Դուրս գալ Փաշինյանի գործողություններին միայն արձագանքելու և պաշտպանողական ռեժիմից։

2. Առաջ մղել արժեքահենք, գաղափարական ու հանրային վստահություն ներշնչող քաղաքական ռազմավարություն։ Կուզեք դա կոչեք հակաավտորիտարիզմ, կուզեք կոչեք ազատագրում, բայց միայն դիմադրելով այլս խնդիրը չի լուծվում:

Իշխանության մանիպուլյատիվ մեխանիզմներին արձագանքելն այլևս բավարար չէ։ Պետք է կառուցել պահպանողական հակաավտորիտար հարձակողական քարոզ՝ ամրացրած ազգային ինքնության, հոգևոր արժեքների և ինքնիշխանության շուրջ։

Հակաեկեղեցական քաղաքականության ճակատում կրած պարտությունը ցույց է տալիս Փաշինյանի իշխանության սահմանափակ աջակցությունը այն հիմնարար ոլորտներում, որոնք ձևավորում են ազգային համախմբվածության հիմքը։ Սա պահպանողական հակաավտորիտարիստների համար ոչ միայն հնարավոր հաղթանակի նախանշան է, այլ՝ գործողությունների մեկնակետ։

Կրկին, քաղաքական օրակարգը չպետք է սահմանափակվի իշխանության ձախողումների պերմանենտ արձանագրմամբ և վերջ։ Այն պետք է վերածվի գաղափարական նախաձեռնության՝ խորքային հասարակական կապեր վերականգնելու, արժեքային բևեռ ձևավորելու, նախահարձակ ազգային ինստիտուտներին պաշտպան կանգնելու և դրանց շուրջ քաղաքական հաղթական առաջարկների շուրջ։

P.S. Քաղաքական խաղը շուռ տալու լուրջ հնարավորություններ կան:

Այլևս պերմանենտ մարտահրավերներ պետք է նետել և հետևողականորեն գնալ դրանց հետևից ոչ թե պերմանենտ մարտահրավերներ ընդունել և պաշտպանվել: Քաղաքական թայմինգից կամ կօգտվենք մենք կամ նա: Կամ Կաթողիկոսն է լքում իր աթոռը կամ Վարչապետը իր աթոռը, եթե չկարողանա նրան ստիպել դա անել:

ՎԵՐՋՆԱԽԱՂ»։